Երեկ, Երեւանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի ժամանակ, փոխքաղաքապետ Կամո Արեյանը հայտարարել է, թե Երեւանի քաղաքապետարանին մտահոգում է այսօր մայրաքաղաքում տիրող վիճակը, սակայն շտապել է այդ հարցում մեղադրել տեղական ինքնակառավարման մարմիններին:
Ինչպես Երեւանի հետ կապված ցանկացած խնդրում վարվում են Երեւանի քաղաքապետարանի գրեթե բոլոր պաշտոնյաները` Երվանդ Զախարյանի գլխավորությամբ: Կ. Արեյանն ասել է, թե մասնավորապես Երեւանի քաղաքապետարանին մտահոգում են մայրաքաղաքում ընթացող շինարարության, ինքնակամ շինությունների եւ հողազավթումների հարցերը։ Ըստ նրա, շատ դեպքերում վիճակն անմխիթար է, կամ գոհացուցիչ չէ, քանի որ օրենսդրությունն է թերի, բացի այդ, նույն հարցում պատասխանատու են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները միաժամանակ, ինչն էլ բերում է կոլեկտիվ անպատասխանատվության: Երեւանի քաղաքապետի տեղակալն ասել է, թե այսօր ինքնակամ շինությունների կանխման, կանխարգելման, կասեցման եւ հետեւանքների վերացման համար պատասխանատու են ՏԻՄ-երը, փաստաթղթերի եւ շինարարության որակի ընթացիկ ստուգումների համար պատասխանատու է քաղաքաշինության ընթացիկ տեսչությունը, իսկ ընդհանուր հսկողություն իրականացնում է Երեւանի քաղաքապետը: Իրականում Կ. Արեյանը` իրավացի լինելով օրենսդրության թերության հարցում, չի մանրամասնել, որ քաղաքացիների դժգոհությունների հիմնական մասը` կապված առաջին հերթին ապօրինի շինությունների հետ, պայմանավորված է հենց դրանով: Սակայն բնակիչներին օրենսդրական նրբություններն ու լիազորությունների բաշխվածության հարցերը հաճախ չեն հետաքրքրում, եւ նրանք որեւէ համայնքում որեւէ ապօրինի ավտոտնակի կառուցումից մինչեւ կանաչ տարածքում էլիտար շենքերի շինարարության հարցում մեղադրում են իրենց համայնքի ղեկավարությանը: Այն դեպքում, երբ վերջինս հողահատկացման լիազորություն չունի, քանի որ մայրաքաղաքում անգամ մեկ քառակուսի սանտիմետր տարածք հատկացնում եւ այդտեղ շինարարություն իրականացնելու (այդ թվում` ապօրինի) թույլտվություն է տալիս Երեւանի քաղաքապետարանը: Ինչեւէ, չնայած քաղաքային իշխանության «մտահոգություններին», այդուհանդերձ, ինչպես երեկ Կ. Արեյանն է հայտարարել, այսօր վիճակը գոհացուցիչ չէ, սակայն շատ ավելի լավ է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում: Ըստ Երեւանի փոխքաղաքապետի, 2008 թվականի անցած 5.5 ամսում կազմվել է պետական սեփականություն հողերի զավթման եւ դրանց վրա ինքնակամ շինարարություն սկսելու վերաբերյալ 95 արձանագրություն, քաղաքապետարանն իրականացրել է 102 քանդում՝ 4 անգամ ավելի, քան անցած տարի: Երեւանի 12 թաղապետարանները միասին կազմել են 25 արձանագրություն: Երեւանի քաղաքապետարանը նաեւ վարչական տույժերի է ենթարկել կարգազանցներին: Անցած 5.5 ամսում կազմվել է 78 գործ, որի արդյունքում գանձվել է 11.66 միլիոն դրամի տուգանք: Անցած տարվա առաջին 5-6 ամիսներին գանձվել էր ընդամենը 5 միլիոն դրամ: Այս տարի բազմաթիվ դեպքերում տույժերը գանձվել են դատարանի վճիռներով: Բացի նշված 11.66 միլիոնից, 45 գործով արդեն պետական բյուջե է փոխանցվել եւս 10.38 միլիոն դրամ: 59 գործ դեռ ընթացքի մեջ է, Երեւանի եւ քաղաքապետարանի օգտին վճռի դեպքում կփոխանցվի եւս 21.27 միլիոն դրամ: «Վարչարարությունն է միակ ճանապարհն օրինազանց քաղաքացիներին պարտադրելու կատարել օրենքի պահանջները: Քաղաքաշինական ծրագրերում բազմաթիվ են շեղումները փաստաթղթերից: Ասել՝ ամեն ինչ կատարյալ է, ամեն ինչ 100 տոկոսով վերահսկելի է, եւ պարտավորությունները երկկողմանի կատարվում են, կնշանակի՝ հեռու լինել մայրաքաղաքում տիրող իրավիճակից: Պետք է անկեղծորեն եւ անթաքույց ասել, որ մենք ունենք լրջագույն անհանգստություններ, լրջագույն խնդիրներ, եւ մի բան հստակ դրված է երկրի բարձրագույն իշխանության եւ քաղաքապետի կողմից. օրենքի պահանջների առջեւ բոլորը հավասար են: Ոչ ոք այլեւս չի կարող իր տիտղոսով, կոչումով, պաշտոնով, ունեցած կապիտալի չափով, ազդեցիկ հարազատներով, իր այլեւայլ հնարավորություններով ազդել քաղաքապետարանի եւ քաղաքային իշխանությունների վրա: Բոլորն օրենքի առջեւ հավասար են»,- ահա այսպիսի խիստ հայտարարություններ է արել Կ. Արեյանը: Իհարկե, լավ է, որ Երեւանի քաղաքապետարանը որոշել է նման կտրուկ քայլեր ձեռնարկել՝ խստացնելու ապօրինի շինարարության դեմ պայքարը: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ վերջին առնվազն 3 տարում քաղաքային իշխանությունները չեն փոխվել, իսկ այսօր Երեւանում ապօրինաբար կառուցված եւ կառուցվող շատ շինությունների հողահատկացումներ եւ կառուցապատման թույլտվություններ տրվել են հենց այդ ընթացքում` հենց նույն պաշտոնյաների կողմից:
Իհարկե, այս, մեղմ ասած, տրամաբանական հակասությունը տեսնում է նաեւ Կ. Արեյանը եւ, թերեւս, դրա համար է երեկ հայտարարել, որ Երեւանի քաղաքապետարանը որդեգրել է «ինքներս տեսնենք մեր խնդիրները եւ հայտարարենք դրանց լուծման մասին» գործելաոճը: Սակայն` ճշտելու համար, թե քանի քաղաքացի է հավատում նման հեռանկարին, Երեւանի քաղաքապետարանին առաջարկում ենք ստուգել իրենց սիրած «մեկ պատուհանի» սկզբունքով: Հույս ունենք, որ «մեկ պատուհանը» չի դառնա «մեկ պատուհաս»: