Տհաճ դասեր

20/06/2008 Վահան ԻՇԽԱՆՅԱՆ

Ուսումնասիրությունը պարզում է` դպրոցականների նկատմամբ ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումները լայնորեն տարածված են:

Աշակերտների 74 տոկոսն ասում է, որ իրենց ընկերները դպրոցում տարբեր պատիժների եւ բռնությունների են ենթարկվում, իսկ նրանց 30 տոկոսն ասում է, որ հենց իրենք են պարբերաբար բռնությունների ենթարկվում:

Այս արդյունքներն են ցույց տալիս Հայաստանի յոթ մարզերի եւ Երեւանի դպրոցներում անցկացված աշակերտների նկատմամբ բռնությունների ուսումնասիրությունը: Հարցմանը մասնակցել է 37 դպրոցների 1785 աշակերտ: Ուսումնասիրությունն իրականացրել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեն` մարզերի ՀԿ-ների եւ երիտասարդների օգնությամբ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի աջակցությամբ: Իբրեւ պատիժ մեր աշակերտները թվարկել են ծեծը, ապտակը, անկյուն կանգնեցնելը, վիրավորանքը, անբավարար գնահատականը:

Ուսումնասիրությունը պարզել է, որ դպրոցներում պարբերաբար խախտվում են Հայաստանի օրենսդրությամբ սահմանված երեխայի` բռնությունից (ֆիզիկական, հոգեկան) պաշտպանված լինելու իրավունքը: Ուսումնասիրության մեջ բերված են աշակերտների նկարագրած բռնությունների դեպքեր. «Ռազմագիտության ուսուցիչը դասը պատասխանողին խփում է ցուցափայտով, քաշում տղաների ականջից եւ ստիպում այդ վիճակով 10 անգամ իջնել-բարձրանալ», «Ուսուցիչը տղաներից մեկին գցել էր հատակին եւ ոտքերով խփում էր: Նույն ուսուցիչը դասասենյակում ծխում է, ծխախոտի մնացորդը գցում ծաղկամանների մեջ» (Սյունիք), «Փայտե եզրագիծ ունեցող քարտեզով այնքան խփեց գլխիս, մինչեւ փայտը կոտրվեց», «Թիթեղյա մեքենա-գրչատուփով այնքան խփեց գլխիս, մինչեւ «գառմոն» դառավ», «Գլխարկը չեմ հանում գլխիցս, որ ականջս չքաշեն», «Այնպես խփեց դեմքին, որ ատամները կոտրվեցին» (Շիրակ):

Արագածոտնի մարզի աշակերտները պատմել են, որ որոշ տղամարդ ուսուցիչներ սեռական հակումներ են ցուցաբերում աղջիկների նկատմամբ. կարճ շրջազգեստով աշակերտուհիներին ամբողջ դասին գրատախտակի մոտ կանգնեցնելով` պարտադրում են գրել գրատախտակի ամենաբարձր հատվածից, կամ առավել ընդգծված հագուստով աշակերտուհիներին հրավիրում են տուն` լրացուցիչ պարապելու: Բերված է մի դեպք, որ ուսուցիչը 6-րդ դասարանի աշակերտուհուն գրկել եւ փաղաքշել է, որի համար նրա հարցը քննարկվել է մանկավարժական խորհրդի նիստում, եւ սեփական դիմումի համաձայն՝ նրան ազատել են աշխատանքից:

Տնօրեններն ու ուսուցիչները հիմնականում հերքել են, որ դպրոցներում բռնություններ են լինում: Թալինի դպրոցներից մեկի տնօրենն ասել է, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչը աշակերտին ծեծելու համար իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Սակայն մի քանիսը խոստովանել են, որ ապտակը դաստիարակչական միջոց է, եւ մեջբերել են Գուսան Շիրինի երգի տողը. «Ապտակով սնված տղան առանց աստիճան չի մնա»: Մի տնօրեն ասել է, որ բռնության փոխարեն՝ որպես դաստիարակչական միջոց օգտագործում են աշակերտին վիրավորելը:

Արագածոտնում մի տղամարդ ուսուցիչ ասել է, որ ծեծը` որպես դաստիարակչական միջոց, հաճախ օգտագործում է: Բերված են բռնությունը արդարացնող ուսուցիչների ուղղակի խոսքեր. «Կարող է աշակերտներն էն տեղը հասցնեն, որ ուսուցիչը մի հատ էլ խփի», «Ես ինքս ծեծին շատ դեմ եմ, բայց կարող է` ես էլ մի անգամ խփեմ», «Դե, եթե չի հասկանում, Ի՞նչ կարելի է ասել` անհասկացող, ապուշ…» (Լոռի), «Այո, եւ՛ վիրավորում եմ, եւ՛ ծեծում: Ինչպե՞ս վարվել մի աշակերտի հետ, որը դասարանում իրեն որպես աշակերտ չի դրսեւորում, հակաճառում ու ընդվզում է ուսուցչի դեմ» (Սյունիք):

Աշակերտների 53 տոկոսն ասում է, որ նույն արարքի եւ պարտականությունները չկատարելու համար չեն պատժվում հարուստների եւ ուսուցիչների երեխաները, ինչպես նաեւ նրանք, ովքեր վճարովի պարապում են ուսուցիչների մոտ։ Մեջբերված է Սյունիքի մարզից աշակերտի խոսքը. «Եթե դատավորի աղջիկ է, նրան չեն պատժում, կամ, եթե հարուստի երեխա է, նրա ականջը չեն ձգում»: Սակայն, աշակերտների մոտ 59 տոկոսը կարծում է, որ իրենք պետք է ենթարկվեն պատժամիջոցների, իսկ դրանց դեմ է 16 տոկոսը: 21 տոկոսն ասում է, որ մանկավարժ լինելու դեպքում նույն պատժամիջոցները կկիրառեր, իսկ 41 տոկոսն ասում է, որ չէր կիրառի:

Ծնողներից շատերը նույնպես դեմ չեն պատիժներին: Բերված են ծնողների` պատժամիջոցներն արդարացնող խոսքեր. «Ինչո՞ւ ոչ, դա էլ է երեխային դաստիարակելու մի ձեւ: Տանը մենք ենք երեխային պատժում, եւ քանի որ դպրոցում էլ ուսուցիչն է մոր դեր տանում, ապա նա կարող է պատժել երեխային» (Սյունիք): Այսուհանդերձ, կան ծնողներ, որ պայքարում են իրենց երեխաների իրավունքների համար: Վայոց ձորում ութ ծնող հաստատել է, որ իրենց երեխայի նկատմամբ բռնություն է կիրառվել (ապտակել են, անկյուն են կանգնեցրել, փայտով խփել գլխին, քաշքշել եւ պատռել են վերնաշապիկը, գրչի ծայրով խփել են գլխին): 5-ը բողոքել է տնօրենին` պահանջելով, որ նման բան այլեւս չկրկնվի, 2-ը փոխել է երեխայի դպրոցը: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասում է, որ նախկինում խիստ օրենքներ չեն եղել երեխաների իրավունքների խախտումների առնչությամբ, եւ դպրոցներում իներցիայով շարունակվում են աշակերտներին դաստիարակելու նախկին վայրենի մեթոդները: Ըստ երկու տարի առաջ Գյումրու «Կրթության ասպարեզ» ՀԿ-ի եւ Հելսինկյան կոմիտեի համատեղ ուսումնասիրության` 320 աշակերտների շրջանում անցկացված հարցումներով պարզվել էր, որ աշակերտների 45 տոկոսը ասում է, թե պատիժների է ենթարկվում (40 հոգի ասել է, թե իրենց ծեծում են), իսկ 79 տոկոսը ասում է, որ պարբերաբար բռնության են ենթարկվում իրենց համադասարանցիները (իրենց եւ դասընկերների նկատմամբ բռնությունների տոկոսային տարբերությունը հավանաբար պայմանավորված է նրանով, որ աշակերտներն ուրիշի նկատմամբ բռնության մասին ավելի անկեղծորեն են խոսում, քան իրենց): Մի աշակերտ ասել էր, որ մանրահատակով գլխին են խփել, իսկ մյուսն էլ, թե՝ մարմնական վնասվածքն այնպիսին է եղել, որ ընկել է հիվանդանոց: «Գյումրիում այս թեմայով քննարկումների ընթացքում տնօրենների մեծ մասը բռնությունը, ծեծը դաստիարակչական միջոց էր համարում, իսկ մեկն էլ նույնիսկ ասաց, թե աշակերտին ծեծելու դեմ պայքարը դրսից է ներմուծված եւ մերժելի է»,- ասում է Իշխանյանը:

Կրթության եւ գիտության նախարարության հասարակայնության եւ մամուլի հետ կապերի բաժնի վարիչ Արթուր Բաղդասարյանն ասում է, որ դպրոցներում բռնությունները տարածված չեն, եւ վերջին տարիներին ոչ մի բողոք չեն ստացել:

www.armenianow.com