Դատարանի դահլիճում նստած կինը հուզմունքը չէր թաքցնում: Մեկ լալիս էր, մեկ՝ բարձրաձայն դատողություններ անում, մեկ՝ օրհնություններ շռայլում ներկաների հասցեին, մեկ էլ փոքրիկ հայելուն նայելով՝ հաստացնում դեմքն ավելի ծերացնող դիմափոշու շերտը: Դատավարության մասնակիցները սկզբում մտածում էին, թե նա ամբաստանյալի կնոջ քույրն է: Այդպես էր ասել ինքը՝ տիկինը: Բայց երբ վաթսունմեկամյա Սիմոնը զբաղեցրեց ամբաստանյալի տեղը եւ անտարբեր հայացքը սահեցրեց կնոջ հուզաթաթախ կերպարանքի վրայով, կասկածներ առաջացան: Ներկաները մտածեցին, թե ամբաստանյալն առանձնապես ջերմ զգացմունքներ չի տածում քենու նկատմամբ, բայց տվյալ պահին կինը նրա միակ բարեկամուհին էր, որ գտնվում էր դատարանում: Իսկ կինն աստիճանաբար ավելի էր աշխուժանում, տեղից կարծիքներ հայտնում: Նախագահող դատավորը ստիպված եղավ դիտողություն անել, ապա՝ սաստել, հետո էլ, համբերությունը կորցնելով, հարցնել. «Դուք ամբաստանյալի ի՞նչն եք»: Տիկինը նկատելիորեն շփոթվեց, իսկ ամբաստանյալ Սիմոնն ակնհայտորեն զարմացավ: Նախագահողը դարձավ նրան. «Ճանաչո՞ւմ եք տիկնոջը»: Սիմոնն է՛լ ավելի ապշած հայացք ձգեց կնոջ կողմը, ապա գլուխը տարուբերեց. «Չեմ ճանաչում»: Տիկինը աղերսագին ձայնով բացականչեց. «Վա՜յ, Սիմոն ջան, բա ինձ չե՞ս հիշում»: Սիմոնի զարմանքն էլ շատ էր անկեղծ. մարդն ազնվորեն ճգնում էր վերհիշել «շլյապայով» կնոջը, բայց՝ ապարդյուն: Տղամարդը մեղավոր ժպիտով, խնդրելու պես արտաբերեց. «Ներեցեք, ոչ մի կերպ չեմ հիշում»:
Նախագահող դատավորը նկատելիորեն զայրացավ ու շատ կոնկրետ հարց ուղղեց անծանոթուհուն. «Բացատրեք, դուք ամբաստանյալի ի՞նչն եք»: Տիկինը հեզ ժպիտով իրազեկեց. «Ես նրա քրիստոնյա քույրիկն եմ: Նրա կնոջ ընկերուհին»:
Մշուշոտ ակնարկներից պարզ դարձավ, որ, ըստ երեւույթին, ներկա տիկինն ու ամբաստանյալի բացակա կինը նույն հավատքի ներկայացուցիչներ էին: Օտար տիկինը, դատական նիստը խանգարելու համար, դուրս հրավիրվեց դահլիճից: Հեռացավ մեծ դժվարությամբ, բայց՝ չմոռանալով վերջին օրհնանքները տարածել ամբողջ դատարանում: «Քրիստոնյա քույրիկը» ոչ մի կապ չուներ այն քրեական գործի հետ, որի շրջանակներում Սիմոնը հայտնվել էր դատապարտվողի կարգավիճակում: Սա պարզապես չնախատեսված միջադեպ էր, որ նախորդեց սպանության վերաբերյալ գործի վերաքննությունը սկսելուն:
«Բա սա իմ տե՞ղն է»
Սիմոնը փոքրամարմին, վախվորած դեմքով մարդ էր, հայացքում՝ լոռեցու միամտությունն ու հետաքրքրությունը՝ մայրաքաղաքային դատարանում ծավալվող իրադարձությունների նկատմամբ: Նա անկեղծորեն վշտացած էր. «Էս տարիքիս բա սա իմ տե՞ղն է: Սրա՞ն էի արժանի: Կյանքում մի ճանճ սպանած չկամ: Դատարանի երես տեսած չկայի»: Բայց Սիմոնը հիմա մեղադրվում էր նրա համար, որ խմած վիճակում դանակահարել եւ սպանել էր իրենից ուժեղ ու պինդ համագյուղացուն: Նա սպանությունը կատարել էր ոչ թե ինքնապաշտպանությունից կամ այլ ստիպողական հանգամանքից դրդված: Նա գործել էր խուլիգանական դրդումներով. մարդուն կյանքից զրկել էր չնչին առիթով, անհեթեթ վիճաբանությունից հետո, ու մեղադրվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով:
Պապական գյուղում
Սիմոնը ծնունդով Գուգարք գյուղից էր: Երկար տարիներ ապրել էր Վանաձորում: Քաղաքային կյանքը գնալով դժվարացել էր, ու Սիմոնը որոշել էր գյուղում հողակտոր գնել ու վերադառնալ իր ակունքներին: Վճռել էր կյանքի երկրորդ կեսը նվիրել հողագործությանը: Հայտնվելով իր համար որոշակիորեն օտարացած միջավայրում՝ Սիմոնն ինքնահաստատվելու ներքին պահանջ զգաց, յուրային դառնալու ձգտում, որը միշտ չէ, որ ճիշտ էր ընկալվում գյուղացիների կողմից: Այնուամենայնիվ, Սիմոնն օտար էր եւ գյուղական հումորային խայթոցների համար՝ լավ թիրախ: Գյուղում Սիմոնը որպես Սուրիկ էր հանդես գալիս, ավելի նախընտրելի էր համարում Սուրիկ անունով ապրել կատակասեր գյուղացիների մեջ:
Սիմոնը մի առանձնահատկություն ուներ, որը գյուղացիներն անմիջապես նկատեցին: Նա շատախոս էր: Իսկ ամբողջ կյանքում հողի հետ դժվարին կռիվ տվող մարդիկ նախկին քաղաքաբնակի շատախոսությունից պարզապես հոգնում էին: Սիմոնի շատախոսությունը միայն քրեական գործով ամրագրված հատկանիշ չէ: Այդ առանձնահատկությունը նաեւ դատարանում դրսեւորվեց, ինչի պատճառով դատավորները երբեմն ստիպված էին լինում ամբաստանյալին հիշեցնել, որ լռելու ժամանակն է: Դատարանում արված դիտողություններից հետո ամբաստանյալը մեղավոր ժպտում էր: Իսկ ամիսներ առաջ համագյուղացիների նմանատիպ նկատողությունից մահացու վիրավորվել էր:
«Կազյոլ»
Դեպքի օրը Սիմոնը մի քանի համագյուղացիների հետ «Դուզ» կոչվող հանդամասում խոտ էր հավաքել: Կեսօրին ընդմիջում էր եղել, օղի էին խմել: Երեկոյան էլ, գործը վերջացնելուց հետո, տղամարդիկ հավաքվել էին գյուղամիջում եւ մի փոքրիկ հացկերույթ արել: Դարձյալ խմել էին: Սիմոնը, բնավորության համաձայն, շատ էր խոսել: Ներկաներից՝ Արամը, հոգնելով դրանից, դիտողություն էր արել. «Այ մարդ, մենակ դու ես խոսում, ուրիշներին հերթ չես տալիս: Թող մյուսներն էլ մի բան ասեն»: Սիմոնը, գտնվելով խմիչքի ազդեցության տակ, միաժամանակ նեղանալով, որ տարիքով իրենից ջահելը նմանատիպ դիտողություն է անում այլոց ներկայությամբ, տարել-բերել ու Արամին անվանել էր «կազյոլ»: Այս բառի արտասանությո՞ւնն էր տրամադրողը, թե՞ Արամի տրամադրությունն առանց դրա էլ վատ չէր, նա կատակել էր Սիմոնի հասցեին. «Սիմոն, եթե մեր գյուղի Կամոյի հետ շարունակես որպես քար բարձող բանվոր աշխատել, մինչեւ դեկտեմբեր չես ձգի, կմեռնես»:
Թե ինչն էր Սիմոնին հունից հանել՝ հիմա դժվար է ասել: Միգուցե՝ մոտալուտ մահվան վերաբերյալ ակնարկը: Միգուցե՝ թվացյալ սարկազմն ու քմծիծաղը, թե Սիմոնը մյուսներից ավելի վտիտ է: Սիմոնն առյուծ էր կտրել ու կռվի մեջ մտել: Նախ՝ բացատրել էր, որ մեծերի հետ նման տոնով չեն խոսում: Հետո էլ հայհոյանքների միջոցով էր թափել զայրույթը: Արամն էլ հայհոյանքների գծով հետ չէր մնացել: Բայց ներկաները քնած չէին: Կռվողներին սաստել էին: Արամը բարկացած տուն էր գնացել: Կերուխումի անհամ ավարտից դժգոհ՝ հեռացել էին նաեւ մյուսները: Սիմոնն էլ էր բռնել տան ճամփան: Բայց վիրավորանքը նրան հանգիստ չէր տալիս: Նա ուզում էր, որ գյուղն իրեն չծաղրի, ընդունի որպես յուրայինի: Երեւի կարծում էր, որ եթե անպատասխան թողնի Արամի կատակը, ինչը հարբածի համար որպես ծաղր էր ընկալվել, ապա մյուսներն էլ կսկսեն իր հետ վերեւից խոսել, դիտողություն անել, բան սովորեցնել: Եթե Սիմոնը խմած չլիներ՝ հնարավոր է, որ միջադեպը նման սրությամբ չվերապրեր, չպատկերացներ, թե արդեն գտնվում է «լինել-չլինելու» ճամփաբաժանին: Սակայն խմիչքի նենգ խաղը նրա հոգին տակնուվրա էր արել:
Որ հարգված լինի
Տուն հասավ այլայլված: Կնոջը պատմեց, որ Արամը բոլորի ներկայությամբ իրեն ծաղրել է: Կինը փորձեց նրան համոզել, որ պառկի, հանգստանա, առավոտյան սթափ վիճակում գնա Արամի հետ բացատրվելու: Սիմոնը մնաց անդրդվելի. դեռ ճանապարհին էր որոշել չերկնչել ու գյուղին ապացուցել իր քաջասրտությունը: Եթե չգնա, տղամարդու պես Արամին տնից դուրս չկանչի, իրեն այլեւս այս գյուղում չեն հարգի: Գյուղացի Սիմոնն անձնական հոգեվերլուծող չուներ, որ խորհրդակցեր հետը, հանգստացնող, սթափեցնող զրույցներ ունենար: Ինքն էր ու իր ըմբոստացած «եսը»: Սիմոնը խոհանոց մտավ, վերցրեց 332 միլիմետր ընդհանուր երկարություն ունեցող կենցաղային դանակը, գրպանը դրեց ու դուրս եկավ տնից: Սա իր վաթսունամյա կյանքի ամենաճակատագրական պահն էր: Երկար տարիներ այլեւս նա իր տունը չի մտնի: Նրա խղճին կծանրանա ուրիշի արյունը:
Գյուղական պարզաբանում
Սիմոնը, երեւի, հետագա կյանքում այլեւս չի մոռանա իրեն՝ Արամի տան մոտ կանգնած, հետո՝ բակ ելած Արամի հանդիման: Արամը հոգնել էր Սիմոնի հոխորտանքներից: Նախ հարցրեց, թե ուշ ժամին ինչո՞ւ է եկել: Հետո համաձայնեց Սիմոնի առաջարկին՝ տնից մի քանի քայլ հեռանալ ու պարզաբանում կատարել: Նա վատ սպասելիք չուներ իրենից տարիքով մեծ, փոքր-մոքր, անհանգիստ մարդուց: Ի՞նչ պիտի անի: Բացատրվե՞լ է ուզում, կբացատրվեն: Սիմոնը դեռ կարող էր հաշտությամբ ավարտել կռիվը՝ մեծավարի, տարիքի բարձունքից կշտամբելով Արամին: Բայց կռվազան խոսեց, անհաշտ, ու Արամն էլ ընդմիջեց. «Մի գոռգոռա, արի տեսնեմ՝ ինչ ես ուզում»: Քայլեցին միչեւ գերեզմանատուն: Խորհրդանշական տեղ էր, առավել՝ քան սթափեցնող: Բայց տղամարդիկ սկսեցին իրար քաշքշել, հետո Սիմոնի գրպանի դանակը Սիմոնի ձեռքով իր սեւ գործն արեց:
Երբ Արամի տղան մոտեցավ կռվողներին, Սիմոնն արդեն զառիթափով գլորվել ու փախչում էր, իսկ Արամն ընկած էր արնաշաղախ: Դանակի վեց հարված էր հասցրել Սիմոնը: Չորս հարվածով կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ էր հասցրել: Ու հիվանդանոցի ճանապարհին Արամը մահացավ:
Փախուստի պահին
Զառիթափով գլորվելով՝ Սիմոնը մտածում էր, թե ի՞նչ է անելու հետո: Նա վազեվազ տուն հասավ, կնոջն ասաց, որ Արամին դանակահարել է, պիտի շտապ փախչեն գյուղից: Վախենում էր, որ գյուղը միասնականորեն իր՝ օտարի դեմ կելնի ու ինքնադատաստան կտեսնի: Բայց գյուղն ավելի հավասարակշիռ էր, քանի որ դեպքի մասին անմիջապես տեղեկացրին ոստիկաններին: Գուգարքի բաժնի աշխատակիցներն էլ փախուստի պահին, տնից մոտ 200 մետր հեռավորության վրա բռնեցին փախստականներին: Սիմոնը բերման ենթարկվեց, ապա եւ՝ կալանավորվեց: Նա ընդունում էր մեղքը, խոստովանում եւ զղջում: Բայց կատարվածն անուղղելի էր, ու նա պիտի պատասխան տար մարդ սպանելու համար:
«Խորին շնորհակալություն»
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը Սիմոնին մեղավոր ճանաչեց խուլիգանական դրդումներով կատարած սպանության համար եւ դատապարտեց 12 տարի ազատազրկման: Պատժաչափի մասին լսելով՝ Սիմոնը ֆիզիկապես զգաց իր՝ 60 տարեկանի անհեռանկար, անհույս վիճակը: Դատավճիռը բողոքարկեց՝ խնդրելով հաշվի առնել իր անձը, տարիքը, անկեղծ զղջումը:
Վերաքննիչ քրեական դատարանում Սիմոնի շահերի պաշտպանը փորձեց վիճարկել նաեւ սպանությունը խուլիգանական դրդումներով կատարված լինելու հանգամանքը, տուժողի գործողությունների մեջ գտնել անօրինականության տարրեր: Բայց Վերաքննիչ դատարանն արարքը վերաորակելու հիմքեր չտեսավ:
Վերջին դատական նիստի ժամանակ ամբաստանյալի կինը տուժող կողմին պատճառած վնասի մի փոքր մասը հատուցեց, ինչը դատարանը դիտեց որպես մեղմացնող հանգամանք, մեկ անգամ եւս հաշվի առավ Սիմոնի տարիքը, նախկինում արատավորված չլինելն ու անկեղծ զղջումը եւ մեկ տարով մեղմացրեց պատիժը: Սիմոնը դատապարտվեց 11 տարի ազատազրկման: Խորին շնորհակալություն հայտնեց: Ու դատարանի դահլիճից դուրս եկավ: