Մարտի 1-ից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքում ընթացող զարգացումներն աստիճանաբար մոտենում են հանգուցալուծման՝ այն առումով, որ անկախ իրադարձությունների զարգացման այս կամ այն սցենարից՝ առաջիկայում քաղաքական գործընթացները մտնելու են նոր փուլ: Իսկ թե ինչպիսին կլինի այդ նոր փուլը, կարելի է ենթադրել հենց երեկ տեղի ունեցած մի շարք իրադարձություններից: Նախ՝ երեկվա արտահերթ նիստում ԱԺ-ն 93 կողմ ձայնով ընդունել է մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշումը, որը բոյկոտել է խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժը` «Ժառանգությունը», քանի որ հանձնաժողովի ստեղծման հետ կապված վերջինիս ներկայացրած որեւէ առաջարկ չի ընդունվել: Եվ չնայած հանձնաժողովի երեկ ընտրված ՀՀԿ-ական նախագահ Սամվել Նիկոյանը հույս է հայտնել, որ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը կզբաղեցնի «Ժառանգության» անդամներից որեւէ մեկը, վերջիններս բացառել են նման հնարավորությունը: Իսկ մինչ ԱԺ-ն ընդունել է այս որոշումը, նախագահ Սերժ Սարգսյանն էլ վավերացրել է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը, երեկ Երեւանի քաղաքապետարանը մերժել է ընդդիմության երկրորդ իրազեկումը` հունիսի 20-ին Ազատության հրապարակում կամ Մատենադարանին հարող տարածքում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ: Այս բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել այն օրը, երբ Երեւան են ժամանել ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն` ԵԽ ԽՎ 1609-ի պահանջների կատարման ընթացքն ուսումնասիրելու նպատակով: Եվ եթե առաջնորդվենք մեր ներքաղաքական «բառապաշարով», ապա վերջիններս Հայաստան կատարած այցից հետո պետք է անհապաղ այցելեն ակնաբույժի` «փչված թոզի» հետեւանքները վերացնելու համար: