Նախօրեին իրանական մամուլում հրապարակվել է այդ երկրի փոխարտգործնախարար Մոհսեն Թալայի հայտնած մի տեղեկություն, որի համաձայն՝ Իրանը 75 միլիարդ դոլար է դուրս բերել եվրոպական բանկերի իր հաշիվներից, զգուշանալով նոր պատժամիջոցներից, որոնք Արեւմուտքը կարող է կիրառել պաշտոնական Թեհրանի նկատմամբ՝ միջուկային ծրագրի պատճառով: Նույն աղբյուրը պնդել է, որ գումարները բանկերից դուրս բերելու որոշումը կայացրել է նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: Իսկ երեկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը հայտարարել է, որ իր երկիրը սառեցնելու է Իրանի ամենամեծ բանկի հաշիվները: «Բրիտանիան կհորդորի Եվրոպային, եւ Եվրոպան կհամաձայնի պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ»,- ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ հանդիպումից հետո հայտարարել է Գ. Բրաունը: Իսկ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, որն ավարտում է իր եվրոպական ուղեւորությունը, երեկ Լոնդոնում հայտարարել է, թե չի բացառում ուժի կիրառումը Իրանի նկատմամբ: