Մամուլի ազգային ակումբում երեկ կազմակերպված քննարկումը նվիրված էր արտախորհրդարանական ընդդիմության դերին՝ քաղաքական գործընթացներում։ Թեման, իսկապես, շատ արդիական է՝ հատկապես նախագահական ընտրություններից հետո։ Սա բոլորն են ընդունում։ Բայց մոտեցումները տարբեր են՝ իշխանությունը հարցին նայում է հեռադիտակի մի ծայրից, ընդդիմությունը՝ հակառակ։
Այս իրողությունը եւս մեկ անգամ հաստատվեց երեկ։ Եթե ընդհանուր գծերով ներկայացնենք քննարկման ընթացքում հնչած կարծիքները, ապա կարելի է ասել՝ իշխանության ներկայացուցիչները գտնում են, որ որեւէ արտառոց բան չկա։ Պարզապես ընդդիմությունը սխալ մարտավարություն է ընտրել, ԱԺ ընտրությունների ժամանակ փոշիացրել է ձայները եւ ուզում է մեղքը գցել իշխանության վրա։ Ավելին՝ իշխանությունը «մեծահոգաբար» հուսադրում է՝ ասելով, թե՝ մի հուսահատվեք, կյանքը շարունակվում է, պատրաստվեք նոր ընտրություններին։ «Արտախորհրդարանական ուժերի համար լավ հնարավորություն է ընձեռված մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, նաեւ ընդգրկվել Հանրային խորհրդում, որը նրանց քաղաքական դաշտ կբերի»,- ասաց հիմնական զեկուցողներից մեկը՝ ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը։ Իհարկե, մինչ այդ նա «ընտրական» էքսկուրս կատարեց՝ հիշեցնելով, թե ով ինչ կշիռ ունի, ով որքան ձայն է հավաքել ընտրությունների ժամանակ։ Այսօրինակ մխիթարանքները, իհարկե, չէին կարող բավարարել մյուս հիմնական բանախոսին՝ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանին։ «Արտախորհրդարանական ընդդիմություն երեւույթի լրջացումը հատուկ է մեր տիպի երկրներին, որոնք զարգացման քսան տարիների ընթացքում չկարողացան ձեւավորել ժողովրդավարական, ընտրական այն մեխանիզմները, որի արդյունքում հասարակությունը քիչ թե շատ բավարարված լինի ընտրություններից: Այսօր կա երկու Հայաստան՝ վիրտուալ, այսինքն՝ պաշտոնյաների Հայաստան, եւ սովորական քաղաքացու, առօրյա հոգսերով ապրող քաղաքացու Հայաստան»,- ասաց նա՝ ավելացնելով, որ վիրտուալը ոչ մի կապ չունի երկրում առկա իրական պրոբլեմների հետ, վիրտուալ Հայաստանը ստեղծել է իր խորհրդարանը, որտեղ գալիս են կոճակ սեղմելու, այդ Հայաստանը ստեղծել է խաղի իր կանոնները ու առաջնորդվում է միայն դրանցով, որոնք ոչ մի կապ չունեն հասարակության հետ։ Նույն իրավիճակը, ըստ նրա՝ տնտեսության մեջ է։
«Ի՞նչ կովկասյան վագր, ի՞նչ ֆինանսական կենտրոն. Հայաստանն այսօր տնտեսապես մեկուսացած մի օղակ է, մրցակցության մեջ տանուլ տված, իր զարգացման մոդելը չունեցող երկիր»,- հայտարարեց Բ. Ասատրյանը։ Ընտրություններից հետո, բանախոսի կարծիքով, իրար դեմ կանգնած էին այդ երկու Հայաստանները՝ վիրտուալը եւ սովորական քաղաքացու, արդարության պահանջ ներկայացնող մարդկանց Հայաստանը։ Իսկ իշխանությունը, ըստ նրա, դեռ նույն նպատակն է հետապնդում՝ ոչնչացնել այլախոհությունը։ «Վիրտուալում» ամեն ինչ փայլուն է, օրինական, իսկ իրականում՝ բոլորը պետք է գնան 2 հոգու աջը համբուրեն»,- ասում է ԿԲ նախկին նախագահը։ Քայլերն էլ, որոնք իշխանությունները փորձում են ներկայացնել որպես լարվածությունը լիցքաթափելու միջոց, օրինակ՝ Հասարակական պալատի ստեղծումը, Բ. Ասատրյանին չեն բավարարում։ «Ի՞նչ Հասարակական պալատ՝ եկեք լրջանանք»։ Լրջանալու եւ իրավիճակը շտկելու ձեւը Բ. Ասատրյանին հայտնի է՝ անհրաժեշտ է Հայաստանում վերականգնել Սահմանադրական կարգը, քաղբանտարկյալներին ազատ արձակել եւ նորմալ, արդար ընտրություններ անցկացնել։ Հետեւաբար, ըստ Բ. Ասատրյանի, չկա եւ չի կարող լինել արտախորհրդարանական ընդդիմություն, որովհետեւ չկա խորհրդարան: «Եթե այսօրվա պատգամավորներից մի 50 հոգու նստեցնեն, քաղաքական կյանքում ոչինչ չի փոխվի»,- ասում է նա։
Քննարկմանը ներկա մյուս բանախոսների կարծիքներն էլ էին հաճախակի բախվում։ Օրինակ, ԲՀԿ անդամ Արմեն Մելիքյանը համոզված էր, որ երկրի առաջատար ուժերն այսօր նրանք են, ովքեր ներկայացված են խորհրդարանում։ Իսկ «Նոր Ժամանակներ» կուսակցության անդամ Հրաչյա Սարգսյանը համոզված է, որ ներկայիս խորհրդարանը չի արտացոլում քաղաքական ուժերի իրական պատկերը, եւ անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ։ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը, ճիշտ հակառակը՝ գտնում է, որ արտահերթ ընտրությունների կարիք ամենեւին չկա, քանի որ հասարակության ճնշող մեծամասնությունն իր խնդիրների լուծումը կապում է ներկայիս կոալիցիոն կառավարության հետ։
Իսկ ամենասուր «մինի» բանավեճը տեղի ունեցավ ԱԺՄ-ական Վարդան Վարդանյանի եւ ՀԺԿ անդամ Գրիգոր Հարությունյանի միջեւ։ Վ. Վարդանյանը հասցրեց հավասարաչափ քննադատել թե՛ իշխանությանը, որն` իր համար անհասկանալի համառությամբ, արդարանում է, եւ թե՛ ընդդիմությանը, որն այնպիսի պահանջներ է ներկայացնում, որ ոչ մի իրեն հարգող պետություն չի ընդունի։ Այստեղ արդեն Գրիգոր Հարությունյանի նյարդերը չդիմացան, եւ նա հարցրեց. «Բա դո՞ւք որտեղ եք։ Երկուսին էլ խփում եք։ Հիմա դուք էստե՞ղ եք, թե՞ էնտեղ»։ Վ. Վարդանյանն, ի պատասխան, հիշեցրեց, որ «էստեղից» եւ «էնտեղից» բացի՝ ուրիշ տեղեր էլ կան, եւ Գ. Հարությունյանը թյուրիմացության մեջ է, եթե կարծում է, որ մի կողմից՝ իշխանությունն է, մյուս կողմից՝ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները։ Բանավեճը վեճի կվերածվեր, եթե քննարկումը վարող Նարինե Մկրտչյանը կրքերը չհանգստացներ։ Մնում է սպասել, թե ով կհանդարտեցնի կրքերը Հայաստանում։