Երեկ ԱԺ-ում քննարկվել է Սփյուռքի նախարարություն ստեղծելու մասին հարցը: Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը` նախ անտրամաբանական ու «մեծ ճոխություն» համարելով Հայաստանի նման փոքր երկրում 18-րդ նախարարությունը ստեղծելու մտադրությունը, ասել է, թե չի կարծում, որ ՀՀ կառավարությունը «զբաղվածության բյուրո» է: Նաեւ առաջարկել է Սփյուռքի նախարարություն ստեղծելու փոխարեն՝ Հայկական սփյուռքի հետ կապերի հարցերով փոխվարչապետ նշանակել, որը կհամակարգի բոլոր ոլորտների աշխատանքները սփյուռքի հետ: «Ես չեմ առաջարկում, որ այդ աշխատանքները տրվեն ներկայիս փոխվարչապետին: Այդ նախարարն առնվազն պետք է ունենա փոխվարչապետի կարգավիճակ»,- ասել է Վ. Դալլաքյանը: Այս հարցի քվեարկությունը կկայանա այսօր: Նշենք, որ որպես Սփյուռքի ապագա նախարար՝ շրջանառվում է ԱԺ Կրթության եւ գիտության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի անունը: ԱԺ-ում վերջինիս զբաղեցրած պաշտոնը, որը քվոտայով պատկանում է ՀՀԿ-ին, մեր տեղեկություններով, տրվելու է ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանին, բայց՝ ԱԺ աշնանային նստաշրջանի ժամանակ, քանի որ որոշվել է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների հարցին անդրադառնալ արձակուրդից հետո: