Մայիսի 7-ին Նուբարաշեն համայնքի Ղ. Ալիշանի անվան թիվ 95 դպրոցը մեծ
անակնկալ էր պատրաստել Հայրենական Մեծ պատերազմի 60-ամյակի կապակցությամբ:
Դպրոցի ուսուցչական կազմն ու բարձր դասարանցիները բավականին գեղեցիկ
միջոցառում էին նախաձեռնել, որի ժամանակ մեծարում էին պատերազմի
մասնակիցներին: Միջոցառումը գեղագիտական ճաշակով եւ բեմական հետաքրքիր
դեկորացիայով բեմականացված ներկայացում էր, որի միջոցով երեխաներն ու
դպրոցի ղեկավարությունն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական
պատերազմի հերոսներին: Դպրոցի տնօրեն Սվետլանա Ակոջյանն իր ելույթում
մասնավորապես նշեց. «Միջոցառման երգերն ու խոսքերը շատ հոգեհարազատ են մեր
սերնդի ներկայացուցիչներին, որովհետեւ դրանցով ենք ապրել ու դաստիարակվել:
Վետերաններին շնորհավորելով, նաեւ վերապրեցինք մեր մանկության տարիները:
Այս միջոցառման ենթատեքստը «Ոչ պատերազմին» կարգախոսն ունի, որովհետեւ
պատերազմը մարդկության արհավիրքն է եւ խեղաթյուրում է մարդկանց
ճակատագրերը: Մենք նորից տեսնում ենք մարդկանց, ծնողների, որոնք ապրել են
այդ աղետը: Ես ցանկանում եմ, որ մեր երեխաները չտեսնեն պատերազմներ, բայց
լինեն իսկական զինվորներ, որովհետեւ մեր փոքրիկ հանրապետությունը մեր
պաշտպանության կարիքն ունի»: Միջոցառմանը ներկա էր նաեւ քաղաքապետարանի
Կրթության վարչության ավագ մասնագետ Ժ. Կիրոյանը: Նրա կարծիքով` մեր
ազգին, չգիտես ինչու, հաջողվում է տխրության սցենարներով միջոցառումներ
իրականացնելը, բայց հետաքրքիր է, որ երեխաները բառերը մեխանիկորեն չեն
արտասանում, այլ հոգով-սրտով ապրում են այդ զգացումը: Վերջինս
շնորհակալություն հայտնեց աշակերտների ծնողներին եւ դպրոցի ղեկավարությանն
այն բանի համար, որ սաներին մշակութային հարցերի մեջ են ներգրավում`
համարելով, որ դա հայրենասիրության դրսեւորում է: Պրն Կիրոյանն իր
զարմանքը հայտնեց հայ երեխաների գեղեցիկ ռուսերեն լեզվով արտահայտվելու
ունակությունների առիթով: