Երբ Սերժ Սարգսյանը դարձավ Հայաստանի Հանրապետության նախագահ, եզակի մարդիկ կային, ովքեր հավատում էին, թե երկրում կարող են փոփոխություններ արձանագրվել` դրական իմաստով: Թերահավատության հիմքերն ակնհայտ են. Սերժ Սարգսյանը մշտապես իշխանության վերին էշելոններում է եղել եւ, փաստացի, նաեւ վերջինիս մասնակցությամբ են տեղի ունեցել գրեթե բոլոր կարեւորագույն պրոցեսները` թե՛ դրական եւ թե՛ բացասական:
Ընդ որում, եթե ուշադրություն դարձնեք, ապա վերջինս, կարծեք թե, միակ քաղաքական գործիչն է, ով նորանկախ հանրապետության պատմության մեջ առանց պաշտոն չի մնացել: Ինչեւէ: Հիմա երկրում բավականին հետաքրքիր մի իրադրություն է ստեղծվում, երբ, մի կողմից, իշխանությունները կարծեք թե փորձում են բարեփոխումների քաղաքականություն իրականացնել, ինչի ճանապարհին սկսում են հետզհետե լրջացող դիմադրության հանդիպել հենց սեփական ճամբարում, մյուս կողմից, ներքաղաքական իրադրությունն է երկրում շարունակում ծայրահեղ լարված մնալ, մանավանդ` հունիսի 20-ի հանրահավաքն աչքի առաջ ունենալով: Կապված դիմադրության առաջին օջախի հետ. մինչ վերջին նախագահական ընտրություններն ու դրան հաջորդած ժամանակաշրջանը հանրությունն ու քաղաքական շրջանակները, ինչպես նաեւ՝ բուն իշխանական ճամբարը, համոզված էին, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մեկ միասնական թիմ են, իշխանական գործիչների տանդեմ, որի պարագայում՝ մեկի հաջողությունները պայմանավորված են մյուսի առկայությամբ եւ ընդհակառակը: Թողնենք այն, թե որքանով էր այս մտայնությունն օբյեկտիվ, կամ գոնե որքանով է այն օբյեկտիվ հիմա: Դա քննարկման այլ թեմա է: Խնդիրը նրանում է, որ այդ մտայնությունը մարդկանց մոտ բնական տպավորություն ու համոզմունք էր առաջացնում, որ երկրի նախագահի փոփոխությունից հետո երկրում որակական, խորքային փոփոխություններ չեն կարող տեղի ունենալ: Դա երկակի ազդեցություն էր թողնում. նախ` իշխանության ու չինովնիկական դասի այն շրջանակները, որոնք կարողացել էին ստվերային ճանապարհներով լուծել սեփական բարեկեցության խնդիրներն, ու նրանց բացառապես ապահովագրվածության, անձեռնմխելիության զգացողություն էր պետք, հավատում էին, որ Սերժ Սարգսյանի իշխանության գալով՝ իրերի դասավորությունը չի փոխվի: Այս պարագայում այդ մարդկանց համար միակ իրական վտանգը սկսում էր գալ ընդդիմության` վերջին շրջանում աննախադեպ թափ ստացած ակտիվությունից: Այսինքն` իրենց «կերակրատաշտը» գտածների համար Սերժ Սարգսյանի ընտրությունը նախագահի պաշտոնում միայն ողջունելի էր, քանի որ վերջինս այն երաշխիքը պետք է լիներ, որի պարագայում «կերակրատաշտի» հետ ոչինչ պատահել չէր կարող: Բնական է, որ ընդդիմության ակտիվացումն այդ մարդկանց մահու չափ սարսափեցնում էր նույն` «կերակրատաշտը» պահպանելու բնազդային մղումներով: Ընդդիմության պարագայում Սերժ Սարգսյանի ընտրությունը կրկին համոզմունք էր առաջացնում, որ երկրում որեւէ բան չի փոխվելու, իսկ դա է՛լ ավելի էր շեշտադրում պայքարն իշխանափոխության համար: Բոլորի հաշվարկներն էլ սխալ դուրս եկան: Երկրում իրապես լրջագույն փոփոխություններ են տեղի ունենում: Քննարկման այլ թեմա է, թե որքանով այդ փոփոխությունները շարունակական բնույթ կկրեն եւ կվերածվեն ոչ թե մեկ անձի կողմից թելադրված եւ հենց նրանով պայմանավորված բարեփոխումների, այլ ինստիտուցիոնալ էություն կստանան, կվերածվեն կյանքի նորմայի: Տա՛ Աստված, որ հենց այդպես լինի, քանի որ ցանկացած բանական քաղաքացու հիմնական ցանկությունը նորմալ երկրում ապրելն է: Դա, անկասկած, ժամանակը ցույց կտա: Իսկ այս պահին երկրում իսկապես էլ հետաքրքիր մի իրադրություն է ստեղծվել: Բանն այն է, որ նշված բարեփոխումները, որոնք առնչվել են նախեւառաջ պետական համակարգի ամենակոռումպացված կառույցներին` Մաքսայինին ու Հարկայինին, ու հիմա էլ տեղափոխվում են առավելապես խոշոր բիզնես, որն ամենաշատն էր գործում ստվերային դաշտում, ինչ-որ առումով հասկանալի վրդովմունք են առաջացրել նշված պետական ու բիզնես կառույցներում: Տարիներ շարունակ ձեւավորված պետական համակարգն ու դրա արդյունքը հանդիսացող ստվերային հարաբերությունները պետության ու մասնավորի միջեւ վերածվել էին իրար լրացնող համագործակցության մի մոդելի, որի պարագայում համագործակցող երկու կողմերն էլ անչափ գոհ էին. պետական կառույցները հսկայական ստվերային գումարներ էին աշխատում, իսկ բիզնես շրջանակներն էլ, կամ ավելի ճիշտ` դրա օլիգարխիկ մասը ստանում էր մենաշնորհներ, արտոնություններ ու, որպես արդյունք` աստղաբաշխական գերշահույթներ: Հիմա այդ ամենը կարծեք թե փլուզման վտանգի առջեւ է հայտնվել: Բնական է, որ իրական ու մեծ գումարներից զրկվելու վտանգը մարդկանց մոտ վրդովմունք պետք է առաջացներ, իսկ պրոցեսի շարունակականության դեպքում դա կարող է նաեւ հակադրության հանգեցնել իշխանությանը: Ընդդիմության պարագայում նույնպես հաշվարկները սխալ դուրս եկան: Իշխանությունները, նույնիսկ նման ապաշնորհ ընտրություններից հետո էլ, կարողացան հայտ ներկայացնել երկրում իրական բարեփոխումներ իրականացնելու: Ու դրանց շարունակության դեպքում արդյունքները, այսպես թե այնպես, սկսելու են առավել տեսանելի դառնալ արդեն առաջիկա ամիսների ընթացքում: Շատ բաներ արդեն հիմա են ակնհայտ, սակայն, կրկնում եմ, դրանց խորքային էությունը հասկանալու ու տեսնելու համար դեռեւս ժամանակ է պետք: Հիմա, այս պարագայում, ընդդիմության համար կարծեք թե որոշակի խնդիրներ են առաջանում: Բանն այն է, որ ընդդիմությունը, որը հայտ էր ներկայացրել ու հիմա էլ ձգտում է իշխանափոխության, իր հայտը հիմնավորում էր պետական խեղաթյուրված համակարգը կազմաքանդելու անհրաժեշտությամբ, ինչը բնական ընդունելություն էր գտնում հասարակության շրջանում, քանի որ ցանկացած ոք հասկանում էր, որ պետական կառավարման այդ համակարգով առաջ շարժվելն ուղղակի անհնար է: Բայց ստացվեց այնպես, որ իշխանությունն ինքն սկսեց կազմաքանդել այդ համակարգը, կամ գոնե սկսեց խոսել այդ մասին ու որոշակի քայլեր անել: Սա, որոշակի առումով, խառնում է ընդդիմության խաղաքարտերը, քանի որ, ժամանակի ընթացքում, որքան շոշափելի դառնան բարեփոխումների արդյունքները, այնքան կթուլանա իշխանափոխության անհրաժեշտությունը: Դա կարող է էլ ավելի սրել պայքարի թեժությունը եւ ընդդիմությանն առավել արմատական քայլերի դրդել: Իսկ իրադրության «հետաքրքրությունն» այս պարագայում նրանում է, որ, ինչպես արդեն նշեցի, բարեփոխումները սվիններով է ընդունվում նաեւ իշխանական-չինովնիկական-օլիգարխիկ որոշակի շրջանակներում: Հետեւաբար, այսօր, որքան էլ պարադոքսալ հնչի, երկրում կա ուժի երկու կենտրոն, որոնց շահերը կարող են համընկնել` չնայած իրենց գաղափարական, բովանդակային ծայրահեղ տարբերությանը, եւ որոնք կարող են ուժի մեկ միասնական կենտրոն դառնալ իշխանության դեմ: Սրա հավանականությունն, իհարկե, շատ փոքր է, սակայն, երբ շահերը սկսում են համընկնել, անգամ նախկին թշնամիներն են սկսում դաշինքներ կազմել: Մենք, այս առումով, այսօր որոշակի իմաստով շրջադարձային ժամանակաշրջանում ենք ապրում. կամ իշխանությունը ազնիվ ու հետեւողական է գտնվում բարեփոխումների իր ծրագրերում ու իրացնում դրանք, ինչի արդյունքում կոտրվում է ներիշխանական «դժգոհողների» դիմադրությունը, մյուս կողմից էլ՝ հասարակության ներսում թուլացնում լարվածությունն ու վստահության մթնոլորտի ձեւավորման միտումներ արձանագրում, կամ ինքն է կոտրվում ներքին ու արտաքին ճնշումների տակ, եւ ամեն ինչ վերադառնում է իր նախկին խճապատկերին, կամ, ավելի ճիշտ` կոտրած տաշտակին: