Ժուլյեն Գրակ

20/06/2008 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

Ով գիտե, ինչ զորավոր կախարդական ուժեր են պարփակված այն նրբարվեստ, ինքնակամ, անտեսանելի տեքստում, որը տանում է բանաստեղծին կիսախավարի միջով, գրավոր լեզվի երերուն հունով: Ամենայն գրական ստեղծագործություն` պալիմպսեստ է, եւ եթե այն հաջողվում է հեղինակին, ապա հաջողության պատճառը նախնական տեքստի մոգությունն էր:

Ժուլյեն Գրակ

Ֆրանսիայում, 2007 թվականի դեկտեմբերի 22-ին, 97 տարեկանում մահացավ հանրահայտ գրող Ժուլյեն Գրակը:

1989-1995թթ. «Պլեադը» լույս ընծայեց գրողի երկերի լիակատար ժողովածուն: Կենաց օրոք քչերն են արժանանում այդ պատվին: Ժուլյեն Գրակն, էսսեներից, պիեսներից, բազմաթիվ հուշագրություններից եւ հոդվածներից բացի, գրել է 18 վեպ, որոնցից հինգը թարգմանվել են ռուսերեն` 1999-ից սկսյալ, այդպես էլ հիմնականում անհայտ մնալով ընթերցողին:

«Ժուլյեն Գրակը, երեւի թե, ֆրանսիական մշակույթի արեւային հանգույցն է: Նրա կյանքից հեռանալուց հետո շատ բան փոխվել է, քանզի նոր ֆրանսիական մշակույթը միանգամայն այլ է: Գրակը, իրոք որ, վերջին «կենդանի դասականն էր»»,- ասում է նրա եւ բազմաթիվ այլ ֆրանսիացի հեղինակների թարգմանիչ (Մ. Բլանշո, Ռ.Ռուսել, Ռ.Բարտ, Ժ. Լական, Ֆ.Գվատարի) Վիկտոր Լապիցկին:

Ժ. Գրակն իր աշխարհայացքով եւ պոետիկայով շատ մոտ է գերմանացի ռոմանտիկներին, ինչպես նաեւ՝ սյուրռեալիստներին: Նրա առաջին վեպը` «Արգոլ ամրոցը», ցնցել էր սյուրռեալիզմի առաջնորդ եւ տեսաբան Անդրե Բրետոնին, եւ նրանք հետագայում մտերիմ ընկերներ դարձան: Ա. Բրետոնը համարում էր, որ «Արգոլ ամրոցը» սյուրռեալիստական վեպի անհնարինության մասին իր սեփական թեզիսի ժխտումն էր:

2003 թվականին «ԲՍԳ-պրեսս» մոսկովյան հրատարակչությունը լույս ընծայեց Ժ. Գրակի լավագույն վեպերից մեկը` «Խոժոռ գեղեցկադեմը». «գ մոմերը, հրի այդ քաղցրանուշ մահը, այնքան մաքուր վերնամասում, այդ խավարը շամփրող կրակե պտուտակը` ինչ անզուսպ ծարավով էի ես հիանում դրանցով, երկար, անընդհատ, ժամերով: Սեւ միջուկով կրակը, որում, ինչպես կնոջ արգանդում, կենտրոնացված է հենց հուրը` տեգի ծայրը, կաղամախու տերեւը, պստլիկ անսպառ լուսատուն` այնքան անշարժ, այնքան քնատ, ասես այն պեծկլտում է անհատակ ջրհորում, այն ասես հրե լեզվակի ծավալվող, տատանվող արտացոլքն է սրբազան լճի ջրերում: Այն դյութում էր ինձ, ինչ-որ բան իմ մեջ տենչում էր այդ լույսը, որպեսզի թիթեռնիկի պես այրվի դրանում»: Վեպում ասես ոչինչ էլ չի կատարվում, եւ գլխավոր հերոս ասածն էլ չկա: Գլխավոր հերոսը` անթույլատրելի պերճաշուք, նրբին, հորդող լեզուն է: Իր հայրենիքում Ժ. Գրակը համարվում է խոսքի լավագույն վարպետներից մեկը: Վեպում գործնականորեն ոչինչ չի կատարվում` միայն ծովը, անմարդաբնակ առողջարանը, միայն չարաբաստիկ «դատապարտվածության մթնոլորտը»: Սակայն այդ ամենը նկարագրված է այնպես, որ անհնար է գրքից պոկվել:

Ժ. Գրակի, ըստ Միշել Տուրնիեի, լավագույն գրողներից մեկի 1945 թվականին գրված լավագույն վեպը վերջապես տպագրվեց ռուսերեն թարգմանությամբ:

Ժուլյեն Գրակը, թերեւս, կմնա ֆրանսիական գրականության մեջ ընտրելագույն գրող-բնանկարիչը: Միայն նրա վեպերի վերնագրերը` «Արգոլ ամրոցը», «Սիռտի ափը», «Պատշգամբն անտառում» (որոնք երեքն էլ թարգմանվել են ռուսերեն եւ սյուրռեալիստական արձակի կատարյալ նմուշներ են) ասես, օրինակ, գերմանացի ռոմանտիկ նկարիչ Ֆիլիպ Օտտո Ռունգեյի կտավների մակագրությունները լինեն:

Ինչպես նշել էր գրաքննադատներից մեկը, Գրակի սյուրռեալիզմը ոչ այնքան պատկանելությունն է դպրոցին, որքան` հոգեվիճակին: Նա, ինչպես նշում էր Մորիս Բլանշոն, խզման մեջ էր տեսանելիության, տեխնիկայի եւ գրական հնարքների հետ:

Այս գիրքը ծնվել է բազում այլ գրքերից: Բոլոր մարդիկ այստեղ գրական պերսոնաժների շարունակողներն են, նրանց արարքները` սյուժեներ են, բնանկարներն ու երազները հիշողության մեջ արթնացնում են մեծ վեպերը` Ֆյոդոր Դոստոեւսկու եւ Կնուտ Համսունի վեպերից՝ մինչեւ Լ. Դարելի «Ալեքսանդրյան կվարտետն» ու «Ավինյոնյան կվինտետը»: Ինչպես ասում է հեղինակն ինքը. «Բանը հենց իրադարձությունները չեն, այլ այդ իրադարձություններից ծնված մտքերն ու պատկերացումները. այստեղ գլխավոր վտանգը ներշնչման ուժն է, հավերժին միտված անպատասխանատու չարաշահումը, մարդու մոգոնելու, հորինելու, հայտնաբերելու, դատարկության մեջ ըմբռնման համար ինչ-որ դժվար, խեղաթյուրված, մռայլ բան կառուցանելու անհագ ծարավն է»:

Ժ. Գրակի կյանքն արտաքին իրադարձություններով հարուստ չէ: Նա, ում իսկական անունն էր Լուի Պուրյե, ապրում էր մեկուսի Անժեր գյուղի իր ընտանեկան տանը: Լուար հեռաստանի տունը, ուր նա աշխարհ էր եկել, Գրակը լքեց միայն մահվանից մի քանի օր առաջ, երբ նրան պառկեցրին տեղի հիվանդանոցում: Չնայած իր գրական հաջողություններին, Ժ. Գրակը մինչեւ 1970 թվականը զբաղվել է ուսուցչությամբ: Սովորել է նաեւ ռուսերեն, եւ այն մակարդակի, որ հասցրեց կարդալ Վիկտոր Լապիցկու թարգմանություններից մեկը:

Ինչպես արդեն ասացի, Ժ. Գրակն ամենից շատ հայտնի է իր առաջին վեպով` «Ալգոլ ամրոցը», որի գործողությունը տեղի է ունենում Բրետանի հեռախուլ ամրոցներից մեկում, որտեղ ծավալվում է երեքի սիրո դաժան պատմությունը: Նշենք, որ այս գիրքը հեղինակը տպագրեց իր միջոցներով եւ ընդամենը 150 օրինակ տպաքանակով: Եվ հենց այս վեպն էլ նրան հաջողություն բերեց ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ նրա սահմաններից դուրս:

Քանի որ Ժ. Գրակը մերժում էր բոլոր տեսակի մրցանակները, նա հրաժարվեց իր վեպերից մեկի համար շնորհված Գոնկուրյան մրցանակից:

«Արգոլ ամրոցը» վեպը հեղինակն ինքը բնորոշում էր որպես Ռիխարդ Վագների Պարսիֆալի «դիվային տարբերակներից մեկը» եւ միաժամանակ դիտարկում էր որպես հարգանքի տուրք վիթխարի երգահանին:

Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը (ով կարող էր, Նապոլեոնին երկրորդելով (ով Շամպոլյոնին ասել էր, որ իրենց ազգանունների միջեւ ընդամենը երեք տառի տարբերություն կա), ասել, որ ինքը համարյա թե Ֆրանսուա Վիյոնն է) թաղման արարողության իր ցավակցական ելույթում լուրջ տեսքով հայտարարեց. «Մենք կորցրինք ողջամիտ մարդու, ազատամիտ մտածողի եւ ֆրանսիական գրականության առաջատար դեմքերից մեկին»: Սա կարելի էր ասել ոչ մեկի եւ բոլորի մասին, ինչպես հաճախ է լինում նաեւ հայ գրականության դասագրքերում:

Սակայն չմոռանանք, որ ամեն դեպքում Ֆրանսիայի վարչապետը Ֆրանսուա Վիյոնը չէ: