Հայաստանում հունիսի 21-ին կնշվի Երաժշտության միջազգային օրը: Ինչպես եւ աշխարհի շատ երկրներում` նույն օրը բացօթյա անվճար համերգներ կանցկացվեն Երեւանի փողոցներում ու հրապարակներում: Այդ գաղափարը պատկանում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությանը, որի իրագործմանը մասնակցում են Երեւանի քաղաքապետարանն ու ՀՀ Մշակույթի նախարարությունը: «Fete de la musique» տոնը Հայաստանում կանցնի արդեն երկրորդ անգամ: Դեսպանության աշխատակիցները հույս են հայտնել, որ տարբեր ոճի ու ուղղվածության երաժշտական ներկապնակ ցուցադրելով, հնարավոր կլինի երաժշտությունն ավելի հանրամատչելի դարձնել ու փողոցներն ավելի ուրախ տեսնել: Երեւանի 9 բեմահարթակներում կհնչեն դասական, ժողովրդական, ջազային, ռոք երաժշտության համերգները, ինչպես նաեւ` ֆրանսիական երգերը: Գրեթե բոլոր համերգային ծրագրերը կենտրոնացած կլինեն Երեւանի կենտրոնում: