Սովորաբար, Դեմիրճյանի մասին դատողություններ անելիս, ելնում են նրանից, թե նա քաղաքականության մեջ պատահաբար է հայտնվել. չլիներ «Հոկտեմբերի 27»-ը, երբ ԱԺ-ում սպանեցին հորը՝ Կարեն Դեմիրճյանին, քաղաքականություն չէր մտնի որդին:
Այս դատողության մեջ, անշուշտ, ճշմարտություն կա, եւ այն մոտ է իրականությանը, սակայն նման «պատահականություններով» չի բացատրվում կամ հիմնավորվում մյուսների, անգամ՝ ամենահայտնի գործիչների քաղաքականության մեջ մտնելու պատճառաբանությունը: Իրոք, չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ Հայաստանում բոլորին քաղաքականություն է բերել ղարաբաղյան հակամարտության խնդիրը, սակայն այդ դեպքում էլ ոչ ոք համոզված չի կարող պնդել, թե Ղարաբաղը ավելի լուրջ դրդապատճառ է քաղաքականություն մտնելու համար, քան անձի անհատական մոտիվացիան, եթե չասենք՝ ճիշտ հակառակը: Սակայն անձնական մոտիվացիան միշտ էլ հանգեցնում է առասպելաբանության, գրականագիտության լեզվով՝ սյուժեի (պատմության), համաձայն որի՝ բացատրելի է դառնում յուրաքանչյուր մարդու վարքաբանությունը:
Հայաստանում տարածում ունեն մի քանի առասպելաբանություններ, որոնք այդպիսին չեն գիտակցվում՝ առաջին հերթին քաջնազարականությունը, երբ, բախտի եւ հանգամանքների երջանիկ բերումով ինչ-որ մեկը հասնում է անսպասելի հաջողության (այդ մասին կխոսենք մի այլ հոդվածում), մեծ տարածում ունի նարցիսիզմը (հատկապես անկախության առաջին տարիների քաղաքական ուժերի ինքնասիրահարվածությունը), որքան էլ զարմանալի է` նաեւ էդիպյան բարդույթը, ինչպես նաեւ՝ ադամական կոմպլեքսը (ետկոմունիստական համակարգի վերջին ուտոպիստները, որոնք կոմունիստական անցյալը պատկերացնում են որպես դրախտ, խորհրդային մարդուն՝ դրախտում ապրող Ադամ) եւ այլն: Եթե Ստեփան Դեմիրճյանին քաղաքականություն է բերել հոր սպանության դրդապատճառը, այդ դեպքում մենք գործ ունենք Շեքսպիրի հռչակավոր ողբերգության՝ համլետյան մոտիվացիայի հետ: Շատ չմանրամասնելով խնդիրը, փորձենք մի քանի գծերով ներկայացնել այդ՝ համլետյան բարդույթին բնորոշ հատկությունները:
Հետաքրքիրն այն է, որ համլետյան բարդույթ ունեցողներն ունենում են ճիշտ այն հատկանիշները, որ ուսումնասիրողների կարծիքով՝ ուներ Շեքսպիրի նշանավոր հերոսը՝ վճռականության պակաս, անկամություն, բնավորության բացակայություն: Տոլստոյն այնքան հեռու գնաց, որ Համլետին «մեղադրեց» «դատարկ» լինելու մեջ: Այս ամենը ճշմարիտ է թվում, քանի որ հենց առաջին գործողության մեջ Համլետն իմանում է հոր սպանության գաղտնիքը, նաեւ այն, թե ով է սպանողը, սակայն վճռական գործողությունների չի դիմում, ընդհակառակը՝ հապաղում է եւս չորս գործողություն, այսինքն՝ մինչեւ ողբերգության ակամա հանգուցալուծումը: Համլետին վերագրվող այս հատկանիշները, անշուշտ, արդարացի կլինեին, եթե անտեսելու լինենք գրականության, այս դեպքում՝ ողբերգության ժանրի հրամայականը, մանավանդ այն ընկալմամբ, որ ունեին Անտիկ աշխարհից Վերածնունդ ձգվող ժամանակների դրամատուրգները. այն ունի հինգ գործողություն, եւ գլխավոր հերոսը չէր կարող իր «խաղաքարտերը» բացել մինչեւ գործողությունների ավարտը:
Դեմիրճյանի, որպես քաղաքական գործչի (եւ ոչ մարդու), ամենաբնորոշ գիծը ոչհաղորդակցականությունն է կամ՝ թույլ հաղորդակցականությունը, շփվելու դժվարությունը: Այլ կերպ ասած՝ ոչ թե դժվարությունը շփվելն է, այլ երկխոսության նվազագույն հնարավորությունը: Նա չի զրուցում, մենախոսում է: Այս հանգամանքը նրա լեզուն դարձնում է չոր, կարծրատիպերով հարուստ մի լեզու, որ ավելի շատ համակարգչային ծրագիր է հիշեցնում, քան կենդանի խոսք: Նա սրտաբաց է, երբեմն՝ սրամիտ, հատկանիշներ, որոնք ուրիշ մարդու դեպքում կարող էին հաղորդակցվելու մեծ հնարավորություններ ընձեռել, մինչդեռ Դեմիրճյանի դեպքում չեն գործում: Այդ պատճառով միեւնույն համոզվածությամբ կարելի է պնդել, որ նա հասկանալի եւ կանխատեսելի է՝ որպես քաղաքական գործիչ, եւ անհասկանալի կամ փակ է՝ որպես մարդ: Դա այդպես է, բայց նա «քաշվում» է իր պատյանի մեջ՝ որպես մարդ, եւ հակառակ սեփական կամքի՝ «բաց» է որպես քաղաքական գործիչ, միմիայն այն պատճառով, որ մեզանում ձեւավորվել է քաղաքական գործչի մի կարծրատիպ, ըստ որի՝ եթե ընդդիմադիր ես, ուրեմն պետք է առանց միջոցների խտրականության օգտագործես բոլոր հնարավորություններն իշխանության հասնելու համար, իսկ եթե իշխանամետ ես, ուրեմն՝ սազը ձեռին աշուղ, որ գովաբանում է իշխանությանը: Սա, անշուշտ, քաղաքական պրիմիտիվիզմ է, եւ, որքան էլ տեսականորեն ենթադրենք, թե Հայաստանում ամեն ինչ քաղաքականացված է, իրականությունն այն է, որ Հայաստանում ամեն ինչ կա, բացառությամբ՝ քաղաքականության: Վերադառնալով Դեմիրճյանի պարագային, հարկ է շեշտել, որ նա բացառապես իդեալիստ է՝ առանց իդեայի: Եվ այն բոլոր գաղափարները, որ նա ասում է, ավելի շուտ շուտասելուկներ են, քան հիմնավորված ասելիք: Նա արագ-արագ դրանք ասում եւ ստեպ-ստեպ կրկնում է, որպեսզի… չմոռանա, կամ չասի այն, որ նախապես չի մտածել: Նա հայաստանյան այն քաղաքական գործիչներից է, որ ամենից շատ է վախենում սխալվելուց: Նրա համար քաղաքականությունը ոչ թե հնարավորի արվեստն է, ինչպես շատերը կարծում են, այլ՝ չսխալվելու: Այդ պատճառով նրա համար քաղաքականությունը նախ եւ առաջ սարսափելի է, հետո միայն՝ ցանկալի: Միեւնույն պատճառաբանությամբ, Դեմիրճյանն իշխանությունն ընկալում է որպես նվեր, որ կարող է ստանալ սահմանադրական ճանապարհով, այսինքն՝ արդար ընտրությունների շնորհիվ, եւ ոչ թե պայքար, որով կարելի է հասնել դրան: Նա առհասարակ բացառում է պայքարը՝ որպես իշխանության հասնելու միակ ու արդյունավետ միջոց: Սա, իհարկե, նոնսենս է քաղաքական տեսակետից, սակայն Դեմիրճյանի համար՝ չափազանց հասկանալի պարագա: Այդպես վարվելով, նա, անշուշտ, ենթագիտակցորեն կրկնում է երջանկահիշատակ հոր՝ Կարեն Դեմիրճյանի 1998թ. նախագահական ընտրություններից հետո ցուցաբերած վարքը, երբ վերջինս ոչ մի քայլ չարեց վիճարկելու ընտրությունների օրինականությունը: Կրկնությունը՝ կրկնություն, սակայն որդին, գուցե թե անգամ չգիտակցելով, քաղաքականություն բերեց մի նրբերանգ, որ դաջված է հայաստանյան գրեթե բոլոր քաղաքացիների գիտակցության մեջ, սակայն դրա ինքնագիտակցումը համազոր է դատապարտվածության. Հայաստանում իշխանության հասնում են ոչ թե պայքարի միջոցով, ինչպես ընդունված է բոլոր երկրներում քաղաքականության խաղի կանոններով, այլ պահպանում են այն, ինչ ունեն, այսինքն՝ վերարտադրվում են: Դժվար է սա ազգային պահպանողականության օրինակ համարել կամ բացատրել ժողովրդի մտակերտվածքով (մենթալիտետ): Պարզապես իշխանությունից դուրս հայաստանյան ոչ մի քաղաքացի իրեն երջանիկ ու ապահով չի զգում, թեպետ դժվար է պնդել, թե իրեն երջանիկ եւ ապահով է զգում իշխանության մեջ գտնվողը, եթե չասենք, որ իշխանություն չունեցողին տեսականորեն ավելի հասու են նշված որակները:
Նույն պատճառաբանությամբ, գրեթե անհասանելի երազանք է թվում քաղաքացիական հասարակության ձեւավորումը, որովհետեւ իր մասնագիտությամբ եւ կոչումով առայժմ ոչ ոք մարդավայել ապրել չի կարողանում:
Դեմիրճյան քաղաքական գործչի նման դիրքորոշումը քաղաքացիականության տեսակետից (սահմանադրության գերապատվություն) գուցե թե դրական համարվեր, եթե հանրապետությունում գերակշռեին ժողովրդավարական նորմերը, բայց, քանի որ այդպես չէ, նրա ունեցած քաղաքական ռեսուրսներն արագորեն մաշվեցին (իհարկե, այդ խնդրում չար դեր խաղացին «Արդարություն» դաշինքի մեջ մտած ուժերը), եւ միանգամայն կանխատեսելի էր, որ Ազգային ժողովի մայիստասներկուսյան ընտրություններին նրա գլխավորած կուսակցությունը կարողանար հաղթահարել հինգ տոկոսը: Հիմա նա իսկական ընդդիմության՝ Լ. Տեր-Պետրոսյանի կողքին է, եւ կարելի է չկասկածել, որ ավելի հավատարիմ կլինի նրան, քան վերջինիս կրկին քաղաքական ասպարեզ բերած ուժերից շատերը, որովհետեւ արդեն հաղթահարել է իր տոհմական կարման եւ կարծում է, որ մոտ է հինգերորդ գործողության հանգուցալուծումը: