Հայաստանի Կենտրոնական բանկը «Կենդանակերպի նշաններ» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակներում թողարկել է կենդանակերպի նշաններից՝ Կույսի պատկերով արծաթե հուշադրամ: Այս մասին տեղեկացնում է ԿԲ մամուլի ծառայությունը: Հուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված է Հայաստանի զինանշանը, որից ներքեւ շրջանագծով հայերեն եւ անգլերեն անվանական արժեքի մակագրությունն է` «DRAM 100 ԴՐԱՄ»: Զինանշանից վերեւ նշված է թողարկման տարեթիվը` 2008: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Նշված շրջանագծի եւ եզրաշուրթի միջեւ առկա է երկրորդ գծավոր շրջանագիծը: Երկու շրջանագծերի միջեւ դաշտը բաժանված է տասներկու հավասար մասերի, որոնցում պատկերված են կենդանակերպի նշանների խորհրդանիշերը: Եզրաշուրթի մոտ վերեւում՝ հայերեն, իսկ ներքեւում՝ անգլերեն շրջանագծով մակագրված է համապատասխանաբար` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» եւ «REPUBLIC OF ARMENIA»: Իսկ հուշադրամի դարձերեսի կենտրոնում աստղային երկնքի ֆոնի վրա Կույսի պատկերն է: Պատկերից վերեւ, ձախ մասում առկա է նարնջագույն ցիրկոնով ձեւավորված աստղ: Ներքեւի աջ մասում պատկերված է Կույսի կենդանակերպի նշանի խորհրդանիշը: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Հուշադրամը դրվագվել է Լեհաստանի դրամահատարանում, որի ուրվագծերի հեղինակը Ու. Վալեժակն է: Հուշադրամի տպաքանակը 12.000 հատ է, բնութագիրը` 925,0 հարգի արծաթ, 28,28 գ զանգվածով եւ 38,61 մմ տրամագծով: