ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի երեկվա նիստում քննարկվել է ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող ընկերությունների բողոքն ընդդեմ «ԱրմենՏել» ընկերության:
«Վեբ», «Արմինկո» եւ «ՔրոսսՆեթ» ընկերությունների` հանձնաժողովին ուղղված դիմումում բարձրացվել են երեք հիմնական հարցեր: Դրանցից առաջինն այն է, որ ունենալով մենաշնորհային դիրք հանրային համակցված հեռախոսացանցի համար վարձակալած գծի ծառայությունների շուկայում` «ԱրմենՏելն» այդ ցանցի միջոցով վերջնական սպառողներին մատուցում է բարձր արագությամբ եւ ցածր գներով ինտերնետ հասանելիության ծառայություն («Հայ Լայն»), սակայն միաժամանակ՝ հնարավորություն չի տալիս այլ լիցենզավորված պրովայդերներին նման ծառայություններ մատուցել` չտրամադրելով նրանց հանրային համակցված հեռախոսացանցը («Բաշխիչ ցանցը») վարձակալության պայմաններով: Նաեւ պայմանագրային դրույթով սահմանափակվում է «Հայ Լայն» ծառայությունն օգտագործողի իրավունքը. օգտագործողն իրավունք չունի այդ ծառայությունն առաջարկել երրորդ անձանց կամ այն օգտագործել այլ էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցելու նպատակով: Երկրորդ հարցը վերաբերում է նրան, որ տվյալների փոխանցման համար վարձակալած գծերի ծառայությունների շուկայում ունենալով մենաշնորհային դիրք` «ԱրմենՏելը» մերժում է հատկացված գծերի վարձակալությամբ տրամադրելը պրովայդերներին: Իսկ երրորդ խնդիրը, ըստ պրովայդերների, այն է, որ անհրաժեշտ է Հայաստանում իրականացնել օպտիկամանրաթելային կապով արտաքին կապուղիների մատակարարման շուկայի ուսումնասիրություն` որոշելով գերիշխող դիրքի առկայությունը, ինչն էական ազդեցություն է թողնում ինտերնետ հասանելիության ծառայությունների մանրածախ շուկայի եւ այնտեղ ձեւավորվող գների վրա: Վերջին հարցին հանձնաժողովը կանդրադառնա առաջիկայում: Դիմումի հիման վրա հանձնաժողովը հարուցել էր վարույթ, որի ընթացքում դիմող կողմի ներկայացուցիչները պնդել են, որ «ԱրմենՏելը» տեխնիկապես հնարավորություն ունի հեռախոսային գծերը վարձակալությամբ տրամադրել պրովայդերներին, եւ որ պահից ընկերությունը համաձայնի եւ առաջարկի իր հեռախոսագծերի վարձակալության սակագինը, պրովայդերներն այդ պահից պատրաստ կլինեն մատուցել վերոնշյալ ծառայությունները: Ի պատասխան` «ԱրմենՏելը» պնդել էր, որ պատրաստ է իր գծերը վարձակալությամբ տրամադրել հստակ տեխնիկական, կազմակերպչական եւ այլ պայմանների առկայության դեպքում: Ինչ վերաբերում է հատկացված գծերի տրամադրման մերժմանը կամ հետաձգմանը, ապա, ըստ «ԱրմենՏելի» պատճառաբանության, ներկայում դրանք արդիականացվում են` պղնձալարերը փոխարինվում են օպտիկամանրաթելային մալուխներով: Հաշվի առնելով տեխնիկական առանձնահատկությունները` հանձնաժողովը կողմերին առաջարկել էր փոխադարձ համաձայնության գալ: Հանձնաժողովի իրականացրած աշխատանքի արդյունքում «ԱրմենՏելի» եւ 7 պրովայդերների («Վեբ», «Նեթսիս», «Արմինկո», «Սոֆթ Լինք», «ՔրոսսՆեթ», «Կոռնետ» եւ «Յուկոմ») միջեւ ստորագրվել էր հուշագիր: Դրանում ամրագրված դրույթներից է այն, որ սահմանվեն փոխգործակցության կանոններ ծառայությունների փոխադարձ տրամադրման, տրաֆիկի փոխանակման վերաբերյալ` նպատակ ունենալով բարձրացնել ինտերնետ ծառայությունների տրամադրման որակը եւ այլն: Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը երեկվա նիստում ասել է, որ «ԱրմենՏելը» չի կատարել համաձայնագրի դրույթները: «Կա ծառայություն, որն ուզում են օգտագործել պրովայդերները, սակայն դուք մերժում եք: Հետեւաբար, արձանագրվում է, որ գերիշխող դիրքն է ստեղծում այդ մերժման հնարավորությունը: Առաջին անգամ լավ գործ եք կատարել, սակայն հնարավորություն չեք տալիս, որ դրանից օգտվեն այլ կազմակերպություններ»,- հայտարարել է Ա. Շահնազարյանը: Ըստ նրա` եթե ընկերությունը պրովայդերներին այդ ծառայությունը մատուցելու հնարավորություն այդպես էլ չտրամադրի, ապա պետք է տեխնիկապես հիմնավորի իր արարքը եւ ինքն էլ դադարի տրամադրել այդ ծառայությունները: «ԱրմենՏելի» իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանն ի պատասխան նշել է, որ ընկերությունը միշտ էլ տալիս է եւ հետագայում էլ կտա ծառայությունների մատուցման հնարավորություն, եւ որեւէ խնդիր չի առաջացել: «Այդ դեպքում ինչ ենք քննարկում այստեղ: Ինչո՞ւ չեք աշխատում եւ համագործակցում պրովայդերների հետ»,- հարցրել է Ա. Շահնազարյանը: «ԱրմենՏելի» ներկայացուցիչները հարցը լուծելու համար հանձնաժողովից խնդրել են 15 օր ժամանակ: