Հուլիսի 13-ին բացվելու է հինգերորդ հոբելյանական «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որն ավանդաբար Հայաստան կբերի լավ ֆիլմերն ու տարբեր ազգերի կինոստեղծագործողներին:
Կրկին ամառվա յոթ օրերի ընթացքում մայրաքաղաքի կինոթատրոններում կցուցադրվեն փառատոնային ֆիլմերը, կանցնեն քննարկումներն ու ֆորումները: Ի դեպ, այս տարի «Ոսկե ծիրանը» որոշել է գումար չծախսել փառատոնի բացումն ու փակումը շքեղ ներկայացնելու համար: «Որոշեցինք հրաժարվել պոմպեզ բացում-փակումներից, եւ գումար չենք ծախսի թանկարժեք երգիչներ ու հաղորդավարներ հրավիրելու համար: Ուզում ենք, որ հանդիսատեսն ուշադրություն դարձնի փառատոնի պարունակության վրա»,- ասում է փառատոնի նախագահ, կինովավերագրող Հարություն Խաչատրյանը: Բացմանը կցուցադրվի Ռոման Բալայանի «Դրախտի թռչունները» ֆիլմը, իսկ փակմանը` Ատոմ Էգոյանի «Երկրպագումը»: Այս տարի նույնիսկ հրավառություն չի լինելու, սակայն ծիրանն ու ծիրանի օղին ներկա կլինեն: Փոխարենը հովանավորների գումարները կծախսվեն կինոդիտումների տոմսերն էժան դարձնելու համար: Անցյալ տարիների փորձը ցույց է տվել, որ տոմսերի գները բարձր էին, իսկ դահլիճները` կիսադատարկ: Այս տարի փառատոնի կազմակերպիչները վստահեցնում են, որ տոմսերը սիմվոլիկ` 300 դրամ են արժենալու: «Փառատոնային ֆիլմերի տոմսերը սովորաբար մի քանի անգամ ավելի թանկ են լինում, քան սովորական ֆիլմերի տոմսերը, բայց մենք հակառակ ճանապարհով գնացինք ու էժանացրեցինք տոմսերը»,- ասում է Հ. Խաչատրյանը:
Փառատոնային «Հողն» ու «Տունը»
Այս տարվա «Ոսկե ծիրանն» ուշագրավ շարունակական նախագծի հիմք է դնելու: «Անցած տարիների ժամանակ մենք ասում էինք, որ «Ոսկե ծիրանը» բացառիկ հնարավորություն է տալիս` մի կողմից` մեր երկիրը համաշխարհային մշակութային կոնտեքստում տեղավորելու համար, իսկ մյուս կողմից` աշխարհը Հայաստան բերելու համար: Այդ նպատակները մենք իրականացրել ենք: «Հայկական համայնապատկեր» անվանակարգում մենք կարողացանք ի մի բերել մեր ստեղծագործական ներուժն ու իրար հետ ծանոթացնել տարբեր երկրներում ֆիլմ նկարահանող հայ կինոգործիչների: Իսկ հիմա անցել է կուտակման ժամանակը, եկել է նախաձեռնելու ժամանակը»,- ասում է կինոգետ Դավիթ Մուրադյանը:
Հուլիսի 14-19-ը Երեւանի Կինոյի տանն անցկացվելու է «Համահայկական կինոնախագիծ» ֆորումը, որին կմասնակցեն տարբեր երկրների հայազգի կինոգործիչները: Այդ քննարկումների արդյունքը շատ տեսանելի է լինելու, քանի որ բոլոր հրավիրյալ ռեժիսորներին առաջարկվելու է մասնակցել մեկ խաղարկային եւ մեկ վավերագրական ֆիլմերի նկարահանմանը: Ինչպես ասաց Դ. Մուրադյանը` հանրագումարների հնգամյակն ավարտված է, եւ ստեղծագործական միջավայր ստեղծելու ժամանակն է եկել:
Փոքր կինոնովելների գաղափարներն առավելագույնը 10 րոպե տեւողություն ունեցող հեղինակային ֆիլմեր կդառնան եւ կամբողջանան «Տուն» ընդհանուր վերնագրի տակ: Այդպես կստեղծվի Հայաստանը ներկայացնող այն խաղարկային ֆիլմը, որը ոչ թե ինքնաբուխ ծնունդ կունենա, այլ` կխթանվի ու կխրախուսվի հենց փառատոնի ու պետության կողմից:
Ապագա վավերագրական ֆիլմը նույն սկզբունքով է ստեղծվելու եւ ունենալու է «Հող» պայմանական անվանումը։ Այն նույնպես բաղկացած կլինի բազմաոճ դրվագներից, որոնց հեղինակները կփորձեն «հող» հասկացությունը ֆիլմ դարձնել:
Ապագա ֆիլմերի մասնիկների գաղափարները, սցենարները, նկարահանման հետ կապված ծախսերը քննարկվելու են ֆորումի ընթացքում: «Ոսկե ծիրանի» նախագահն ասում է. «Կարեւորը սկսելն է, արդեն իսկ շատ դիստրիբյուտորներ ու պրոդյուսերներ կան, որոնք հետաքրքրված են ֆիլմերով, պատրաստ են դրանք ֆինանսավորել ու իրենց երկրներում ցուցադրել»:
Այսպիսով, հայկական ժամանակակից կինոյի մասին խոսակցությունները շատ կոնկրետ ուրվագծեր կստանան: Իսկ տարբեր մշակութային միջավայրում ձեւավորված հայազգի կինոռեժիսորները ֆիլմերին իրենց յուրահատուկ հեղինակային պոետիկան կփոխանցեն: Հրավիրյալ ռեժիսորների շարքերում են Ատոմ Էգոյանը, Ռոման Բալայանը եւ այլք, իսկ Հայաստանը կներկայանա Էդգար Բաղդասարյանի, Արա Շիրինյանի, Ռուբեն Գեւորգյանցի ապագա կինոնովելներով:
Վավերագրական կինոնախագիծը կղեկավարի Հարություն Խաչատրյանը, իսկ խաղարկային կինոնախագիծը` Ատոմ Էգոյանը: Նախատեսվում է «Տունն» ու «Հողը» ֆիլմերը ցուցադրել 2010 թվականին: «Կինոն պարբերաբար նախաձեռնողների կարիք է զգում: Փառատոնն ինքը կարող է կինո ստեղծել ու մշակութային արտադրանք տալ»,- վստահորեն ասում է Դ. Մուրադյանը:
Կաննի փառատոնը վերջերս ինքը ֆիլմի ստեղծում նախաձեռնեց ու հրավիրելով հայտնի ռեժիսորների` աշխարհին նվիրեց «Ես սիրում եմ Փարիզը» հեղինակային հայացքների հավաքածուն: Կինոգետ Արծվի Բախչինյանը հույս ունի, որ նման նախագծերը կշարունակվեն Հայաստանում, իսկ հաջորդ ֆիլմի թեման կլինի «Հայուհին եւ սերը»` ի նմանություն ֆրանսիական «Ֆրանսուհին եւ սերը» կինոֆիլմի:
Սարոյանն ու Հոլիվուդը
Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ «Ոսկե ծիրանը» հատուկ ծրագիր է պատրաստել: Կցուցադրվեն Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված 15 խաղարկային ու անիմացիոն ֆիլմերը, նաեւ` մեկ ֆիլմ, որն անձամբ Սարոյանն է նկարահանել` ցանկանալով ցույց տալ Հոլիվուդին, որ ինքն էլ կարող է ֆիլմ նկարահանել:
Սարոյանը հաճախ է համագործակցել ամերիկյան կինոստուդիաների հետ: Եվ իր «Մարդկային կատակերգություն» վիպակը սկզբում որպես կինոսցենար է գրել` կատարելով «Metro Goldwin Mayer» կինոստուդիայի հիմնադիր Լուիս Մեյերի պատվերը: Այդ սցենարի համար 1943 թվականին Սարոյանն արժանացել է «Օսկար» մրցանակի: Սարոյանը շատ էր ցանկանում անձամբ նկարահանել այդ ֆիլմը, սակայն կինոստուդիան հրաժարվեց նրան ռեժիսորի պարտականությունները վստահել: Վ.Սարոյանն, ապացուցելու համար, որ ինքն էլ կարող է ֆիլմ նկարահանել, ստեղծեց «Լավ գործ» 10 րոպե տեւողություն ունեցող կարճամետրաժ ֆիլմը: Ֆիլմի հերոսը նպար վաճառող մի մարդ է, ով շփվելով տարբեր մարդկանց հետ՝ իրեն երջանիկ է զգում: Ֆիլմի հերոսներից մեկը հայերեն զրույց է ունենում նպարավաճառի հետ, եւ դա Հոլիվուդի պատմության մեջ առաջին դեպքն է եղել, երբ էկրանից հնչել է հայերեն լեզուն:
Վիլյամ Սարոյանի ժառանգությունը շատ մեծ է, սակայն արխիվային նյութերն Ամերիկայում գրեթե չեն ուսումնասիրվում: Դ.Մուրադյանը նշեց, որ աշխարհին անծանոթ է Սարոյանի նամակագրությունը: Նաեւ` Սարոյանի ստեղծագործությունների որակյալ թարգմանությունների պակաս կա, եւ շատ ստեղծագործություններ կարելի է միայն անգլերեն կամ ռուսերեն լեզուներով կարդալ:
Փառատոնի օրերին Հայաստան կժամանի Վ.Սարոյանի եղբորորդին` կինոռեժիսոր Հենք Սարոյանը, ով հայ հանդիսատեսին առաջին անգամ կցուցադրի իր «Մաղադանոսի այգի» ֆիլմը: Իսկ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս, սարոյանագետ Տիգրան Գույումճյանը հանդես կգա «Սարոյանն ու կինեմատոգրաֆը» դասախոսությամբ: Արծվի Բախչինյանն էլ կներկայացնի իր «Չորս տեսիլք. Սարոյանն ու Հոլիվուդի դերասանուհիները» գրքույկը, որտեղ Սարոյանը կներկայանա՝ որպես կինոքննադատ, նաեւ` որպես չորս հայտնի աստղ-դերասանուհիների` Լիլիան Գիշի, Գրետա Գարբոյի, Միրիամ Հոփկինսի, Մերիլին Մոնրոյի ընկերը: Այդ բոլոր գեղեցկուհիները Սարոյանի մուսաներն են եղել:
Սարոյանի հոբելյանին նվիրված ծրագրերն աշնանը կցուցադրվեն նաեւ գրողի հայրենի Ֆրեզնո քաղաքում: