«Ես ու Րաֆֆին հաշվում էինք, թե այդ գումարով քանի աղքատ ընտանիքի կարող էինք օգնել»

21/06/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Օրրան» կենտրոնի եւ «Պատանեկան նվաճումներ» կազմակերպության նախագահ Արմինե Հովհաննիսյանի անսահման բարությունը վարակիչ է: Նա կարողանում է իրեն շրջապատող մարդկանց մեջ գթասրտություն սերմանել` հարեւանի, մերձավորի կամ օտար մարդու հանդեպ: Մեր օրերում ամենուր ընտանիքի մոդելի անկում է տեղի ունենում, խեղաթյուրվում է ընտանիքի գաղափարը, մինչդեռ Ա. Հովհաննիսյանի գաղափարների շնորհիվ Հայաստանում ծանր իրավիճակում հայտնված շատ ընտանիքներ կարողանում են գտնել ընտանեկան ներդաշնակությունը: Օրինակ` «Օրրան» կենտրոնի գաղափարն ինքնին ընտանեկան, սիրո, ջերմ մթնոլորտ է ստեղծել: Այստեղ հաճախում են ծերեր եւ երեխաներ, ովքեր փոխլրացնում են չունեցած տատիկ-պապիկներին, կամ կորցրած երեխաներին ու թոռնիկներին: «Օրրանն» օրինակելի ընտանիք է, որտեղից դուրս են գալիս ՀՀ կայացած քաղաքացիներ, ինչպես նաեւ՝ կյանքի հանգամանքների բերումով հարազատներին, երեխաներին կորցրած, լքված, բայց նոր երեխաներ ու թոռնիկներ գտած, ջերմ ուշադրության արժանացած մեծահասակներ, ովքեր կյանքի վերջին տարիներին գտել են միանգամայն նոր ընտանիք, որի անդամները կրում են արժեհամակարգի օրինակելի չափանիշներ: Արմինե Հովհաննիսյանն ուժեղ եւ կենսուրախ մարդ է: Թեեւ նա մշտապես շփվում է մեր հասարակության ամենախոցելի խմբերի հետ, բայցեւ կարողանում է միշտ ժպտալ: Իր երեխաներին նույնպես ներգրավվել է «Օրրան» կենտրոնում, որպեսզի վերջիններս դաստիարակվեն կարիքի մեջ գտնվող մարդկանց կողքին լինելու չափանիշներով: «Օրրանում» բոլորն իրար սիրում եւ օգնում են:

– Ինչպե՞ս եւ ե՞րբ է հիմնադրվել «Օրրան» կենտրոնը, եւ այն հիմնադրելիս ո՞րն է եղել Ձեր նպատակը:

– «Օրրանը» հիմնադրվել է 2000 թվականին, հետեւաբար՝ արդեն ութ տարեկան է: Դրանից առաջ, երբ ես ու Րաֆֆին (ամուսինը` «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը. -Լ.Ս.) երեկոյան այցելում էինք ինչ-որ տեղ զվարճանալու` այնտեղից դուրս գալիս մշտապես հայտնվում էին երեխաներ, ովքեր օգնության ձեռք էին մեկնում: Այդ երեւույթը մեզ համար զարմանալի, տխուր, ցավալի եւ անընդունելի էր: Զարմանում էինք, թե ինչպես կարելի է թույլ տալ, որ հայ երեխան այս ժամանակներում հացի խնդիր ունենա: Մենք պատմական գրքերի, հեքիաթների մեջ կարդացել էինք նման ցավալի երեւույթների մասին, բայց չէինք պատկերացնում, որ մեր օրերում փողոցներում պիտի հանդիպենք գիքորների: Ամեն անգամ ռեստորանից, զվարճանքի վայրից դուրս գալիս ես ու Րաֆֆին սկսում էինք հաշվել, թե ծախսած գումարով քանի երեխայի կամ ընտանիքների կարող էինք օգնել: Իսկապես մեղավորության զգացում էինք ունենում, այդ միտքը երկար ժամանակ մեզ տանջում էր, խոսում-քննարկում էինք այդ հարցը: Սփյուռքահայերից շատերն այդ ընթացքում մոտենում եւ ինձ ասում էին, որ ուզում են Հայաստանում ծրագիր իրագործել, օգնել ինչ-որ կերպ: Որպես կանոն` ես առաջարկում էի նման երեխաներին օգնության ձեռք մեկնել, աջակցել, ծրագրեր մշակել, որովհետեւ օրեցօր նման երեխաների թիվն ավելանում էր: Հետաքրքիրն այն էր, որ ամենասկզբում առաջին ծիծեռնակներին մենք տխրությամբ կամ զարմանքով էինք նայում, մինչդեռ ժամանակի հետ որպես ժողովուրդ համակերպվեցինք այդ երեւույթի հետ եւ սկսում էինք անտարբերությամբ անցնել փող մուրացող, քաղցած երեխաների մոտով: Դա ինձ մեծ ցավ էր պատճառում, որովհետեւ շատ, ընկալելի, սովորական էր դառնում այդ երեխաների՝ փողոցում հայտնվելու հանգամանքը:

– Փաստորեն, Դուք այդ տարիների՞ն էիք ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխվել, եւ Ձեզ համար նորո՞ւյթ էր փողոցներում հայտնված երեխաների տեսարանները:

– Ոչ, մենք Հայաստան էինք տեղափոխվել 1991 թվականին: 1997-1998 թթ. փողոցներում սկսեցին երեխաներ հայտնվել, որոնք փող կամ հաց էին մուրում: Մենք այնքան էինք հետաքրքրվում ու շփվում նրանց հետ, որ բոլորին անուններով գիտեինք: Մի օր Րաֆֆիին մոտեցա ու ասացի, որ մենք պետք է այս գործն անենք, որովհետեւ մի քանի ամիս ես ուրիշներին էի առաջարկում, բայց ոչ ոք կարծես թե չէր համարձակվում նման ծրագիր իրականություն դարձնել: Րաֆֆիի առաջին ռեակցիան եղավ այն, որ նա ասաց, թե՝ դու արդեն շատ մեծ ծրագիր ես ղեկավարում, խիստ զբաղված ես, երեխաներ, եւ ինչպե՞ս կարող ես ուրիշ ծրագրի մասին մտածել, բայց զգաց, որ այդ պատասխանն այնքան էլ ինձ դուր չեկավ: Որոշ ժամանակ անց մենք կրկին վերադարձանք այդ գաղափարին, եւ նա ինձ խորհուրդ տվեց, որ որոշ մարդկանց հետ խոսեմ` Առողջապահության նախարարության, Սոցիալական ապահովության նախարարության եւ այլն: Ես հասկացա, որ նաեւ ինքն էր որդեգրել այս ծրագիրը, եւ մենք «Օրրանը» ստեղծեցինք ընդամենը 16 երեխաներով: Վարձակալեցինք մի փոքրիկ շենք, ավելի շուտ՝ տնակ, եւ սկսեցինք օրական 16 երեխա կերակրել: Այդ օրերն իսկապես մեծ հուզմունքով եւ ուրախությամբ եմ հիշում, որովհետեւ ամեն օր գնում էի երեխաների մոտ, իրենց դասերն էի պատրաստում նրանց հետ, իմ ընկերների հետ փողոցներով քայլում էինք, նման երեխաներին էինք գտնում, զրուցում, հրավիրում էինք մեր կենտրոն: Յուրաքանչյուր երեխայի տուն այցելել եմ, բոլորի պատմությունը գիտեմ եւ յուրաքանչյուր երեխայի հետ ես պատմություն ունեմ: Երբեք մտքովս չէր անցնում, որ «Օրրանը» կդառնա լուրջ կազմակերպություն, ուղղակի ես եւ Րաֆֆին որոշել էինք, որ մեր ընտանեկան միջոցներով պետք է օրական 16 երեխայի կերակրել: Բայց, քանի որ սա հանրային գործունեություն էր` պետք է որոշ աշխատողներ վարձեինք, բժիշկ ներգրավեինք, ուսուցիչ եւ այլ մասնագետներ ունենայինք:

– Այսինքն` «Օրրանը» ստեղծվեց մի խումբ կամավորների էնտուզիազմով: Եվ, փաստորեն, ամենասկզբում այդ գործունեությունը նվիրյալների շնորհիվ էր իրականանում:

– Այո՛, բայց հետո մենք սկսեցինք վճարովի աշխատողներ ունենալ, եւ արդեն մեր ընկերները, մեր ընտանիքի անդամները լսեցին մեր գործի մասին, ու ամեն մարդ ինքնակամ գալիս-ասում էր` այսօր ուզում եմ երեխաների կերակուրի գումարը ինքս տամ, կամ ուզում եմ այս փողը նվիրեմ այս ամսվա համար: Նաեւ կարիքավոր երեխաները սկսեցին միմյանց բերել «Օրրան», եւ մենք շատ շուտով դարձանք շատ լուրջ կազմակերպություն, միջոցները մեծացան` ի շնորհիվ մեր սփյուռքահայ եւ հայաստանաբնակ դոնորների: Հիմա, ինչպես տեսնում եք, մենք ունենք շատ լուրջ եւ օրինակելի կազմակերպություն, ուր արդեն 60-ից ավելի մեծահասակներ եւ 88-ից ավելի երեխաներ են գալիս, կերակուր են ստանում, մասնակցում են տարբեր ուսումնական ծրագրերի, սպորտային եւ զվարճալի ծրագրերի: Ներկայումս «Օրրանը» 25-ից ավելի աշխատողներ, տասնյակից ավելի կամավորներ ունի, 4 հարկանի շատ գեղեցիկ նորակառույց շենք ունի, եւ ես անչափ ուրախ եմ, որ այս երեխաների կյանքը մենք կարողանում ենք շատ զգալիորեն փոխել:

– Երեխաներին կերակրելուց բացի՝ զբաղվո՞ւմ եք նրանց դաստիարակությամբ:

– Անշուշտ, մենք մեր տնօրենների խորհրդի նախագահների ժողովին այդ հարցը բարձրացնում ենք, քննարկում ենք, թե արդյո՞ք ավելի ճիշտ չէր լինի, որ մենք մեր տարեկան բյուջեն բաժանեինք ընտանիքների միջեւ, եւ իրենք իրենց հոգսերը հոգային, հետեւաբար՝ այս կառույցը չստեղծեինք: Մինչդեռ այդ պարագայում մենք չենք կարող վերահսկել, թե ծնողներն այդ գումարներն ինչի՞ վրա են ծախսել, իսկ այսպես մենք գիտենք, որ գումարները ծախսվում են երեխաների առողջության, կենսամակարդակը բարձրացնելու, ուսումն ապահովելու համար, եւ ինչ-որ տեղ ապահովիչ դեր ենք կատարում իրենց ապագան մի քիչ ավելի խոստումնալից դարձնելու համար:

– Արդյո՞ք կան երեխաներ, ովքեր իրենց ընտանիքում չունեն սոցիալական, քաղցի պայմաններում ապրելու խնդիր, բայց ունեն որոշակի հոգեբանական խնդիր` կապված ծնողների անհաշտության, ընտանեկան կոնֆլիկտների, ոչ ադեկվատ փոխհարաբերությունների եւ այլ խնդիրների հետ, որոնցից փախչելով՝ երեխան նախընտրում է «Օրրան» հաճախել եւ իրեն ավելի պաշտպանված է զգում այդ մթնոլորտում:

– Գիտե՞ք, շատ լուրջ հարցեր կան: Երեխաները գալիս են այնպիսի ընտանիքներից, որոնք ոչ միայն ֆիզիկապես շատ աղքատ են` փլատակների մեջ են ապրում, ուտելիքի, տաքության, լույսի խնդիր ունեն, այլ նաեւ նման պայմաններն այդ երեխաների համար ստեղծել են շատ լուրջ հոգեբանական խնդիրներ: Որեւէ մեկը թող չկարծի, թե, եթե ինքը լիներ այս մարդկանց փոխարեն՝ ավելի առողջ մտածելակերպ պիտի ունենար, ավելի հեշտությամբ կհաղթահարեր այդ ծանր իրավիճակը: Այսպիսի աղքատությունն իր հետ բերում է նաեւ շատ ճնշող, լուրջ հոգեբանական խնդիրներ, եւ այդ դեպրեսիայից դուրս գալը շատ դժվար է: Շատ ընտանիքների համար անսահման երջանկություն ու ուրախություն է, երբ իրենց ձեռք ես մեկնում եւ օգնում ես, որ նման իրավիճակից դուրս գան: Բայց, միեւնույն ժամանակ, կան նաեւ այնպիսիք, որ տարիներով օգնության ձեռք ես մեկնում, բայց միեւնույն է` այդ փոսից իրենք չեն կարողանում դուրս գալ: Պետք է ուրախությամբ նշեմ, որ շատ ընտանիքներ կան, որոնք մի փոքր ուշադրության, մի փոքր օգնության դեպքում այնպես են կարողանում ոտքի կանգնել, որ արժանի են հիացմունքի, եւ շատ ենք ուրախանում, որ մի փոքր օգնությամբ կարողացանք մի ընտանիքի փրկել աղքատության ճիրաններից:

– Ի՞նչ եք կարծում, ո՞րն է պատճառը, որ շատ աղքատ ընտանիքներ, որոնց ինչքան էլ օգնության ձեռք են մեկնում, միեւնույն է` նրանց ապրելու կենսամակարդակը չի բարձրանում: Գուցե որոշ մարդկանց համար աղքատությունն, այնուամենայնիվ, դարձել է կենսակե՞րպ:

– Յուրաքանչյուր հասարակություն ունի եւ՛ այն խավը, որը շատ կրթված է, եւ՛ այն խավը, որը շատ ունակ է, եւ՛ այն խավը, որը զուրկ է այդ շնորհներից եւ առանց օգնության ձեռքի չի կարող ապրել: Մենք ունենք մի բնական շերտ, որին անկախությունից, դժվարին տարիներից հետո ավելացան այն մարդիկ, որոնք կորցրին իրենց ամուսիններին` Ղարաբաղյան պատերազմում կռվելու ժամանակ, կամ որոշակի ծանր հաշմանդամություն ստացան եւ դարձան անաշխատունակ, եւ ի՞նչ եղավ. կանայք հայտնվեցին ծանր իրավիճակում` մի քանի երեխաների հետ, գործազուրկ եւ անպաշտպան: Այսինքն` այն անապահով բնականոն շերտին ավելացան նաեւ մեր երկրում կատարված որոշակի դժվարությունների պատճառով անդունդում հայտնված մարդիկ:

– Դուք փողոցներում շրջել, աղքատ, մուրացկան երեխաների հետ եք շփվել, նրանց ընտանիքներ եք այցելել, կարո՞ղ եք հիշել մի դեպք, որը խոր հետք է թողել Ձեր հիշողության մեջ, եւ այդ պատմության ազդեցությունը մինչ օրս կրում եք:

– Կարող եմ մի քանի դեպք պատմել: Արամի փողոցում այցելել էի մի տուն, որպեսզի իրենց հրավիրեմ «Օրրան», որովհետեւ ինձ տեղեկացրել էին այդ աղքատ ընտանիքի մասին: 2 փոքրիկ, մութ, հողով պատած պատե խրճիթ էր, հնամաշ հագուստները գետնին թափած, անկողինը գետնին… 4 երեխա ունեցող տիկնոջը հարցրեցի, թե այսօր ի՞նչ են կերել երեխաները, ասաց, որ՝ ոչինչ չեն կերել, ամուսինս առավոտից գնացել է աշխատանք փնտրելու, որպեսզի երեխաների համար ուտելու բան հայթայթի: Ասաց` առավոտյան երեխաները մեկ գավաթ կաթ են խմել: Այդ ժամանակ իմ ուղեղը չէր կարող ընկալել այդպիսի պատասխան: Նույնիսկ երեւակայությունս թույլ չէր տալիս նման աղքատություն երեւակայել, եւ ես ինձ թույլ տվեցի չհավատալ այդ կնոջը: Սկսեցի բացել նրա կոտրված պահարանները` մտածելով, որ ինչ-որ բան պիտի գտնեմ, որն ինձնից այս կինը թաքցնում է:

Պատկերացրե՛ք, որ 4 երեխա ունեցող այս ընտանիքի պահարաններում ես հացի փշուր անգամ չգտա, բայց գտա չորացած կաթի հետքերը: Նա ինձ ճիշտն էր ասել, եւ ես մեծ շոկ ապրեցի, որ ինչպե՞ս կարելի է մեր հարեւանին, մեր մերձավորին, որի 4 երեխաները քաղցած են` չտեսնել, չնկատել ու չպատկերացնել նրա վիճակը: Մեկ այլ դեպք էլ կա, որ ինձ վրա մեծ տպավորություն է թողել. 3 երեխա ունեինք, որ գալիս էին «Օրրան», նրանց հայրիկը հարբեցող էր, մշտապես նրանց ծեծում եւ ուղարկում էր փող մուրալու, որպեսզի իր խմիչքի գումարն ապահովեն:

Ի դեպ, ասեմ, որ շատ գեղեցիկ երեխաներ էին եւ տարբերվում էին մեր մյուս սաներից: Բացի այն, որ գեղեցիկ էին` նաեւ շատ առողջ տեսք ունեին: Նրանք մի օր ասացին, որ հայրը մահացել է, եւ ես այցելեցի նրանց տուն, որպեսզի հոր մահվան կապակցությամբ ցավակցությունս հայտնեմ:

Մեկ սենյականոց խրճիթ էր դա, ծանոթացա նրանց մոր եւ տատիկի հետ, ապշեցի, որովհետեւ նրանք ուղղակի քայլող դիակներ էին:

Միանգամից հասկացա, որ երեխաների մայրն ու տատիկն իրենց բերանից կտրելով երեխաներին են կերակրել: Երեւում էր, որ նրանք սովի զոհ են, եւ ինձ համար դա փայլուն օրինակ էր, թե հայ ծնողն ինչ զոհաբերության գին է պատրաստ վճարել հանուն իր երեխայի: Շատ մարդիկ կան, ովքեր ասում են` չպետք է ստիպեն իրենց երեխաներին, որ փողոց դուրս գան, կամ նայե՛ք, թե ծնողներն ի՞նչ ճանապարհով են գումար վաստակում, որ իրենց երեխաներին կերակրեն: Ես միշտ ինձ վրա եմ վերցնում եւ մշտապես պատասխանում եմ, որ, եթե իմ երեխաները սոված լինեն` ես ամեն ինչի պիտի դիմեմ, որ իմ երեխան ուտելիք ունենա: Ո՞վ ենք մենք, որ դատենք այս մարդկանց` օգնության ձեռք մեկնելու փոխարեն: Ես կարծում եմ, որ շատ մարդիկ, երբ դատում են նման մարդկանց` դա գալիս է իրենց մեղավորության զգացումից, որովհետեւ իրենք չեն ուզում օգնության ձեռք մեկնել, պետք է տրամաբանեն, արդարանան, որպեսզի իրենց խիղճը հանգիստ լինի: Նրանք արդարանում են, որպեսզի իրենց հոգեկան խաղաղությունն ապահովեն, այլապես իրենց խիղճը կտանջի, մեղքի զգացում կունենան:

– 2000 թվականից հետո աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը որքանո՞վ է նվազեցրել աղքատության կենսամակարդակը:

– Շատ հետաքրքիր բան է տեղի ունեցել. ես հիշում եմ, որ այցելում էի այդ տները 10-12 տարի առաջ, եւ այդ ծայրաստիճան աղքատությունն ինձ ապշեցնում էր: Անգամ մի կտոր հաց չէի գտնում այդ ընտանիքներում: Բայց վերջին այցելությունները ցույց տվեցին, որ ամեն մի ընտանիք կարծես թե ապրելու մի ձեւ գտել էր, ասենք` մի ընտանիքում գտանք սեղանին դրված մի քանի խնձոր, մեկ այլ ընտանիքում տեսանք, որ հյուր են ունեցել, եւ այդ հյուրն իրենց ուտելու բան է բերել: Այսինքն` տպավորություն կար, որ մարդիկ հասկացել են, որ իրենք իրենց գլխի ճարը պիտի տեսնեն, բայց, միեւնույն ժամանակ, ես կարծում եմ, որ աղքատների թիվն ավելացել է: Աղքատության շեմը մի քիչ բարձրացել է, բայց ի հաշիվ դրա, ընտանիքների թիվը շատացել է, մանավանդ այս վերջին տարվա ընթացքում մենք տեսնում ենք, թե թանկացումն ինչպես է ազդում մարդկանց ապրելակերպի վրա:

– ՀՀ կառավարության Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրն իրագործելիս համապատասխան պաշտոնյաները որքանո՞վ են բարեգործական կազմակերպություններին ներգրավում այդ գործում, եւ ունե՞ք որոշակի դերակատարում այդ ծրագիրն իրագործելիս:

– Մենք սերտ կապեր ունենք, աշխատում ենք տարբեր նախարարությունների, մարդասիրական հանձնաժողովի հետ, բայց ինձ թվում է, որ մենք մի փոքր ետ ենք մնում, խորքային, լուրջ բուժումներ այդ հարցերին չենք տալիս: Հասարակական կազմակերպությունների առկայությունը կարեւոր է, բայց մենք այն մակարդակին չենք հասել, որ կարողանանք ասել` գիտե՞ք, կառավարություն կամ իշխանություն, դու չես կարողանում այդ հարցերը հոգալ, բայց կարող ես մեր վրա հենվել: Զարգացած երկրներում կան շատ լուրջ հասարակական կազմակերպություններ, որոնք հանրության հարցերը որոշ չափով կարողանում են լուծել:

– ՀՀ նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում-քննարկումներ է ունենում հասարակական տարբեր կազմակերպությունների հետ, լսում առաջարկությունները: Այդ ուղղությամբ որեւէ քայլ կատարվե՞լ է: Ի վերջո, Դուք այս դաշտում գիտակ եք եւ կարող եք նոր մտքեր, գաղափարներ առաջարկել, օգտակար լինել ՀՀ Կառավարությանը:

– Ես նորանշանակ վարչապետի հետ այդ հարցով չեմ առնչվել, որովհետեւ տնօրինում եմ նաեւ կրթության կազմակերպության, բայց նա սերտորեն համագործակցում էր մեզ հետ, երբ ԿԲ նախագահ էր: Ես հույս ունեմ, որ նոր պաշտոն ստանձնելուց առաջացած բազմաթիվ խնդիրներ լուծելուց հետո նա նաեւ կանդրադառնա այդ հարցերին: