Սագան ավարտվեց

22/06/2008

Երեկ Ստրասբուրգում հրապարակվել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հայտարարությունը` «Ա1+» հեռուստաընկերության գործով Եվրոդատարանի վճռի կապակցությամբ: Մասնավորապես` Թ. Դեւիսը դատարանի վճիռն անվանել է «խոսքի ազատության հաղթանակ»: «Հեռուստատեսությունը լուրջ ազդեցություն ունեցող լրատվամիջոց է: Կարգավորիչ մարմինների որոշումները` շնորհել, մերժել կամ հետ վերցնել հեռարձակման արտոնագրերը, կարող են անմիջական ազդեցություն ունենալ խոսքի ազատության վրա եւ հետեւաբար` ժողովրդավարության գործունեության վրա: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը վերջակետ է դնում Հայաստանի իշխանությունների կողմից «Ա1+» հեռուստաընկերությանը հեռարձակման արտոնագիր տրամադրել հրաժարվելու երկարատեւ սագային: Վճիռը կայացվեց այն բանից հետո, երբ Եվրոպայի խորհրդի տարբեր մարմինների բազմաթիվ կոչերն անտեսվել էին Հայաստանի իշխանությունների կողմից: Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետություններն իրավական պարտավորություն ունեն ենթարկվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին: Նրանք դա պետք է անեն առանց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից իրենց պարտավորությունների մասին հիշեցումների»,- ասված է հայտարարությունում: