Եվս մեկ ծեծկռտուք

20/06/2008

Անցած շաբաթ Ռուսաստանի Չելյաբինսկի շրջանի Վերխնիուրալսկ քաղաքում այնտեղ աշխատելու մեկնած հայերի եւ տեղաբնակ ռուսների միջեւ ծեծկռտուք է բռնվել, ինչի արդյունքում մահացել է 32 տարեկան մի տղամարդ: Միջադեպի եւս մեկ մասնակից գանգուղեղային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, ում ցուցաբերվել է բուժօգնություն: Ինչպես տեղեկացնում է «Արկադո» լրատվական գործակալությունը, ծեծկռտուքի պատճառ է հանդիսացել այն, որ ոմն Դմիտրի Նիկիտին իր երկու ուղեկիցների հետ, ամառային սրճարաններից մեկում գտնվելով անսթափ վիճակում, պահանջել է իրենց սպասարկել անվճար: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի: Սրճարանի տերը կանչել է իր ընկերներին, որոնք տեղ են հասել գիշերվա ժամը 3-4-ին: Նույն աղբյուրի համաձայն՝ հայերի խումբը ծեծել է հաճախորդներին: Տղամարդիկ պայմանավորվել են հանդիպել հաջորդ օրը` հետագա հարաբերությունները պարզելու համար: Դմիտրի Նիկիտինը պայմանավորված վայր է եկել ավելի քան մեկ տասնյակ տղամարդկանց հետ: Կոնֆլիկտի նախաձեռնողի գլխին մի քանի անգամ փայտով հարվածել են, որից հետո նա տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել: Հարուցվել է քրեական գործ: Քննությունը վարում է Մագնիտոգորսկի Լենինյան շրջանի քննչական բաժանմունքը: