Եթերում հայտնվելու մեխանիկան

22/05/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Երաժիշտ կատարողները հաճախ դժգոհում են, որ երգի ձայնագրումից եւ կլիպի
նկարահանումից բացի, ստիպված են վճարել նաեւ եթերում հայտնվելու համար:
Հեռուստատեսությունը բիզնես է եւ փող է վաստակում ոչ միայն ավանդական՝
գովազդային ձեւով, այլեւ երգիչների կերպարների ստեղծմամբ:
Եթերային ժամանակը տրվում է երգիչների եւ նրանց կյանքի մասին պատմող
հաղորդումներին: Երգարվեստի մարդիկ հասկանում են, որ հաջողության հասնելու
համար երաժշտական արտադրանքը պետք է հաճախակի ցուցադրվի։ Տեսահոլովակի
ցուցադրման համար վճարելու պրակտիկան մեր հեռուստաալիքներում, իհարկե,
գոյություն ունի, սակայն այն ոչ պաշտոնական կամ կիսապաշտոնական բնույթ է
կրում։ Գրեթե բոլոր ալիքների գլխավոր պրոդյուսերներն ասում են, որ այդպիսի
պրակտիկա կա, բայց ոչ իրենց ալիքներում: Ոմանք այդ ձեւը համարում են
սովորական շուկայական հարաբերություններ, իսկ ոմանք՝ ամոթալի, քանի որ
իրականում պետք է հակառակը լինի՝ հեղինակային եւ հարակից իրավունքների
համաձայն՝ ալիքները պետք է վճարեն երաժշտությունն օգտագործելու համար:
Երեւալու եւ երգերը ճանաչելի դարձնելու տարբեր ճանապարհներ կան։ Սովորաբար
արդեն հայտնի ու ճանաչված երգիչների համար թթվածինը չի փակվում, մանավանդ,
եթե ոչ երգից, ոչ տեսահոլովակից դժգոհ չեն։ Եթե նոր տեսահոլովակ է
նկարահանվում, երգչին որեւէ հաղորդման հյուր են կանչում եւ տեսահոլովակը
մեկ-երկու անգամ անվճար ցուցադրում: Ավելի բարդ է սկսնակների համար։
Ճանապարհներից մեկը վճարելն է։ Եթե երգիչը պրոդյուսեր ունի, նա է զբաղվում
եթերի ապահովմամբ: Եթե չունի, փորձում է ինքը գնալ հեռուստաալիքներ եւ իր
տեսահոլովակն առաջարկել: Հետաքրքիրն այն է, որ կլիպի ցուցադրման համար
վճարած շատ երգիչներ իրենք են հերքում այդ փաստը, ասելով՝ հավանեցին,
ցուցադրեցին: Ամոթ է, երբ խոստովանում ես, որ ցուցադրվելու համար փող ես
տվել։ Գները մեկանգամյա ցուցադրման համար տատանվում են 10-50 դոլարի
սահմաններում։ Նման առաջարկներ երգիչներին արել են «Հ2»-ում ու
«Արմենիայում»: Որքան բարձր է ալիքի վարկանիշը, այնքան բարձր գումար պետք
է վճարել։ Իհարկե, ինչպես յուրաքանչյուր բիզնեսում, այստեղ էլ կան զեղչեր:
Որակյալ տեսահոլովակի, երգչի հանդեպ հետաքրքրության եւ ալիքի իմիջին
համապատասխան լինելու դեպքում՝ երգչից գումար չեն վերցնում:

Վճարելը ցուցադրման երաշխիք չէ

Պատահում է նաեւ այնպես, որ ինչքան էլ փող առաջարկես, եթերում չես
հայտնվի։ Ուրեմն կամ տեսահոլովակն է շատ վատը, կամ էլ ճիշտ տեղ չես եկել։
«Հ1»-ում, օրինակ, պատահական մարդիկ չեն հայտնվում։ Թեեւ ցանկանում են
բոլորը։ Գոյություն ունի ներքին օգտագործման «սեւ ցուցակ», որի մեջ եթե
երգիչը հայտնվեց, այլեւս չի ցուցադրվի։ Ժամանակ առ ժամանակ այդ ցուցակում
են հայտնվում նաեւ հայտնիները՝ երկար ժամանակ «Հ1»-ով չէր ցուցադրվում
Շուշան Պետրոսյանը: Սակայն դրանք հիմնականում Հանրային ալիքի դիմանկարի
համար ոչ պիտանի երգիչներն են։ Հեռուստաալիքի պրոդյուսերը կարող է ասել,
որ տեսահոլովակն իրենց պահանջներին չի համապատասխանում։ Կարելի է խնդրել,
որ տեսահոլովակը գոնե մեկ անգամ ցուցադրվի, սակայն այն ռոտացիայի՝
հաճախակի ցուցադրության մեջ չի մտնի։ Ստիպել որեւէ մեկին ցուցադրել
անցանկալի մարդուն՝ չի ստացվի։ Շատերը կասեն՝ լավ է, որ ճանապարհը բոլորի
առջեւ բաց չէ: Սակայն սեւ եւ սպիտակ ցուցակների առկայությունը հաճախ
իրական պատկերը չի արտահայտում: Ցուցակից կարող են դուրս մնալ այն
երգիչները, ովքեր արժանի են, բայց համապատասխան կապեր կամ գումար չունեն:
Ճաշակի եւ որակի չափանիշները տարբեր ալիքներում տարբեր են: «Հ1»-ի
երաժշտական քաղաքականությունը բավականին խիստ է: «TV5»-ի երաժշտական
հաղորդումների մեջ մտնելը սովորաբար ավելի դյուրին է, քան Հանրայինի:
«ՀայTV»-ն աշխատում է պարբերաբար ցուցադրել նաեւ այն երգիչներին, ովքեր
ընդունված ֆորմատից դուրս են: Այնտեղ կարող են Հայկոյից, Քրիստինե
Պեպելյանից բացի հայտնվել նոր, բավականին օրիգինալ մարդիկ, քանի որ որոշ
կլիպեր նկարահանվում են հենց «Հայ TV»-ի ուժերով: Այսօր շատ կարեւոր է, թե
ով է կլիպի ռեժիսորը: Քանի որ, եթե Հրաչ Քեշիշյանը, Հրանտ Վարդանյանը կամ
Հրանտ Մովսիսյանն են կլիպի հեղինակը, դա արդեն եթերում հայտնվելու
երաշխիքի է նման: Հեղինակություն ունեցող ռեժիսորները հազվադեպ են
կասկածելի մարդկանց համար գործ անում: Եթե անում էլ են, ապա չեն կարող
չհետաքրքրվել տեսահոլովակի ապագայով: Տեսահոլովակների գինը սկսվում է 300
դոլարից, սակայն հայտնի կլիպմեյքերին դիմելու համար հարկավոր է առնվազն
երեք անգամ ավելի գումար: Ակտիվորեն տեսահոլովակներ նկարահանող «Հ1»-ի
գլխավոր պրոդյուսեր Հ. Քեշիշյանին տեսահոլովակ պատվիրող երգիչների հերթը
բավականին մեծ է: Սակայն կան նաեւ վիրավորված երգիչներ, ովքեր Քեշիշյանի
նկարահանած տեսահոլովակն ունեն, սակայն եթերում չեն երեւում:

Ո՞վ է լավը

Ընդունված է, որ երգի եւ տեսահոլովակի շուկայում հիերարխիկ աստիճաններ են
ստեղծում հիթ-շքերթները, «թեժ տասնյակները», կամ «թեժ հնգյակները»: Սակայն
իրականում հազիվ թե հարցումներն արտացոլեն ճիշտ պատկերը, քանի որ
հեռախոսազանգերը վճարովի են: Գրեթե բոլոր երգիչները գիտեն, թե որտեղ իրենց
կցուցադրեն, իսկ որտեղ՝ ոչ: Առայժմ հեռուստատեսությունն է երգիչների
պահանջարկն ապահովում, եւ ոչ թե հասարակությունը: Իրականում ո՞վ է լավը եւ
համաշխարհային շուկա դուրս գալուն պատրաստը. պարզել չի ստացվում: Նեղ
դաշտում մրցակցությունն էլ է նեղ: