Շարժման երկրորդ ռենեսանսը

20/06/2008

«Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում` անդրադառնալով մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ հարցին, ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանն ասել է. «Միանշանակ, ես երեք հարց կտայի. առաջինը` ի՞նչ իրավասություններ է ունենալու այդ հանձնաժողովը, երկրորդ` ինչքանո՞վ է նա անկախ, ի՞նչ իրավասություններ ունենալով, եւ, ժողովրդական խոսքով ասեմ` բանի տեղ դնելո՞ւ են այդ հանձնաժողովին, թե՞ ոչ»: Ներկայացնելով ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ իր ղեկավարած կուսակցության դիրքորոշումը, նա ասել է, թե ամեն ինչ պետք է անցնի խաղաղ, իսկ ՀՀ-ին պետք են համապետական նոր ընտրություններ: «Բանաձեւի որեւէ դրույթ` բացի կոսմետիկ, իմիտացիոն բնույթի քայլերից, մինչեւ այսօր խորքային լուծում չի ստացել` սկսած ցույցերի, հանրահավաքների մասին օրենքում փոփոխություններից»,- անդրադառնալով ԵԽ ԽՎ-ի 1609 բանաձեւի պահանջների կատարմանը, հայտարարել է Ա.Կարապետյանը: Ինչ վերաբերում է ընդդիմության` հունիսի 20-ին կայանալիք հանրահավաքին, ապա Ա. Կարապետյանի համոզմամբ, թեեւ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու` ընդդիմության հայտը մերժվել է, ժողովուրդը, այնուամենայնիվ, հանրահավաք անելու տեղ կգտնի: «Եթե ժողովուրդը կարիք ունի հանրահավաք անելու, միանշանակ համոզված եմ` այդ հանրահավաքը լինելու է շատ խաղաղ, այդ հանրահավաքը կարող է սկիզբ դառնալ, հասկանում եմ իշխանությունների մտահոգությունը, սկիզբ դառնալ շարժման երկրորդ ռենեսանսի»,- հայտարարել է Ա. Կարապետյանը: Ի դեպ, նա հացադուլավորներին հորդորել է դադարեցնել ակցիան: «Ես ինքս, եթե վիճակս նորմալ լիներ, իրենց կմիանայի, կնստեի: Ես հորդորելու եմ շարունակել այնքան` հնարավորին չափ, իհարկե, չվնասել առողջությունը, մարդկային կորուստ չունենալ, բայց շարունակել այնքան` ճնշումը, քաղաքական ճնշումը, բարոյական ճնշումը, մինչեւ մեր ընկերները ազատ արձակվեն»,- ասել է Ա. Կարապետյանը: