«Զգուշորեն վերցնել ծածկոցը»

20/06/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մարտի մեկի իրադարձությունների ուսումնասիրման նպատակով արդեն երեկ ստեղծված ԱԺ-ի ժամանակավոր հանձնաժողովում ՀՅԴ-ն կներկայացնեն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ու խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը: Վերջինս այդ մասին հայտարարեց երեկ հրավիրված մամուլի ասուլիսում:

Ա. Շահբազյանի խոսքերով` եթե անգամ այդ մարմինը չստեղծվեր, նախաքննական ու դատական գործընթացները պետք է ընթանային: Իսկ այս հանձնաժողովը, նրա կարծիքով` հավելյալ օգուտ պետք է բերի գործընթացին` մեծացնելով դրա նկատմամբ վերահսկողությունը: «Հանձնաժողովի ստեղծումը մեծ փորձություն է թե՛ քաղաքական ուժերի, որոնք ներկայացված են այնտեղ, թե՛ իշխանությունների համար: Եթե այն չպիտի արդարացնի հասարակության հույսերը, շատ ավելի վատ դեր խաղացած կլինի: Մենք բոլորս մտնում ենք լուրջ պատասխանատվության տակ ու պիտի կարողանանք այն հաղթահարել: Անհրաժեշտ է քաղաքական կամք, որպեսզի կարողանանք զգուշորեն ծածկոցը վերցնել այս վերքի վրայից` առանց վնասելու: Հասարակությունը պիտի ստանա իրեն հուզող հարցերի պատասխանները»,- ասաց նա: ՀՅԴ խմբակցության քարտուղարը`ամփոփելով խորհրդարանի արդեն անցած նստաշրջանի աշխատանքները, նշեց, որ ԱԺ-ի գործունեության վրա լուրջ ազդեցություն են ունեցել նախագահական ընտրություններն ու դրանց հաջորդած իրադարձությունները: «Խորհրդարանն իմ գնահատմամբ՝ բավական ծանրաբեռնված օրենսդրական աշխատանք կատարեց: Ընդհանրապես, խորհրդարանական գործունեությունից մարդիկ տեղյակ չեն: Ի վերջո, եթե սա խորհուրդ անելու տեղ է, պիտի արտացոլի տեղի ունեցող քննարկումները, բանավեճերը եւ այլն: ԶԼՄ-ները, հատկապես` հեռուստատեսությունը, որպես լայն տարածման միջոց, շատ չի արտացոլում առկա իրականությունը: Դրա համար պիտի կարողանանք այս վիճակը շտկել, որ լրատվական միջոցների ավելի ազատ արտահայտվելու շրջանակներում նաեւ խորհրդարանական աշխատանքն ավելի լայնորեն արտացոլվի: Իհարկե, մամուլն ավելի ազատ է, բայց դրանցից որոշներում սուբյեկտիվության խնդիր կա»,- ասաց նա: Անդրադառնալով ԵԽ ԽՎ 1609 բանաձեւի պահանջների կատարմանն ուղղված քայլերին` Ա. Շահբազյանը նշեց, որ, ըստ էության, բանաձեւը նույնանում է կոալիցիայի համաձայնագրի հիմքում դրված դրույթներին: Իսկ բանաձեւի պահանջներին ընդառաջ, բանախոսի խոսքերով, բավականին քայլեր արվել են: Իբրեւ ապացույց՝ նա բերեց «Հանրահավաքների, երթերի, ցույցերի» մասին օրենքում կատարված փոփոխությունների շտկումը, ինչպես նաեւ` ընդդիմության դերի կարեւորումը: «Իրավականորեն կարողացանք ամրապնդել ընդդիմության դերը խորհրդարանում` որպես ղեկավարության մեջ ներկայություն ունեցող ուժ: Այսինքն` ընդդիմությունը հաջորդ ընտրություններից հետո իրավասությունների սահմաններում կլինի իշխանության մաս ու դրանով ուժեղ կլինի: Ու նիստերի ընթացակարգի մեջ հնարավորություն կունենա առավել ակտիվ դրսեւորելու իր նախաձեռնությունները»,- ասաց նա` հավելելով, որ այս շարքին են պատկանում նաեւ ժամանակավոր հանձնաժողովի ու Հասարակական պալատի ստեղծումը: «Այս բոլոր քայլերի հանդեպ իհարկե կա թերահավատություն, բայց այս բոլոր նախաձեռնությունների հիմքում ընկած երեւույթը դրական է ու անհրաժեշտ: Այսօրվանից չարագույժ կանխագուշակել, թե դրանք պիտի ձախողվեն, մի քիչ շուտ է ու մասնավոր տրամադրությունների արդյունք է: Պիտի բոլորս ձգտենք, որ դրանք պիտի իրականանան: Տեսնում ենք, որ սկզբունքային մոտեցումներ են տեղի ունենում` մաքսային, հարկային աշխատանքների համակարգում: Բայց մամուլում զարմանքով կարդում ես, որ այս քայլերը երբ արվում են, ուրեմն իշխանությունը խուճապի մեջ է ու պարտադրաբար է անում: Իսկ երբ չի անում, ուրեմն իշխանությունը նույնն է մնացել, չի փոխվել: Այս մարդկանց ազատեցին, որովհետեւ խայտառակ էին լինելու, քաղաքական դրդապատճառներով են ձերբակալված, մյուսներին դատեցին, որովհետեւ ոչինչ չի փոխվել, այս իշխանությունը մնացել է նույնը»,- ասաց նա: Նշենք, որ որպես բանաձեւի պահանջների կատարում՝ իշխանությունների կողմից ներկայացվող բոլոր քայլերը որակվել են որպես կոսմետիկ բնույթի եւ «իմիտացիա եվրոպական կառույցների համար»: Թերեւս հենց դա նկատի ունենալով, երեկ Ա. Շահբազյանն ասում էր, թե իր կարծիքով՝ տրվող գնահատականների մեջ շտապողականություն կա, մինչդեռ անհրաժեշտ է պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ու ովքեր են մեղավորները: «Օրինակ, երբ ասվում է, որ բոլոր ձերբակալվածները քաղաքական հիմունքներով են ձերբակալվել, մենք իրավունք ունե՞նք դրան հավատալու: Մենք այս ժամանակավոր հանձնաժողովի որոշման մեջ դրել ենք մի կարեւոր կետ, որ բռնությունների ու Ոստիկանության գործողությունների համաչափությունը կարողանանք ստուգել: Իսկապես պետք է համաչափությունը տեսնել ու դրանից դատողություն անել, թե ով որքանով իր մեղքի բաժինն ունի»,- ասաց նա: Ի պատասխան լրագրողներից մեկի հարցին, թե իր կարծիքով` մարտի մեկից հետո ո՞րն է ընդդիմության վերջնական նպատակը, Ա. Շահբազյանը պատասխանեց` «Երեւի իշխանության գալը»: «Ու դրա համար ընդդիմությունը հայտարարում է, որ բոլոր այս խնդիրները չեն լուծվում, իշխանությունն էլ հակառակն է պնդում: Ժամանակն այդ խնդիրը կլուծի: Պարզապես երկուսն էլ պիտի հասկանան, որ հակամարտությունը ոչ մի լավ բանի չի բերի: Ընդդիմությունը կարծես թե շատ տրամադրված չի քայլեր անելու: Օրինակ, խորհրդարանում ընտրական օրենսգրքի բարեփոխման հանձնաժողով է ստեղծված: Ընդդիմությունից հատուկ հրավեր է եղել բոլորին, արմատական ընդդիմությունը մերժել է այդ առաջարկը: Հիմա գուցե ցանկություն կա Եվրախորհրդի քննարկումներից առաջ ապացուցել, որ Հայաստանում ոչինչ չի՞ արվել»,- ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարը: