Թեեւ Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի 60-ամյակի առթիվ Երեւանում
շքերթ տեղի չունեցավ, բայց շատ դպրոցներում կրտսեր սերունդը փորձեց
լրացնել բացը: Ի տարբերություն այլ դպրոցների, Տարաս Շեւչենկոյի անվան թիվ
42 դպրոցում տոնը յուրովի նշվեց: Այն կրում էր «Մի ամբողջ մարդկային
կյանք» խորագիրը եւ նվիրված էր ոչ միայն հաղթանակի հոբելյանին, այլեւ
դպրոցի 62-ամյակին: «Դպրոցը գրեթե Մեծ հաղթանակի տարեկիցն է,- ասում է
միջոցառման կազմակերպիչ եւ դպրոցի ուսմասվար Անահիտ Համբարձումյանը:
-Դպրոցի եւ մեր երկրի հետպատերազմյան պատմության միջեւ կան զուգահեռներ:
Մենք փորձեցինք այդ զուգահեռների միջոցով ցույց տալ՝ ինչպիսին էր այդ
պատմությունը»: Երկրում կատարվող բոլոր իրադարձություններին դպրոցն
արձագանքել է: 1943 թվականին այն վերածվել էր հոսպիտալի: Ուսուցչական
անձնակազմի մի մասը մեկնեց ճակատ ու չվերադարձավ: 1988-ի ավերիչ
երիկրաշարժի ժամանակ դպրոցն անցավ բարեգործության: Այսօր բեմում ելույթ էր
ունենում այն սերունդը, որը մեծացել է Հայաստանի ցուրտ ու մութ տարիներին,
եւ որոնց խաղաղության համար Ղարաբաղյան պատերազմում զոհվեցին նաեւ այս
դպրոցի շրջանավարտներն ու ուսուցիչները: Տ. Շեւչենկոյի անվան դպրոցում
հիշում են զոհվածներին եւ մի ամբողջ մարդու կյանք ապրած դպրոցի
հաղթանակները կապում երկրի հաղթանակների հետ:
Սեփ. լր.