Ազգային պարկ Շիրակում

22/06/2008

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Արփի լճի տարածքում գերմանական «Բնության համաշխարհային հիմնադրամի» աջակցությամբ ստեղծվելու է Ազգային պարկ, որն ընդգրկելու է Արփի լճի եւ դրա հարակից տարածքները: Տարածքը գտնվում է ծովի մակերեւույթից շուրջ երկու հազար մետր բարձրության վրա: Տարածքի մարգագետնային գոտին հարուստ է բուսական եւ կենդանական հազվագյուտ տեսակներով, ինչն ավելի արժեքավոր է դարձնում տարածքի նշանակությունը: Ծրագիրը փորձագիտական ուսումնասիրությունից եւ շինարարությունից բացի, նախատեսում է նաեւ աշխատանք հարակից համայնքների բնակիչների հետ: Ծրագրի համաձայն՝ ազգային պարկի նախագծային եւ շինարարական աշխատանքներում մասնակցություն կունենան տվյալ համայնքների ներկայացուցիչները: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է «Բնության համաշխարհային հիմնադրամի» փորձագետ Ալիսթար Բաթը, տարբեր համայնքներում ունեցած հանդիպումները վկայում են այն մասին, որ համայնքների բնակչությունը դրական է մոտենում ազգային պարկի ստեղծման գաղափարին եւ պատրաստ է աջակցել ծրագրին: Ըստ նրա, տարածքում էկոտուրիզմի զարգացումը կհանգեցնի տարածքի տնտեսական զարգացմանը: Ներկայումս ընթացքի մեջ են տարածքի քարտեզագրման եւ պարկի սահմանների հստակեցման աշխատանքները: Ի դեպ, սահմանների հստակեցումն իրականացվում է արգելոցային եւ տնտեսական ուղղություններով: Այն տարածքները, որտեղ հանդիպում են հազվագյուտ թռչուններ եւ բույսեր, կհամարվեն արգելոցային, սակայն, ըստ ծրագրի, ոչ բոլոր տարածքներն են լինելու արգելոցային գոտում: Մյուս տարածքները կընդգրկվեն տնտեսական գոտու մեջ, որտեղ հնարավոր է, օրինակ, հյուրանոցային ցանցի կառուցում: Բացի տարածքի տնտեսական զարգացման հեռանկարային ծրագիր լինելուց, պարկը նաեւ լինելու է Շիրակի մարզի հատուկ պահպանման միակ տարածքը: Ըստ «Գեոֆոն» բնապահպանական հասարակական կազմակերպության ղեկավար Լեւոն Մարտիրոսյանի, ծրագրի արդյունավետ ընթացքի համար նախեւառաջ հարկավոր է իրականացնել հողային ֆոնդի տարանջատում: Պարկի ստեղծման հիմնական աշխատանքները կմեկնարկեն տարածքի ուսումնասիրությունից հետո։