Այս տարի եւս համակարգիչներ ձեռք բերելու հնարավորություն կտրվի հանրապետության դպրոցներին: Աշխատանքներն իրականացնում է «Կրթական ծրագրի կենտրոնը» (ԾԻԳ) «Կրթության որակ եւ համապատասխանություն» վարկային ծրագրի շրջանակներում: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է կենտրոնի աշխատակից Ժաննա Անդրեասյանը, այժմ ընթանում է ծրագրի հինգերորդ փուլի նախապատրաստական գործընթացը: Հանրապետության դպրոցներին նախապես տրվում են դիմում-հայտեր, որտեղ նշվում է, թե քանի դասարան ունի եւ ինչպիսի տեխնիկայով է հագեցած, ըստ այդմ էլ, «Կրթական ծրագրերի կենտրոնը» որոշում է, թե քանի համակարգիչ է անհրաժեշտ տվյալ դպրոցին: Ժ. Անդրեասյանի խոսքով, դպրոցները վճարում են միայն համակարգչի արժեքի 41,67 տոկոսը եւ հնարավորություն է տրվում այն վճարել մաս-մաս՝ մեկ տարվա ընթացքում: «Մենք նշում ենք, թե տվյալ դպրոցին քանի համակարգիչ է անհրաժեշտ, սակայն վերջնական որոշում կայացնում են դպրոցները` ելնելով իրենց հնարավորություններից»,- ասել է Ժ. Անդրեասյանը: Ըստ վերջին տվյալների` ծրագրի 4 փուլերի ընթացքում հանրապետության դպրոցների համար ձեռք է բերվել մոտ 6000 համակարգիչ: Ժ. Անդրեասյանը նկատել է, որ ծրագրին մասնակցելու համար ավելի շատ դիմում են մարզերի դպրոցները, առավել ակտիվ են Շիրակի եւ Սյունիքի դպրոցները: «Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել հանրապետության բոլոր դպրոցները, սակայն մենք առաջնային ուշադրություն ենք դարձնում նրանց, որոնք երբեւէ ծրագրում չեն ընդգրկվել եւ քիչ համակարգիչներ ունեն»,- նշել է նա: Հուլիսին պարզ կդառնա, թե այս տարի որ դպրոցներին քանի համակարգիչ է անհրաժեշտ, եւ կկնքվեն համապատասխան պայմանագրեր: Նախնական դիմում-հայտերի լրացման եւ կնքման աշխատանքները կիրականացվեն «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» (ԿՏԱԿ) մարզային համակարգողների միջոցով: «Կրթության որակ եւ համապատասխանություն» վարկային ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: