Պատժել մեղավորներին

22/06/2008

Երեկ մի քանի քաղբանտարկյալներ նամակով դիմել են ԵԽ ԽՎ պատվիրակներին: Նամակում մասնավորապես ասված է. «Վերջին տասնամյակում ՀՀ-ում անցկացվող բոլոր մակարդակի ընտրությունները շարունակաբար կեղծվել են իշխանությունը յուրացրած վարչախմբի կողմից, իսկ ժողովրդավարության համար եւ ընտրակեղծիքների դեմ պայքարողները ենթարկվում են հալածանքների եւ ազատազրկման: Սակայն ամեն նման ընտրությանը հետեւում էր ԵԽ ԽՎ եւ ԵԽ հստակ գնահատականը, որոնք դատապարտում էին ընտրակեղծիքները եւ պահանջում էին ազատ արձակել կալանավորվածներին: Ճիշտ է, սրա արդյունքում ընտրությունների արդյունքները չէին վերանայվում, սակայն իշխանական լծակներին վերատիրանալու հարցը լուծած վարչախումբը հայտարարությունների արդյունքում անհապաղ ազատ էր արձակում քաղբանտարկյալներին… Եվրոպական կառույցների նույն գնահատականը կրկնվեց նաեւ 2008թ. խայտառակ նախագահական ընտրություններից հետո: Այս ամենի հետեւանքով իշխանությունները զգացին միջազգային կառույցների ամենաթողությունը, ինչի հետեւանքով բանակի եւ զրահատեխնիկայի օգնությամբ ցրվեց խաղաղ բողոքի ցույցը, զենքի կիրառման պատճառով ունենք բազմաթիվ զոհեր ու վիրավորներ: Ճնշումների եւ կոռուպցիայի հետեւանքով դատավորների, դատախազների եւ քննիչների մի հսկայական բանակ մեղսակից դարձավ իշխանության յուրացման հանցագործությանը: Այս ամենաթողության հետեւանքով Հայաստանի անկախացումից ի վեր առաջին անգամ կալանավորված քաղաքական հակառակորդների գործերը հասցվեցին մինչեւ դատարաններ ու դատավճիռներ, շատերը դատապարտվեցին եւ արդեն կրում են պատիժը… Մենք այս ամենը գնահատում ենք որպես Հայաստանում իշխանական լծակները յուրացրած անձանց եւ եվրոպական կառույցների ներկայացուցիչների միջեւ գործարքի արդյունք: Կարեւոր չէ, թե Եվրոպայի ներկայացուցիչները գնացել են գործարքի անհատակա՞ն, թե՞ կորպորատիվ շահերից ելնելով, սակայն գործարքի զոհ դարձան ՀՀ հազարավոր քաղաքացիներ, Հայաստանում էական ետընթաց ապրեց ժողովրդավարությունը, իսկ սա ինքնին Եվրոպայի եւ եվրոպական քաղաքակրթական արժեքների արժեզրկում է: Մենք մեղադրում ենք Հայաստանի հարցերով զբաղվող ձեր գործընկերներին մեր եւ մեր ընկերների անօրինական կալանավորման եւ անազատության մեջ: Մենք ձեզանից պահանջում ենք հետաքննել այդ խայտառակ գործարքը, պարզել մեղավորներին եւ պատժել նրանց։ Նամակի տակ ստորագրել են քաղբանտարկյալներ Դավիթ Մաթեւոսյանը, Աշոտ Զաքարյանը, Հուսիկ Բաղդասարյանը, Վարդան Ջհանգիրյանը, Մկրտիչ եւ ժորա Սափեյանները, Սուրեն Սիրունյանը: