Առաջին հարձակումը
Oգոստոսի վերջն էր, կեսգիշերին մոտ: Արտյոմ Սաֆարյանն ընկերոջ՝ Արմենի հետ տաքսի նստեց՝ սեւ գույնի «Վոլգա»: Վանաձորի «Կոնգո» թաղամասի օժանդակ դպրոցի մերձակայքում ուղեւորները պահանջեցին կանգնեցնել մեքենան: Տաքսին կանգ առավ: Երիտասարդներն առանց դիմակի եւ այլեւայլությունների՝ դանակները հանեցին ու պահանջեցին վարորդի մոտ եղած գումարը: Վարորդը, տեսնելով, թե ում հետ գործ ունի, նույնպես՝ առանց այլեւայլությունների եւ ավելորդ հերոսականության, հանեց ու տվեց ունեցած 16 հազար դրամն ու 1 դոլարը: Տվեց ու փախավ: Ավազակները հափշտակած գումարը հավասար կիսեցին: Իր բաժին 8 հազարը Արտյոմն անմիջապես պարտքի դիմաց հանձնեց իրենց թաղամասի խանութի վաճառողուհուն:
Օրեր անց՝ սեպտեմբերի 5-ի կեսգիշերին, Արտյոմի ընկեր Արմենը փորձեց համանման ավազակային հարձակում կատարել միայնակ: Տաքսի նստեց, մի մութ անկյունում սպառնաց վարորդին ու գումար պահանջեց, սակայն նպատակին չհասավ, որովհետեւ այս անգամ ի՛նքը վախեցավ վարորդի վճռական դիմադրությունից ու փախուստի դիմեց: Ընկերովի ավելի «արդյունավետ» էր աշխատում, իրեն ավելի սանձարձակ ու անվախ զգում:
Իսկ Արտյոմը, բացի այն, որ հափշտակած ութ հազար դրամով պարտք էր վճարել, նաեւ դանակով սպառնալու, դանակ գործադրելու համարձակության փորձ էր ձեռք բերել, որը շուտով մեկ անգամ եւս պիտի ի ցույց հաներ: Սա նրա առաջին ավազակայինն էր:
Կրկին՝ դանակով
Սեպտեմբերի 15-ին, արդեն կեսօրից քիչ անց, Արտյոմն ու եղբայրը, իրենց շքամուտքում, թաղամասի էլեկտրաէներգիայի վարձավճարները հավաքող տեսուչի նկատմամբ խուլիգանություն կատարեցին, ինչպես նաեւ բռնություն գործադրեցին ու ծեծի ենթարկեցին մարդուն: Միջադեպից կես ժամ անց Արտյոմը խուլիգանական գործողությունները շարունակեց շենքի բակում: Նա արդեն դանակ էր հանել եւ ավելի լուրջ սպառնալիքներ էր հնչեցնում, սակայն մարդիկ հավաքվեցին ու կանխեցին հետագա հանցավոր դրսեւորումները: Օրը ցերեկով, իրենց շենքի բակում, շատերի ներկայությամբ դանակով հոխորտալը, մարդ ծեծելը եւ իրեն ցուցադրելը Արտյոմի հաջորդ քայլն էր, հանցավոր ինքնավստահություն ձեռք բերելու ճանապարհի երկրորդ «կանգառը»: Նրան թույլ չտվեցին ավելի առաջանալ, բայց եւ՝ չկանգնեցրին: Այնպես որ, հաջորդ կանգառը՝ ամենաարյունոտը, շատ շուտով վրա հասավ: Եվ Արտյոմն էլ սեփական բակից հեռու չգնաց: Ու ցերեկվա լույսից չընկրկեց: Եվ հարեւան տղային կյանքից զրկելու դաժան գործընթացում ձեռքն աներեր պահեց:
Արյունոտ շորերը
Նույն բակում ապրող Հրանտը Մոսկվայից օգոստոսին էր վերադարձել: Հոր հետ մի քանի ամիս աշխատել էր այնտեղ, տուն եկել ոսկեղենով ու բջջայինով: Արտյոմը նկատել էր Հրանտի վերադարձը, ցանկացել նրան իր ազդեցության շրջանակների մեջ դնել: Սեպտեմբերի 20-ին մոտեցել էր Հրանտին, պահանջել, որ նա մեքենան բենզին լցնի ու իրեն մի տեղ տանի: Սակայն Հրանտը հրաժարվել էր՝ ասելով, թե այդ օրը խոստացել է ուրիշին օգնել, բացի դրանից էլ՝ մորը երեւի մեքենայով գյուղ տանի: Արտյոմն իր արժանապատվությունը նվաստացած էր համարել ու հայհոյել, թե՝ հազարից մի անգամ բան եմ խնդրում, դու էլ համարձակվում ես մերժե՞լ, ուրիշները ինձանից լա՞վն են, կարեւո՞ր են, իսկ եթե էդպես է՝ դեռ պատասխան կտաս: Հրանտը չէր նահանջել ու ասել էր՝ դեռ կտեսնենք, թե ով պատասխան կտա:
Այս խոսակցությունը կարող էր անցնել-գնալ. ոչ մի ճակատագրական բան տեղի չէր ունեցել, ոչ ոք չէր ստորացվել ու չէր պարտադրվել հակաքայլեր ձեռնարկելու:
Սակայն Արտյոմը միջադեպը չմոռացավ: Չորս օր հարմար պահ փնտրեց, անելիքը մտմտաց: Միայն իր առավելությունը Հրանտին հասկացնելը չէր նրա նպատակը: Լավ առիթ էր տեսնում Հրանտի ոսկեղենին ու բջջային հեռախոսին տեր դառնալու, մի քայլով մի քանի հարց լուծելու համար:
Սեպտեմբերի 24-ին, օրը ցերեկով, նա բակի զրուցարանում գտնվող Հրանտին մի կողմ կանչեց: Հրանտը մոտեցավ Արտյոմին, խոսելով քիչ հեռացան: Զրուցարանում գտնվողների մի մասը խաղով էր տարված, չնկատեցին էլ, թե Արտյոմն ու Հրանտն ուր գնացին: Բայց նրանք Հրանտին այլեւս ողջ չտեսան:
Հաջորդ օրը հենց բակի տղաներն էլ ելան Հրանտին փնտրելու ու, համարյա նույն ժամին, երբ նախորդ օրը նա հեռացել էր՝ Արտյոմի հետ զրուցելով, հայտնաբերվեց արնաշաղախ դիակը: Դատաբժշկական փորձագետները հետագայում եզրակացության մեջ կարձանագրեն, որ Հրանտին հասցվել է դանակի 85 հարված:
Քանի որ Արտյոմն էր այն մարդը, որ Հրանտին կանչել ու տարել էր հետը, ուստի եւ առաջին կասկածյալն էլ նա եղավ: Արտյոմը, բավական անթաքույց գործելով, ոչ մի տեղ չէր էլ թաքնվել: Նրա բնակարանում, ննջարանի աթոռին հայտնաբերվեցին նախորդ օրը հագին եղած շորերը՝ արյունոտ վիճակում: Հայտնաբերվեցին եւ առգրավվեցին նաեւ Հրանտին պատկանող, հանցագործության արդյունքում Հրանտից հափշտակված ոսկեղենն ու բջջային հեռախոսը:
Սեպտեմբերի 26-ին Արտյոմ Սաֆարյանը կալանքի տակ առնվեց: Շուտով կալանավորվեց նաեւ ավազակային հարձակման դրվագով նրա հանցակիցը եղած Արմենը:
Պարտքերը պիտի փակեր
Նախաքննության ընթացքում Արտյոմն ընդունեց կատարած հանցանքները: Վերջին դրվագը՝ նույնպես: Ըստ նրա խոստովանական ցուցմունքների՝ Հրանտի հետ խոսակցությունը վերածվել էր վիճաբանության: Շենքի բակում աղմուկ չբարձրացնելու համար ինքը Հրանտին տարել էր դեպի ոչ հեռու գտնվող կիսակառույցը: Երբ վեճը թեժացել էր, Հրանտը հանել էր ոսկե իրերը, բջջայինը, դրել մի կողմ, ապա սկսել էին կռվել: Ինքը դանակով խփել էր Հրանտի ազդրերին, որպեսզի վախեցնի, բայց վերջինս շարունակել էր դիմադրել, դրա համար էլ ինքը դանակով խփել էր նաեւ նրա որովայնին: Հրանտն ընկել էր: Ինքը նրան քարշ էր տվել կիսակառույցի նկուղը, ապա վերցրել նրա ոսկեղենն ու հեռախոսը եւ հեռացել: 85 հարված չէր հասցրել, խփել էր 5-6 անգամ, մնացած վնասվածքները երեւի առաջացել էին, երբ քարշ էր տվել նկուղ, ու մարմինը խփվել էր քարերին: Դանակը, որի բռնակի երկարությունը 15 սանտիմետր էր, շեղբինը՝ 5-6, գցել էր մոտակա լճակը, որտեղ էլ լվացվել էր, իսկ արյունոտ շորերը, տուն վերադառնալով, գցել էր ննջարանի աթոռին: Ոսկե զարդերն ու հեռախոսը թաքցրել էր հյուրասենյակի բազմոցի մեջ: Խուզարկության ժամանակ դրանք հայտնաբերվել ու առգրավվել էին:
Հետագա ցուցմունքներում Արտյոմն արդեն խոստովանել էր, որ կիսակառույցի մոտ Հրանտից պահանջել էր ոսկեղենն ու բջջայինը, իսկ երբ նա հրաժարվել էր դրանք տալ եւ դիմադրություն էր ցույց տվել, ինքը սկսել էր դանակով խփել: Սկզբում՝ ոտքերին, որ դիմադրությունը կոտրի, իսկ հետո՝ որովայնին ու մարմնի այլ մասերին: Թե քանի անգամ էր խփել՝ չի հիշում: Արտյոմը խոստովանել էր նաեւ, որ ոսկե զարդերն ու բջջայինը պահանջում էր, որովհետեւ պարտքեր ուներ, պիտի փակեր: Եթե Հրանտը չդիմադրեր, ինքը նրան չէր սպանի:
«Ոչ օրինակելի երիտասարդ»
Նախկինում չդատապարտված երիտասարդի բնութագիրը՝ տրված բնակության վայրից, զարմանալիորեն բացասական էր:
Նման բնութագրերը մեծ մասամբ ձեւական են լինում: Ամենավատ մարդուն էլ ինչ-որ թաղային լիազոր կարող է տալ ամենադրական բնութագիրը՝ միայն թե գլուխն ազատի կամ լավություն անի ու ջուրը գցի: Ուրեմն՝ ինչքան բացասական տրամադրվածություն պիտի ունենային Արտյոմի կողքին բնակվողները, ինչքան պիտի հոգնած լինեին նրա վատ վարքագծից, որ մի դրական բնութագիրն ինչ է՝ դա էլ չկարողանային թեկուզ ձեւականորեն գրել ու ներկայացնել դատարանին:
Ըստ բնութագրի՝ յոթամյա կրթություն ունեցող Արտյոմ Սաֆարյանը համարվում է ոչ օրինակելի երիտասարդ, մեծահասակների նկատողությունների նկատմամբ՝ արհամարհանքով վերաբերվող, հասակակիցների հանդեպ՝ ագրեսիվ, նախկինում դատապարտված անձանց հետ շփումներ ունենալու հակումներ ունեցող, իրեն չտիրապետող, չար անձնավորություն:
Ցմահ ազատազրկում
Վերոհիշյալ արարքների համար Արտյոմ Սաֆարյանն առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվեց 15 տարի, նրա ընկեր Արմենը՝ 7 տարի ազատազրկման: Սակայն երբ գործը մտավ ՀՀ վճռաբեկ դատարան եւ հետազոտվեց, միայն մեկ մարդու՝ Արտյոմի կողմից դանակի 85 հարված հասցնելը, ընդհանրապես երրորդ հանցադրվագի կատարման բացահայտված մեխանիզմը անհամոզիչ թվաց: Այդ դրվագի շրջանակներում, Արտյոմի մասով դատավճիռը բեկանվեց, գործն ուղարկվեց նախաքննության, որի ընթացքում որոշում կայացվեց Սաֆարյանի հետ Հրանտին սպանելու դրվագով չպարզված համակատարողների վերաբերյալ քրեական գործի մասն անջատելու մասին:
Այնուամենայնիվ, Արտյոմը դեռ հայտարարում էր, թե միայնակ է կատարել սպանությունը: Գործը իր նոր ընթացքը սկսեց դատական ատյաններում:
Երբ առաջին ատյանի դատարանը Արտյոմին բոլոր երեք հանցադրվագների համար մեղավոր ճանաչեց ու դատապարտեց ցմահ ազատազրկման, Վերաքննիչ քրեական դատարանում արդեն նա սկսեց խոսել հանցընկերների մասին, այն մասին, թե ինքը լոկ ներկա էր գտնվել ոճիրին, ոչ մի անգամ դանակով չէր խփել եւ այլն:
Սակայն՝ որ այլոց հետ միասին, թե՝ առանց նրանց, Արտյոմը լիովին մեղավոր էր Հրանտի նկատմամբ կատարված ավազակության, ապա եւ՝ սպանության համար, քրեական գործով ձեռք բերված եւ դատարաններում հետազոտված ապացույցներով՝ կասկած չհարուցեց:
Առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ Արտյոմ Սաֆարյանի նկատմամբ, Վերաքննիչ քրեական դատարանը թողեց անփոփոխ: