Երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց ծառայողական քննություն անցկացնել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի «բիլակի ուժը» պարզելու համար, երբ պետավտոտեսուչները ոչ միայն սկսեցին կանգնեցնել, այլեւ սկսեցին տուգանել մգեցված ապակիներով եւ «գոլդ» համարանիշերով ջիփերին, երբ Մաքսային ծառայության աշխատակիցները սկսեցին հասկանալ, որ այդ հիմնարկությունը ոչ թե իրենց «հոր բոստանն է», այլ ՀՀ բյուջեի մուտքային մասն ապահովող երկու կազմակերպություններից մեկը, մի պահ տպավորություն ստեղծվեց, թե այդ ամենը կատարվում է ոչ Հայաստանում: Բայց երբ ծառայողական քննությունից հետո պարզվեց, որ Սուրեն Խաչատրյանն «ամենաանմեղ» մարդն է, շատերը սկսեցին մտածել, որ հեռու չէ այն օրը, երբ Մաքսայինն ու Պետավտոտեսչությունը կվերադառնան իրենց «նորմալ աշխատանքային ռիթմին»: Որովհետեւ կիսահղի չեն լինում: Կամ բարեփոխում են (կամ, ինչպես սիրում է ասել նորանշանակ վարչապետը` բարեշրջվում են), կամ` ոչ: Բազմիցս է նշվել, որ նախընտրական եւ հետընտրական բոլոր զարգացումները ոչ թե ընդդիմությանը եւ հատկապես Լեւոն Տեր-Պետրոսյանին սիրելու հետեւանքն էին, այլ պայքար իշխանության գրեթե բոլոր ատյաններում (այդ թվում նաեւ՝ ամենաբարձր ատյաններում) տեղավորված անգրագետ, կաշառակեր եւ լկտի չինովնիկների դեմ: Դա երկրում առկա անօրինությունների, անարդարության դեմ հավաքական բողոքի արտահայտում էր: Կարծում եմ, որ դրա մասին տեղեկացված են նաեւ այսօրվա իշխանությունները, որտեղ վերոնշյալ չինովնիկների թիվն առանձնապես չի պակասել: Հենց դա է պատճառը, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն անընդհատ նշում է սովորելու եւ համակարգչին տիրապետելու մասին, որովհետեւ շատ լավ գիտի, որ այդ չինովնիկների զգալի մասն անգամ իր անուն-ազգանունը գրել չգիտի, խոսում են բացառապես փողոցային ժարգոնով, իսկ համակարգիչը նրանց համար պարզապես «թանկ բան ա»: Ինչպես ասում է ժողովուրդը՝ «Խաչն իրենն է, զորությունն ինքը գիտի»: Բայց ինչպես ասում են` սա մետաղադրամի մի կողմն է: Մյուս կողմից, երբ կառավարության ղեկավարն ամեն օր առավոտից-իրիկուն թեորետիկ խորհրդակցություններ է անցկացնում նախարարների, տեղակալների, վարչությունների պետերի-մասնագետների հետ, ապա իրավացի են այն նախարարները, ովքեր դժգոհում են, որ իրենց աշխատավայրերում չեն կարողանում լինել, աշխատել:
Երեկ ՀՀ արդարադատության նախարարը ծառայողական քննություն է նշանակել Գյումրիի տխրահռչակ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի հերթական «հերոսության» կապակցությամբ: Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն կար, որ վերջինս առանց համապատասխան թույլտվության մուտք է գործել Արթիկի քրեակատարողական հիմնարկ, որտեղից ինքը` Սպարտակ Ղուկասյանը, վերջերս էր դուրս եկել: Եթե այս ծառայողական քննությունն ունենա սյունիքյան համանման քննության ավարտը, ապա դժվար չէ ենթադրել, թե ինչեր է անելու Վարդան Ղուկասյանը, նույն ինքը՝ «Վարդանիկը» Գյումրիի քաղաքապետի առաջիկա ընտրությունների ժամանակ, որին նա պատրաստվում է մասնակցել, ինչպես ինքն է նշել՝ «Աստծո օգնությամբ»: Հուսով եմ, որ այս անգամ «Վարդանիկի պահապան հրեշտակը կխնդրի նրան ավտոմեքենայից իջնել»: Հակառակ դեպքում, օրինակ, անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շփվել վարդանիկների եւ լիսկաների հետ: Ի՞նչ լեզվով եւ հատկապես ո՞ր բառապաշարով:
Իսկ օրերս «Օջախ» ռեստորանում իրենց նոր պաշտոններն էին նշում օրինացերկրականները: Ի տարբերություն վերոնշյալ օդիոզ կերպարների` Արթուր Բաղդասարյանը պետք է որ կարդացած մարդ լինի: Համենայնդեպս, այդպես է երեւում: Ա.Ս.Պուշկինը մի հեքիաթ ունի, որի անունն է՝ «Ոսկե ձկնիկ»: Հատուկ «Օրինաց երկրի» համար հիշեցնեմ այդ հեքիաթի բովանդակային մասը: Ձկնորսի կինը, որը, բացի կոտրած տաշտակից, ոչինչ չուներ` սկսում է ոսկե ձկնիկից պահանջել սկզբից` տաշտակ, հետո՝ տուն, հետո՝ հարստություն, դիրք եւ այլն: Բայց, երբ էյֆորիայի մեջ ընկած կինը պահանջում է նաեւ ոսկե ձկնիկի «պաշտոնը», նրան, բացի կոտրած տաշտակից, ոչինչ չի հասնում: Իհարկե, «Օրինաց երկրին» ի սկզբանե ոչինչ չէր «հասնում», բայց ամեն դեպքում, եթե Արթուր Բաղդասարյանը հանկարծ էյֆորիայի մեջ ընկնի ու Սերժ Սարգսյանից նախագահի պաշտոնը պահանջի, կարող է եւ այնպես ստացվել, որ հայ հանրությունը նախագահից «ահագին» գոհ մնա:
Հասկանալի է, որ իշխանության մոտ կա երկմտանք` փոխե՞լ, թե՞ չփոխել այս ամենը: Ըստ ժողովրդական ասացվածքի` չեն փոխում միայն ծնողներին եւ երեխաներին: Մնացած ամեն ինչը կարելի է փոխել: Առավել եւս՝ վարկաբեկված չինովնիկներին ու «օգտագործված հաճախորդներին»: Պարզապես քաղաքական կամք է պետք: