Երգիչների նոր սերունդ Ղարաբաղից

22/05/2005 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Վերջերս Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում անցկացվեց
«Ընծա» համահայկական երգի ամենամյա մրցույթ-փառատոնը, որին մասնակցում էին
Հայաստանի տարբեր մարզերի եւ Արցախի թվով 21 պատանի եւ երիտասարդ
երգիչ-երգչուհիներ: Միջոցառումը, որի կազմակերպիչներն էին ԼՂՀ Կրթության,
մշակույթի եւ սպորտի նախարարությունը եւ «Աջակցություն տաղանդավոր
երեխաներին» հիմնադրամը, կազմակերպվեց «Ղարաբաղ-Տելեկոմ», «Ղարաբաղ Գոլդ»,
«Բեյզ Մեթըլս», «Վարանդա», «JF» եւ այլ ընկերությունների հովանավորությամբ:
Երեք օր շարունակ փառատոնի մասնակիցները բավականին լուրջ մրցության մեջ
էին։ Մրցութային առաջին օրը նրանք կատարեցին մեկական երգ` հայերեն,
երկրորդ օրը` անգլերեն, իսկ երրորդ օրը հանդես եկան ցանկացած երգի
օրիգինալ կատարումով:
Փառատոնը եզրափակվեց մրցանակաբաշխությամբ եւ գալա – համերգով: Մրցութային
երեք օրերի համառ պայքարից հետո «Հայաստան» համահայկական հիմնադրամի
կողմից սահմանված բարձրագույն` «Գրան պրի» մրցանակը (450.000 դրամ) նվաճեց
արցախցի տաղանդավոր երգիչ Ռազմիկ Ամյանը: Նա արժանացավ նաեւ
հովանավորների, ժյուրիի անդամների կողմից սահմանված մրցանակների ու ստացավ
հետաքրքիր առաջարկություններ: Ի դեպ, Ռազմիկ Ամյանը Երեւանի պետական
կոնսերվատորիայի 3-րդ կուրսի ուսանող է եւ Երեւանի երգի պետական թատրոնի
մենակատար:
«Ընծա» մրցույթ-փառատոնի մրցանակային առաջին տեղը գրավեց Սարո Թովմասյանը
(Էջմիածնի շրջան, գյուղ Հայկաշեն), երկրորդ տեղը` Սոնա Շահգելդյանը
(Երեւան), երրորդը` Նարեկ Բաղյանը (Վեդի):
Երիտասարդ երգիչ-երգչուհիների համար մրցանակներ էին սահմանել նաեւ
հովանավորները, ժյուրիի անդամները եւ տարբեր կազմակերպություններ`
«Հանդիսատեսի եւ ժյուրիի համակրանք», «Հանդիսատեսի հետ անմիջական կապ»,
«Բեմական լավագույն ոճ», «Բնատուր եւ անաղարտ ձայն», «Բեմական հագուստի
ձեւավորում եւ դիզայն» եւ այլ անվանակարգերում: Տաղանդավոր երիտասարդներից
երկուսին հնարավորություն ընձեռվեց մասնակցելու եվրոպական երկրներում
կազմակերպվող միջազգային մրցույթների: ԼՂՀ նախագահի կողմից սահմանված
մրցանակ շնորհվեց մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավար եւ ռեժիսոր,
Երեւանի Երգի պետական թատրոնի տնօրեն, երգահան Արթուր Գրիգորյանին:
Արթուր Գրիգորյանը հավաստիացրեց, որ մրցույթ-փառատոնը կազմակերպվել է այս
բնագավառում նոր անուններ հայտնաբերելու համար: «Հենց այդ մրցույթների
ձեւով ենք կարողանում որոշել` ունե՞նք, թե՞ չունենք նոր սերունդ, որը
կարող է փոխարինել Վարդուհի Վարդանյանին, Արթուր Իսպիրյանին եւ այլոց: Այս
միջոցառումն ապացուցեց, որ ունենք այդ նոր սերունդը: Միջոցառումը կդառնա
ամենամյա, եւ մյուս տարի կըդգրկվեն նաեւ տարբեր երկրների հայ երիտասարդ
կատարողներ»: