Անասնագողության հետքերը` Ադրբեջանում

20/06/2008

Հունիսի 13-ին, ժամը 17-ի սահմաններում Դովեղի սահմանագոտուց` Ջալաղ հանդամասից Ադրբեջանի տարածք է անցել դովեղցիներին պատկանող 2 նախիր` 27 կով, 5 երինջ եւ 1 ցլիկ: Նախիրները հսկել են 4 նախրապան: Ինչպես տեղեկացնում է «Ա1+»-ը, անասունների մի մասն այդ ժամանակ իջել է ձոր ջուր խմելու: Նախրապաններից Սամվել Ղազարյանը հայտնել է, որ ինքը գտնվել է ձորում, 20 մետր հեռավորության վրա տեսել է ադրբեջանցի 2 զինյալների, որոնք զենքով սպառնացել են իրեն: Ղազարյանը վախից փախուստի է դիմել: Սամվելի վկայությամբ` մոտ 10 րոպե անց, նա, շփոթմունքից ուշքի գալով, դեպքի մասին հայտնել է նախրապան ընկերներին: Սամվելի խոսքերով` մյուս երեք նախրապանները` Վաղինակ Հակոբյանը, Լադիկ Կիրակոսյանը եւ Արմիկ Գորգինյանը, սահմանից Ադրբեջանի տարածքում տեսել են 5-6 զինյալների: Ս. Ղազարյանի վկայությամբ` եւս 22 կով փրկվել է, որովհետեւ նախրի այդ մասը ջրին չի հասցրել հասնել. այդ ընթացքում արածելիս է եղել: Նախիրը գտնվել է Ադրբեջանի սահմանից ընդամենը 100մ հեռավորության վրա: ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ անուշադրությունից դուրս մնացած կովերն իրենք են անցել Ադրբեջանի տարածք, սակայն Սամվել Ղազարյանը վկայում է ադրբեջանցի զինյալների կողմից դրանց առեւանգման մասին: Նա այդպիսի ցուցմունք է տվել Նոյեմբերյանի ՆԳ բաժնում: Խոզերի աֆրիկյան ժանտախտի համաճարակից հետո կովերը մնացել են սահմանամերձ գյուղի բնակիչների ապրուստի հիմնական միջոցը: Անասնագողության դեպքերը հաճախ են տեղի ունենում Տավուշի սահմանամերձ գյուղերում: Մարտի լույս 31-ի գիշերը սահմանամերձ Ոսկեւան գյուղում անհայտ անձինք գողացել էին Էմմա Գեւորգյանի կովը, մոզին եւ հորթը: Սահմանամերձ գյուղերի բնակիչների համոզմամբ` անասնագողությունների հետքերը տանում են դեպի Ադրբեջան: