«Էս հեղափոխություն անելն էլ, պարզվում է, այդքան հեշտ գործ չի: Նախապես պարզաբանեմ, որ խոսքը դեմոկրատական` թավշյա հեղափոխության մասին է»,- ներողություն խնդրելով ասուլիսից ուշանալու համար` երեկ հայտարարեց Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը:
Նա լրագրողներին ներկայացրեց Համաժողովրդական շարժման կենտրոնի երկու հայտարարությունները, որոնցից մեկը վերաբերում էր ԵԽ ԽՎ 1609 բանաձեւի պահանջների կատարմանն ուղղված իշխանությունների քայլերին, մյուսը` հունիսի 20-ին կայանալիք հանրահավաքին: Առաջին հայտարարության մեջ գլխավորապես արծարծվում էր այն միտքը, թե «Բանաձեւի ընդունումից հետո իշխանությունները ոչ մի իրական քայլ չեն արել` պահանջների բավարարման ուղղությամբ: Ավելին, բանաձեւի ընդունումից հետո ավելի են խորացրել ճնշումները»: Երկրորդ հայտարարության մեջ ասվում էր, որ Համաժողովրդական շարժման ներկայացուցիչները դեռեւս մայիսի 12-ին հայտարարել են հունիսի 20-ին հանրահավաք անցկացնելու մասին իրենց ծրագիրը: Իսկ հունիսի 12-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտը կրկին քաղաքապետարանն «ապրօրինաբար մերժել է` պատճառաբանելով, որ այնտեղ այդ օրը երեխաների մասնակցությամբ պիտի անցկացվի «Փոքրիկ երեւանցի» միջոցառումը»: «Այս առիթով հայց էինք ներկայացրել դատարան` այդ որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ: Դատարանը երեկ հայտարարեց իր ակնհայտ անարդար դատավճիռը: Դրանով մենք սպառեցինք օրենքով նախատեսված բոլոր հնարավոր քայլերը: Հանցավոր վարչախումբը եթե նախկինում զորքի թիկունքում էր թաքնվում, ապա ներկայումս որոշել են թաքնվել երեխաների թիկունքում»,- ասաց Լ. Զուրաբյանը` ավելացնելով, որ հանրահավաքն, այնուամենայնիվ, տեղի է ունենալու, քանի որ այն արտոնված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի
20-րդ եւ ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածների անմիջական գործողության ուժով: «Հանցավոր վարչախումբը զորքերին փոխարինեց երեխաներով` համոզված լինելով, որ մենք ոչ մի դեպքում տարրական բարոյականության սահմանը չենք խախտի: Ու թեեւ դատապարտում ենք երեխաներին քաղաքական նպատակներով օգտագործելու ստոր արարքը, չենք կարող մեր բարոյականությամբ հավասարվել իշխանություններին ու կոչ անել մեր աջակիցներին՝ հավաքվել Ազատության հրապարակում այդ օրը, որտեղ բազմաթիվ երեխաներ են լինելու: Ուստի հունիսի 20-ին, ժամը 18-ին հանրահավաքը տեղի կունենա Մատենադարանի հարակից տարածքում, ինչի մասին քաղաքապետարանն օրենքով սահմանված կարգով մեր կողմից իրազեկվել է»,- ասաց նա: Լ. Զուրաբյանի հավաստմամբ` իրենք իշխանություններին առաջարկում են նշանակել քաղաքապետարանի եւ Ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչների, որոնք մշտական շփման մեջ լինելով շարժման ղեկավարների հետ` կապահովեն հանրահավաքի խաղաղ ընթացքը: Լ. Զուրաբյանը գրեթե մտավախություն չունի, որ իշխանությունների կողմից երկրորդ անգամ ուժ կկիրառվի: Նրա խոսքով` իրենք որեւէ անօրինական բան չեն անում, եւ եթե Ոստիկանությունն էլ որեւէ անօրինական բան չանի, ոչ մի միջադեպ չի լինի: «Բախումը ես ամեն դեպքում բացառում եմ, սա նոր Հայաստան է, այստեղ այլեւս մարտի մեկ հնարավոր չէ: Բայց եթե օրինականությունը խախտվի, խախտելու են իշխանությունները»,- ասաց նա: Պատասխանելով հարցին, թե «չարտոնված հանրահավաք անցկացնելն արդյոք օրենքի խախտում չէ՞», Լ. Զուրաբյանն ասաց. «Հանրահավաքը չարտոնելն էր օրենքի խախտում»: «Օրենքով շուրջ 45 անգամ դիմել ենք, գնացել ենք զիջումների, բայց իշխանությունները որեւէ հնարավորության չեն համաձայնվել: Մեզ համար պարզ է, որ այս իշխանությունները վախենում են սեփական ժողովրդից, ի վիճակի չեն թույլ տալ հանրահավաք սեփական երկրում: Սա բացատրվում է նրանով, որ այս իշխանություններն ընտրված չեն, հակառակ դեպքում այդ հանրահավաքը նրանց համար աննկատելի մի բան կլիներ»,- ասաց նա` կարծիք հայտնելով, որ իշխանությունները պարզապես չեն ցանկանում, որ բոլորը տեսնեն, թե ինչքան մարդ կա համաժողովրդական շարժման կողքին: «Նրանք հասկանում են, որ նախագահական ընտրություններից հետո եթե այդքան մարդ է հավաքվում մեր կողքին, դա նշանակում է, որ այս իշխանություններն ընտրված չեն: Ամենաշատը սարսափած են մարդկանց քանակից, եւ իրավացի են, ինչքան շատ մարդ գա հանրահավաքին, այնքան մեծ կլինի քաղաքական արդյունքը»,- ասաց նա:
Մատենադարանի հարակից տարածքում անցկացվելիք հանրահավաքը, Լ. Զուրաբյանի խոսքով` իրենք նախատեսում են անցկացնել ժամը 18:00-ից մինչեւ 22:00-ն: «Մեզ պետք է հնարավորություն տալ, որ իրավիճակը վերահսկենք: Եթե Ոստիկանությունն ապօրինի միջամտությունով խանգարի մեզ, այնպես վարվի, որ չկարողանանք վերահսկել ժողովրդին, ապա պատասխանատվությունը չի կարող լինել մեզ վրա»,- ասաց նա: