Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

20/06/2008

Մեծարգո նախագահ

Դեռ 2007թ.-ի ապրիլի 13-ին Դուք ընդունեցիք Դալմայի այգիների հողօգտագործողներիս ներկայացուցիչներին եւ խոստացաք ԱԺ ընտրություններից հետո բավարարել մեր պահանջները։ Տվեցիք համապատասխան հանձնարարականներ Տարածքային կառավարման վարչությանը եւ քաղաքապետարանին։ ԱԺ ընտրություններից հետո շուրջ 4 ամիս նրանց կողմից մոռացության տրվեց։ Հողօգտագործողներիս երկար բողոքների հիման վրա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին քաղաքապետարանի կողմից կազմվեց աշխատանքային խումբ, որոշվեց յուրաքանչյուր հողօգտագործողին ցուցաբերել անհատական մոտեցում։ Այդ աշխատանքային խումբը ձգձգումներով էր աշխատում, արդյունքում 71 հողօգտագործողներից ընդամենը 4 հոգու փոխհատուցում տրվեց գնորդի կողմից, այն էլ՝ մասնակի, որը կազմում էր իրենց հասանելիքի չնչին մասը։ Այդ անհատական մոտեցմամբ ցանկանում էին կազմալուծել մեր պահանջները։ Այս ընթացքում 3 հողօգտագործող չդիմացան այդ անօրինականությանը եւ իրենց մահկանացուն կնքեցին։

Պարոն նախագահ, 2007թ.-ի նոյեմբերի 28-ին՝ Ձեր վարչապետության օրոք, ինձ ընդունեցիք իմ ծայրահեղ նամակի հիման վրա։ Հանգամանալից ծանոթանալով իրավիճակին եւ հաշվի առնելով մեր երկու զավակների ՀՀ զինված ուժերից զորացրվելու եւ երրորդ զավակի 2008թ.-ի զորակոչվելու փաստը՝ Դուք մեծահոգություն ցուցաբերեցիք եւ հանձնարարեցիք Տարածքային կառավարման վարչության պետ Խաչատուր Վարդանյանին տեղից՝ Դալմայի այգիներից, մեր երեք եղբայրներին 1200 մ2 տնամերձ հատկացնել։ Խաչատուր Վարդանյանի եւ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Մելքումյանի հետ երկար քննարկվեց մեր հարցը հողի վերաբերյալ։ Իրենց հորդորմամբ, որ տեղից հողհատկացումը նախադեպ կլինի մյուս հողօգտագործողների համար, որը քաղաքապետարանը ի վիճակի չէ բավարարել։ Առաջարկվեց կադաստրային արժեքով փոխհատուցել 2900 մ2 մեր վարձակալության հողի դիմաց, մինչեւ անգամ իմ ներկայությամբ զանգել են գնորդի՝ Դավիթ Վարագյանի միջնորդին եւ ինձ ուղարկել են գումարը ստանալու, սակայն ինձ խաբել են։ Միջնորդը տեղակ չի եղել այդ զանգից։ Հետագայում այն փոխվեց այլ տարբերակով, ի վնաս մեզ, պարոն Գրիգոր Մելքումյանը կառավարության վերահսկողության աշխատակից՝ Գ. Աբելյանի եւ քաղաքապետարանի աշխատակիցներ՝ Ամյանի եւ Զիրոյանի մասնակցությամբ խոստացան այլ տարբերակ, բայց դա էլ սուտ դուրս եկավ։

Մեծարգո նախագահ, այս վեց եւ կես ամիսների ձգձգումը կապել են նախ ամանորի տոների, հետո նախագահական ընտրությունների, դրանից հետո էլ մարտի 1-ի ցավալի դեպքերի հետ։ Այս վեց եւ կես ամիսների ընթացքում 6 նամակ եմ ուղարկել Ձեզ։ Ես հակված չեմ այն մտքին, որ դուք մնացած 5 նամակներից տեղյակ եք եղել եւ միջոցներ չեք ձեռնարկել։ Սույն թվականի մայիսի 23-ի նամակին ինձ ընդունել է Ձեր խորհրդական Աբելյանը, նորից ոչ մի տեղաշարժ։

Մեծարգո նախագահ, այլեւս ի վիճակի չեմ տանելու այսքան սուտը եւ կեղծիքը, մեր եղբայրների իրավունքների ոտնահարումը, սուտ խոստումներն ընտրություններից առաջ, հետո մոռացության տալը։ Եթե մենք մեր երկրում ոչ մի իրավունք չունենք, ապա ես հրաժարվում եմ իմ որդուն Հայկական բանակ ուղարկելուց, թող արտոնյալ զոռբաներ Դավիթ Վարագյանները, Խաչատուր Վարդանյանները եւ Գրիգոր Մելքումյանները զինվոր տան Հայկական բանակին։ Ուստի ինքնահրկիզումը Հանրապետության հրապարակում գտնում եմ միակ ճանապարհը՝ կանխելու քաղաքապետարանի կողմից կատարվող հողագողությունները եւ խաբեությունները, որը ատելությամբ եւ անվստահությամբ է ընդունվում ժողովրդի կողմից մեր իշխանությունների նկատմամբ, սասանելով մեր պետականությունը։

Մեծարգո նախագահ, ես սիրում եմ իմ ընտանիքը, իմ հայրենիքը, հարգում եմ Ձեզ եւ Ձեր խոսքը։

Դիմող՝ հողօգտագործող
Մանուկյան Սամվել
Հասցեն՝ Միրաքյան 88