Արմավիրցիներն ասում են, թե իրենց քաղաքը քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ՍՊԸ-ն է: «Քաղաքի հետ վարվում է այնպես, ինչպես կվարվեր իր սեփականության հետ»,- ասաց արմավիրցի Արայիկ Մնացականյանը, ով Արմավիրի Հանրապետության 6 շենքի սեփականատերերից է: Եվս չորս հոգի տարիներ առաջ այս շենքում սեփականություն են ձեռք բերել եւ այդ իրավունքով տարբեր ծառայությունների գրասենյակներ հիմնել:
Սեփականատերերից Վահրամ Կիրակոսյանը վրդովված ասում է, որ երբ գնում էր շենք, իրեն վստահեցնում էին, թե դիմացի 756 քմ հողը չի վաճառվելու, որովհետեւ կանաչ գոտի է, եւ դրա վաճառքն անթույլատրելի է: «Հավատալով, որ այդ հողը հետագայում շինության չի ծառայի, ես գնեցի շենքը: Ի՞նչ իմանայի, թե քաղաքապետ Խլղաթյանն այն վաճառելու է, իսկ գնողը` կառուցելու: Եթե պետք է շենքիս ճակատը փակվի, իմաստ ունի՞ այդտեղ գործ դնելը»,- ասաց Վ. Կիրակոսյանը: Վերջինս անակնկալի էր եկել` իմանալով հողի աճուրդի մասին:
Խնդիրն այն է, որ աճուրդի հանված տարածքի վաճառքն օրենքով անթույլատրելի է: Հանրապետության 6 շենքին ամրագրված 2900 քմ-ից 756 քմ մակերեսով հատվածը ՀՀ Հողային օրենսգրքի 60 հոդվածով նախատեսված սահմանափակումների թվում է, այսինքն` այդ հողատարածքները նախատեսված են հիմնականում կանաչ գոտիների եւ կոմունիկացիաների համար:
Շենքի սեփականատերերից Արայիկ Մնացականյանի ասելով` Խլղաթյանի համար ավագանու որոշումը կառավարության որոշումից առավել է. «Չեղյալ է հայտարարել կառավարության որոշումը եւ ավագանու նիստով որոշել իր մերձավորների մեջ բաժանել նաեւ համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքը»: Ա. Մնացականյանը եւս մասնակցել է աճուրդին եւ հիշյալ տարածքից վարձակալել 90 քմ: «Ես կանաչ գոտու կարգավիճակը պահպանել եմ. բարեկարգել եմ, սալարկել, կանաչապատել: Դեկորատիվ եւ պտղատու ծառեր էլ եմ տնկելու, որ իրենց ոչնչացրածի մի մասը վերականգնեմ»,- ասաց Ա.Մնացականյանը: Իսկ հողի մյուս վարձակալները` քաղաքապետի տեղակալ Մելիք Բաղդասարյանը, որը նաեւ նրա քրոջ որդին է, եւ կադաստրի Արմավիրի տարածքային ստորաբաժանման պետի տեղակալ Ֆուրման Հակոբյանը, անթույլատրելի վայրում պատրաստվում են շինարարություն սկսել. առեւտրի օբյեկտ են կառուցելու: Քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը չառարկեց, որ 60 հոդվածի արգելանքի տակ հայտնված հող է վաճառել: «Եղել է աճուրդ, այդ մասին իրազեկվել է, հաղթողներն էլ եկել` հաղթել են: Վաճառվել է 25 տարի վարձակալության պայմանով»: Նրա մեկնաբանությամբ` «60 հոդվածը դեռ չի նշանակում, թե դրա վրա չի կարելի շինարարություն անել: Կառուցվելու է»: Ըստ քաղաքապետի` վարձակալությամբ տրված հողատարածքի վրա ժամանակավոր տաղավար է կառուցվելու, որն անհրաժեշտության դեպքում կապամոնտաժվի: «Ի՞նչ ժամանակավոր տաղավարի մասին է խոսքը, երբ հիմք են փորելու: Արմավիրը լիքն է այդպիսի «ժամանակավոր տաղավարներով»,- հակադարձեց Արայիկ Մնացականյանը, ով Հանրապետության 6 հասցեում շինարարություն չձեռնարկելու խնդրանքով դիմել էր Խլղաթյանին եւ զարմացել նրա պատասխանից. «Դա իմ անձնական իրավունքն է, եւ որեւէ մեկն իմ դեմ դուրս գալ չի կարող»: Շենքի սեփականատերերի եւ քաղաքապետի օրեցօր լարվող հարաբերություններն, ի վերջո, հանգեցրել էին միջադեպի. օրը ցերեկով, հենց շենքի հարեւանությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքապետի կողմնակիցների, այդ թվում` եղբոր որդիների եւ Ա. Մնացականյանի միջեւ: «Իրեն թվում է, թե Արմավիրի տերն է, արմավիրցիներն էլ` իր ծառաները: Որ այդպես է կարծում` ոչինչ, դա հիվանդություն է «մանիա վելիչիա» անունով, բայց որ այդպես է ներշնչում նաեւ արմավիրցիներին` վտանգը դրանում է: Կարծում են, թե Խլղաթյանն ամենազոր է, ու նրա դեմ խաղ չկա»,- ասաց Ա. Մնացականյանը:
Սեփականատիրոջ իր իրավունքները պաշտպանելու համար Ա. Մնացականյանը շատ դռներ է թակել եւ, որպես պատասխան, փակ համարից հեռախոսազանգեր ստացել. «Սպառնում են, թե` Նալբանդյանի ու Նորապատի գյուղապետերի օրը կգցեն…»: Հիշեցնենք, որ Նալբանդյան ու Նորապատ գյուղերի համայնքապետերը սպանվել էին հրազենից. առաջինը` գիշերը, իր տան շեմին, երկրորդը` ցերեկը, Նորապատի շուկայի մոտ: Երկու սպանություններն էլ մինչ օրս բացահայտված չեն:
Վերադառնալով Արմավիրի հողերի անօրինական վաճառքին` արձանագրենք, որ 2000 քմ տարածք էլ գիշերօթիկ մանկապարտեզի խաղահրապարակից վաճառվել է Ռուբեն Խլղաթյանի մեկ այլ բարեկամի` առեւտրի կենտրոն կառուցելու համար: Կենտրոնն արդեն գործում է, իսկ երեխաները խաղալու տեղ չունեն: Դպրոցներին կից ու կանաչ գոտիներում կառուցած, գեղագիտական տեսքից զուրկ կրպակներն ու տաղավարներն այնքան շատ են ու խայտաբղետ, որ քաղաքը մեծ ու փնթի շուկա է հիշեցնում: Շրջանցելով «Պետական գնումների մասին» ՀՀ օրենքը` քաղաքապետն իրեն պատկանող «Լեգենդա» ՍՊԸ-ի միջոցով գործարքներ է կատարում` իրականացնելով բազմաբնակարանների մասնակի նորոգումներ, բարեկարգման եւ այլ աշխատանքներ: Արմավիրի քաղաքապետի անօրինականություններին հետամուտ լինելով` ՀՀ Քաղաքաշինության նախարարությունը ստուգումներ է իրականացրել քաղաքապետարանում եւ արձանագրել պաշտոնեական դիրքի չարաշահման մի շարք փաստեր, այդ թվում եւ` վերը նկարագրվածները:
Փաստի առիթով Ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում Ռուբեն Խլղաթյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.օր.-ի 308 («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») հոդվածի հատկանիշներով:
Չի բացառվում, որ Արմավիր քաղաքը պատրաստվի արտահերթ ընտրությունների:
www.hetq.am