Սննդատեսակներից զգալի թանկացումներ արձանագրվել են բրնձի, ձեթի, կարագի, ձվի, սուրճի գներում: Այդ մասին « Panorama.am»-ին ասել է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Աբգար Եղոյանը` ներկայացնելով իրենց կազմակերպության կողմից Հայաստանում անցկացվող շուրջ 60 անուն սննդատեսակների գների մոնիտորինգի նախնական տվյալները: Ըստ Ա. Եղոյանի, Վրաստանի եւ Ադրբեջանի իրենց գործընկեր կազմակերպությունները նույնպես անցկացնում են նույն սննդատեսակների գների մոնիտորինգ, որպեսզի այդ տվյալներն իրար փոխանցեն եւ պարզեն, թե հատկապես ինչն է եղել տարաշրջանային շուկայում սննդատեսակների գների թանկացման պատճառը: Մայիսին սկսված մոնիտորինգն ավարտվելու է օգոստոս ամսին, իսկ մոնիտորինգի վերլուծության տվյալները հանրությանը կներկայացվեն սեպտեմբերին: Ըստ մոնիտորինգի նախնական տվյալների՝ Հայաստանում ձվի, կարագի (200 դրամով), ձեթի (50-100 դրամ), բրնձի (կրկնակի) թանկացումները պայմանավորված են եղել միջազգային շուկայում տվյալ սննդատեսակների գների թանկացմամբ կամ դիֆիցիտով: Ա. Եղոյանը, սակայն, չի բացառել նաեւ այն փաստը, որ նշված սննդատեսակների թանկացումների պատճառը կարող է պայմանավորված լինել տեղական արտադրողների միջեւ եղած մրցակցությամբ: Ի դեպ, այս ամիս ձուն էժանացել է 10-դրամով, որի պատճառները դեռ ճշտվում են: Ինչ վերաբերում է սուրճի թանկացմանը, դրա պատճառը եւս ճշտվում է: Ա. Եղոյանը հայտնել է, որ մասնավորապես ներկրվող սուրճերից մեկի փաթեթը թանկացել է 20 դրամով: Ըստ նրա, այսօր շուկայում պետական վերահսկողության ճիշտ մեխանիզմներ չկան: Ա. Եղոյանի կարծիքով, անհրաժեշտ է, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին լայն իրավունքներ տրվեն, քանի որ այն ընդամենն իրավունք ունի շուկայում գերիշխող դիրք գրավող ընկերության նկատմամբ սանկցիա կիրառել: Նրա համոզմամբ, Հայաստանում շուկան կարգավորելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ստվերը եւ կոռուպցիան վերացնել: «Եթե իրականում իմանայինք, թե ապրանքն ինչ քանակությամբ մտավ երկիր, ապրանք ներմուծողն ինչքան շահույթ ստացավ եւ ինչքան հարկ վճարեց, այդ դեպքում շուկայում կտիրեն հավասար պայմաններ»,- ասել է Ա. Եղոյանը: