Ազատությունը կիսատ չի լինում

22/06/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Բոլոր փաստերը գալիս են վկայելու, որ Հայաստանում իրադրությունն, ըստ էության, չի փոխվել, որովհետեւ մեզ առաջարկված բարեփոխումները յուրատեսակ պահանջ են՝ վերադառնալ ելման դրությանը թե՛ հանրահավաքների օրենքի առումով, եւ թե՛ կալանավորվածների առումով: Այս իմաստով արված են կիսաքայլեր` իմիտացիոն քայլեր: Ազատությունը կիսատ չի լինում: Ազատությունը լինում է ամբողջական, կամ չի լինում»,- երեկ «Հայելի» ակումբում ՀՅԴ նախկին անդամ Ռուբեն Հակոբյանի հետ բանավեճի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը:

«Իշխանությունը փորձում է ամեն ինչ անել` Եվրոպական խորհրդին ասելով` տեսեք, մենք ձեր բանաձեւն իրականացրել ենք: Ընդդիմության մի մասն ասում է՝ տեսեք, սիրելի եվրոպացիներ, իշխանությունը ոչինչ չի արել, մնացել է նույնը, եւ ձեր ասելիքը պետք է: Արանքում այս ընթացքում բավականին լարված մթնոլորտը լիցքաթափելու ժողովրդի ակնկալիքը պատասխան չի ստանում: Երկու բեւեռների կողմից էլ որոշակի իմիտացիոն քայլեր են ձեռնարկվում Եվրոպային ապացուցելուն կամ այոն, կամ ոչը»,- գնահատելով ներկա իրավիճակը` իր հերթին ասաց Ռուբեն Հակոբյանը:

Ա.Սահակյանի համոզմամբ՝ Ազգային ժողովում ստեղծված մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովը չի կարող իրականացնել վստահելի ու անկախ քննություն: «Դա իշխանության հանձնաժողովն է լինելու, եւ որոշ ժամանակ հետո դրա նպատակը լինելու է արդարացնել իշխանության քայլերը որոշ բառակապակցությունների խառնաշփոթով: Հայաստանը սպասվող ԵԽ ԽՎ քննարկումից հետո կհայտնվի նույն վիճակում, ինչ դրանից առաջ էր: Այս իշխանությունները մեզ պարտադրում են երկար ու տառապալից ճանապարհ անցնել ամենատարրական դեմոկրատական ազատությունները երաշխավորելու եւ իրականացնելու հնարավորությունների առումով»,- համոզված է ԱԺ նախկին փոխխոսնակը: «Հայաստանում քաղաքական դաշտը բաժանված է երկու բեւեռի: Մեկում իշխանությունն է` նախագահի գլխավորությամբ, որը գործում է կոշտ ավտորիտար համակարգով, որն արմատական մոտեցում ունի իշխանությունը չհանձնելու համար: Հակառակ բեւեռում նախկին իշխանությունն է, որը հանդես է գալիս տոտալիտար ընդդիմության դիրքերից: Նա նույնպես արմատական է տրամադրված՝ շուտափույթ վերցնել իշխանությունն ամեն գնով, եւ խանդոտ է վերաբերվում այլ առաջ եկող ընդդիմությանը: Եթե շարունակվի այս հակադրությունը, պետությունը կանգնելու է նոր փորձությունների առաջ»,- հայտարարեց Ռ.Հակոբյանը, ինչին ի պատասխան՝ Ա. Սահակյանն ասաց. «Երրորդ ուժ չկա, հանգուցալուծումը լինելու է այս երկու ճամբարների առճակատման մեջ»: Բանախոսները երեկ անդրադարձան բազմաթիվ հարցերի, եւ, եթե Ա.Սահակյանը սուր քննադատության էր ենթարկում իշխանություններին, ապա Ռ.Հակոբյանի կարծիքով՝ այս իշխանությունները նախկինների շարունակությունն են եւ շարունակում են գործել նախկինների թույլ տված սխալները: «Միայն կենցաղային վեճերով կարելի է ասել` «բա դո՞ւ»: Եկեք խոսենք կոնկրետ պարտականությունների մասին, եկեք խոսենք այն մասին, որ մարդն, իբրեւ էակ, մշտապես ձգտում է պրոգրեսի, եւ նրան անընդհատ ետ տանել հինգ, տասը, տասներկու տարվա իրադարձությունները, դա շատ վատ, արատավոր ճանապարհ է: Մենք ուզում ենք այսօր ավելի լավ ընտրություն, քան

1996-ին էր, մենք վաղն ուզում ենք ավելի լավ Հայաստան, քան 20 տարի առաջվա Հայաստանն էր»,- կրկին հակադարձեց Ա. Սահակյանը: Բնականաբար, նրանք անդրադարձան իշխանության եւ ընդդիմության միջեւ երկար չարչրկված երկխոսության թեմային: «Ուրեմն մեկի աղջկան բռնությամբ, ծեծի ենթարկելով, եղբայրներին ու տան տղամարդկանց նվաստացնելով, մի երկուսին էլ սպանելով` փախցնում են, մի քանի օր հետո հորը հրավիրում են, թե՝ արի, աղջկադ հարսանիքին մասնակցի: Եվ մեղադրում են այդ մարդուն, որ չի գալիս: Մենք այդպիսի արյունոտ խրախճանքի չենք կարող մասնակցել: Երկխոսությունը ոչինչ չի տա թեկուզ այն պատճառով, որ երկխոսության մասնակիցների մի մասը բանտում նստած է: Թող Սերժ Սարգսյանը գնա Ալեքսանդր Արզումանյանի եւ Արարատ Զուրաբյանի հետ բանտում երկխոսի` ինչքան ուզում է»,- հայտարարեց Ա. Սահակյանը:

Մեր խնդրանքով բանախոսներն անդրադարձան նաեւ ԵԽ ԽՎ մոնիտորինգի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի Հայաստան կատարած այցին եւ այն հանգամանքին, որ նրանց ներկայությունն անգամ իշխանություններին չստիպեց չմերժել հունիսի 20-ի հանրահավաքը: Այս համատեքստում ի՞նչ ակնկալիքներ ունեն բանախոսները ԵԽ ԽՎ առաջիկա նստաշրջանից: «Դուք պայմանավորում եք նրանով, որ իշխանությունները պարտավոր էին հաշվի առնել Եվրոպայի ներկայացուցիչների ներկայությունը եւ մի քիչ ավելի մեղմ մոտեցում ցուցաբերեին: Մեր մեջ մտած է այն գիտակցությունը, որ, եթե դրսից մարդ կա, մենք մեզ պետք է ուրիշ ձեւով պահենք: Առանց ընդունելու այն փաստը, որ Եվրոպայի ներկայացուցիչները Հայաստանում են, ես ինքս գտնում եմ, որ սխալ են վարվում մեր իշխանությունները, որ թույլ չեն տալիս հանրահավաք կազմակերպել,- հայտարարեց Ռ. Հակոբյանը` ավելացնելով,- Իմ կարծիքով՝ Եվրոպան իր բանաձեւի իրականացման հետ կապված բացասական գնահատական կտա: Բայց ժողովրդավարության բանալին մեր հանրապետության ներսում է գտնվում»:

«Եվրոպական կառույցները եւ տվյալ դեպքում՝ ԵԽ-ն, մեզ հիշեցնում եւ հորդորում է՝ իրականացնել այդ կազմակերպությանն անդամագրվելիս ստանձնած պարտավորությունները: Հետեւաբար դա օժանդակ դեր կարող է կատարել, ես էլ շատերի նման կարող եմ կարծել, որ վերջնական որոշումներն ու դրանց իրականացումը մենք պետք է երկրի ներսում գտնենք: Եվ եթե նրանք խոսում են երկխոսության մասին, հասկանում են, որ դա լավագույն ճանապարհն է: Ես կողմ եմ այդ երկխոսությանը, բայց՝ եթե այդ երկխոսությանը խոչընդոտող գլխավոր խութերը վերանան: Խոսքը կալանավորներին ազատ արձակելու եւ մարտի 1-ի սպանդի անկողմնակալ քննության մասին է: Իսկ այս հանձնաժողովների գոյությունն ապացուցում է, որ մենք Հայաստանում արդարադատության համակարգ չունենք»,- ասաց Ա. Սահակյանը: