Կատարվել են, չեն կատարվել

20/06/2008

ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն երեկ ԱԺ-ում հանդիպել են ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի եւ ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ:

«Վեհաժողովը մտահոգված է մարտի 1-2-ի իրադարձությունների անկախ, թափանցիկ եւ վստահելի հետաքննության անցկացումով»,- Տ. Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ժորժ Կոլոմբիեն: Իսկ Ջոն Պրեսկոտն առաջարկել է մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում ընդգրկել նաեւ անկախ դատավորների, ինչպես նաեւ՝ մարդու իրավունքների պաշտպանին, քանի որ վերջինս, ըստ նրա` կարող է լուրջ դերակատարություն ունենալ, «թեպետ նրա ներկայացրած մանրակրկիտ զեկույցը գնահատվել է որպես իր լիազորությունների գերազանցում»: Ի պատասխան, Տիգրան Թորոսյանն ասել է, որ պաշտպանի մասնակցությանը որեւէ խոչընդոտ չի կարող լինել: Համազեկուցողների խնդրանքով Աժ նախագահն անդրադարձել է նաեւ ձերբակալվածների խնդրին: Ըստ ԱԺ տարածած հաղորդագրության` Տ. Թորոսյանը հայտարարել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան` համապատասխան մարմինները մեղադրանք են ներկայացրել եւ պետք է լուրջ փաստարկներ բերեն կատարած հանցանքների վերաբերյալ: Ինչ վերաբերում է ձերբակալված պատգամավորներին, ապա Տ. Թորոսյանն ասել է, որ «գործի լիարժեք հետաքննության հնարավորության ստեղծման համար խորհրդարանը համաձայնություն տվեց նրանց ձերբակալմանը»:

Ջ. Պրեսկոտն ու Ժ. Կոլոմբիեն երեկ հանդիպել են նաեւ ԵԽ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ, որտեղ Ժ. Կոլոմբիեն մտահոգություն է հայտնել ընդդիմության կողմից հունիսի 20-ին հրավիրվելիք հանրահավաքը մերժելու քաղաքապետի որոշման վերաբերյալ: «Մեր կողմից փորձ է արվել առավելագույնս նախապատրաստվել այցին: Մեծ աշխատանք է կատարվել օրենսդրության բարեփոխման ուղղությամբ: Վերջին երեք օրվա ընթացքում կալանվածների հարցում զգալի առաջընթաց կա, մեծ թվով մարդիկ ազատ են արձակվել»,- ասել է Դ. Հարությունյանը: Անդրադառնալով մարտի 1-

2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի գործունեությանը` Ջ. Պրեսկոտը շեշտել է հատկապես ուսումնասիրության անաչառության եւ անկախության կարեւորությունը: Ըստ «Ա1+»-ի` նրա համոզմամբ, եթե ուսումնասիրությունն անկախ չճանաչվի, ապա հասարակության պառակտումն ավելի կխորանա: Դրանից խուսափելու համար Համազեկուցողներն առաջարկել են ավելի շատ տեղ տրամադրել մարդու իրավունքների պաշտպանին` ընդգծելով, որ նրա կողմից ներկայացվող ուսումնասիրությունը շատ ավելի արժանահավատ կդիտվի հասարակության կողմից:

Իսկ ԱԺ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության հետ հանդիպման ժամանակ խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը նշել է, որ Հայաստանն ուշ է սկսել բանաձեւի պահանջների կատարումը, ինչն էլ` «ժամանակ շահելու միջոց էր»: Ըստ նրա, արդեն կատարված որոշակի քայլերը բավարար չեն ասելու, որ բանաձեւի պահանջները կատարվում են: Իսկ Զարուհի Փոստանջյանը մտահոգություն է հայտնել, որ առայսօր 10 զոհերի մահվան կապակցությամբ հարուցված չեն քրեական գործեր: