Հունիսի 23-ին մեկնարկող ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանում քննարկվելու է ՀՀ-ի կողմից 1609 բանաձեւի պահանջների կատարման ընթացքը, որի արդյունքներից կախված ԵԽ-ն կորոշի՝ ՀՀ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվելո՞ւ են, թե՞ ոչ: Եվ որպեսզի ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակությունն այդ նիստին «դատարկաձեռն» չմասնակցեր, երեկ ԱԺ արտահերթ նիստում կոալիցիան ներկայացնող մի շարք պատգամավորների հեղինակությամբ քննարկման դրվեց «ԵԽ ԽՎ 1609 բանաձեւի առաջարկությունների կատարման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ: 19 կետերից բաղկացած նախագծում կոալիցիան ներկայացրել էր, թե ինչ քայլեր է կատարել 1609-ի պահանջներն իրականացնելու ուղղությամբ: Սակայն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության գնահատմամբ, այս հայտարարությունը սովորական թուղթ է` «գալոչկա» ստանալու համար, որն իշխանությունները ներկայացնելու են ԵԽ ԽՎ-ին: Ըստ խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի` հայտարարության մեջ ընդգրկված կետերը, որոնք կոալիցիան ներկայացնում է որպես կատարված կամ ընթացքի մեջ գտնվող, հիմնականում կատարված չեն: Օրինակ, Ա. Մարտիրոսյանը` մեջբերելով հայտարարության 5-րդ կետը, ըստ որի` «դեռեւս անհրաժեշտություն կա երկխոսություն հաստատել «Ժառանգության» եւ կոալիցիայի միջեւ, ինչպես նաեւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ` ՀՀ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար», հարց ուղղեց ԱԺ-ին. «Արդյո՞ք մենք երկխոսություն ենք հաստատել «Ժառանգության», առավել եւս՝ արտախորհրդարանական ընդդիմության հետ: «Ժառանգությունը բազմաթիվ անգամներ երկխոսության առաջարկով հանդես եկավ, հարգվե՞ց նրա այդ առաջարկը, իհարկե` ոչ»: Ըստ նրա` երկխոսելու փորձ չի արվել նույնիսկ ԱԺ միակ ընդդիմադիր քաղաքական ուժի հետ, այն դեպքում, երբ հենց «Ժառանգությունն» է հանդես եկել նման առաջարկով: «Ժառանգությունը» չսպասեց, այլ ինքն իր բարի կամեցողության ձեռքը մեկնեց, եւ այդ ձեռքն օդում մնաց»,- հայտարարեց Ա. Մարտիրոսյանը` նկատելով, որ երկխոսություն չեղավ ոչ միայն իրենց, այլեւ եւ, առավելեւս, արտախորհրդարանական ընդդիմության հետ: Նա անդրադարձավ նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի օրինականության շուրջ ԱԺ-ում կազմակերպված լսումներին` ասելով. «Մենք ԱԺ-ում քննարկում էինք` արդյոք պաշտպանն իրավունք ունի՞ նման զեկույց գրելու: Մնացել էր վերջում էլ ասեինք` մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը պե՞տք է ՀՀ-ին, թե՞ ոչ, էդ էլ անեինք ու պըրծ»: Իսկ խմբակցության տեսակետը ներկայացնելիս Վարդան Խաչատրյանն ասաց, թե հայտարարության վերաբերյալ «Ժառանգության» դիրքորոշումը կհստակեցվի կախված նրանից, թե որքանով կընդունվեն իրենց առաջարկությունները: Իսկ կոալիցիան ներկայացնող ԱԺ-ի քաղաքական ուժերն իրար հետեւից ողջունեցին իրենց ներկայացրած հայտարարության տեքստը: Օրինակ, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը բոլոր նրանց, ովքեր «փորձում էին հայտարարությունը ներկայացնել իբրեւ դրսից թելադրված պահանջ», խորհուրդ տվեց մեկ անգամ էլ կարդալ Սահմանադրության 1-ին հոդվածը, ըստ որի` ՀՀ-ն նաեւ ժողովրդավարական եւ իրավական պետություն է: «Սա մեր ժողովրդի ընտրությունն է եղել, սա եղել է մինչեւ ԵԽ-ին անդամակցելը: Սա դրսի ճնշում չէ, ժողովրդավարական ուղին ՀՀ քաղաքացու եւ ժողովրդական հանրույթի ընտրությունն է, հետեւաբար, ի սկզբանե դատապարտված են բոլոր այն մոտեցումները, որոնք փորձում են ՀՀ իշխանությունների՝ ժողովրդավարության խորացման եւ հասարակական ճգնաժամից դուրս բերող քայլերը հիմնավորել ինչ-ինչ արտաքին ճնշումներով»,- ասաց նա: Այնուհետեւ` դիմելով «Ժառանգությանն», ասաց. «Որ ճնշումներ կան, դուք ինձանից լավ գիտեք, որովհետեւ գուցե նաեւ ինքներդ եք մասնակցում այդ ճնշումների իրականացմանը Հայաստանի վրա»: Հայտարարության տեքստը քվեարկության կդրվի այսօր:
Հ.Գ. Հունիսի 16-ին Երեւան ժամանած ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն երեկ առավոտյան հանդիպել են ԱԺ նախագահի, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախագահի եւ ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարի հետ: Ավելի ուշ կայացել է նրանց հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ըստ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության, Ս. Սարգսյանն ընդգծել է, որ 1609 բանաձեւի դրույթների իրականացումը բխում է իր նախընտրական ծրագրից եւ համահունչ է քաղաքական կոալիցիայի հռչակած առաջնահերթություններին: Նույն հաղորդագրության համաձայն, Ջ. Պրեսկոտը բարձր է գնահատել նախագահի կողմից հատուկ աշխատանքային խմբի ստեղծումը եւ բանաձեւի դրույթների իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Ջ Պրեսկոտն ընդգծել է, որ, «չնայած ԵԽ ԽՎ-ն շատ լավ հասկանում է, որ բանաձեւի դրույթների իրականացման համար նախանշված ժամանակահատվածը բավարար չէ բոլոր ուղղություններով ամբողջական առաջընթաց ունենալու համար, սակայն ուրախ է արձանագրելու բարեփոխումների իրականացման ուղղությամբ առկա քաղաքական կամքը»: Ս. Սարգսյանի հետ հանդիպումից հետո համազեկուցողները հանդիպել են նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: Իսկ երեկոյան նրանք «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ճաշել են ԱԺ-ի ԵԽ ԽՎ պատվիրակության անդամ պատգամավորների հետ: Հավանաբար, այսօր Ջ. Պրոսկոտը եւ ժ. Կոլոմբիեն կհանդիպեն նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ հետընտրական զարգացումների ընթացքում կալանավորվածների դատապաշտպանների հետ: