Իրերը ծնվում են էմոցիաներից

22/05/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Նուռը փիլիսոփա միրգ է: Իսկ դիզայներ Նուռը (Արման Դավթյանին այդպես
են կոչում)՝ փիլիսոփա ոսկերիչ ու քանդակագործ: Իր յուրաքանչյուր ստեղծածի
մեջ, լինի դա քանդակ թե զարդ, նա դիմանկար է պատկերում կամ որոշակի
տրամադրություն: Պարզապես զարդ չկա, կան անձնավորված զարդեր: Եվ
յուրաքանչյուր զարդ պետք է ընդգծի տիրոջ նկարագիրը, այլապես՝ այն անդեմ
մետաղային ձուլվածք է, նույնիսկ, եթե մետաղները թանկարժեք են: Հաճախ
մարդիկ, ովքեր պատվերներ են անում, մատանու կամ ապարանջանի մեջ զարմանքով
տեսնում են իրենց բնավորության այն գծերը, որոնք իրենք էլ չէին նկատել:
Բայց նկատել է Նուռը: Դա իր մասնագիտությունն է՝ շարունակելի ու շարժման
դինամիկայով լի իրեր արարելը: Եվ անպայման իր ստեղծած իրի մեջ գաղտնիք կամ
որոշակի ինտրիգ նշմարելը: «5 հանճարները» անիմացիոն քանդակների շարքն,
օրինակ, փոփոխելով դիրքերը, կարելի է տարբեր իմաստ ու տրամադրություն
ստանալ: Կարելի է խաղալ, մտածել, եզրահանգել, գուշակել: «Շատերն են գալիս
ինձ մոտ ու ասում՝ տուր հանճարներով խաղամ: Խաղի արդյունքը միշտ տարբեր է
լինում»,- ասում է Արմանը: Իր նոր նախագիծը «Լիլիթ» քանդակն է, որը
տեղադրվելու է կրակի մեջ, եւ կրակով մաքրագործվելով՝ կընդունի չորս տարբեր
կերպարանք: Ավարտելով մի քանի ուսումնական հաստատություն Հայաստանում,
Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում, Նուռը ձեռք է բերել դիզայների եւ գեմմոլոգի՝
թանկարժեք քարեր գնահատողի եւ դիագնոստի մասնագիտությունները: Արման
Դավթյանի էսքիզներով պատրաստված զարդեր կրում են շատ հայտնի մարդիկ, ընդ
որում, ոչ միայն հայ մարդիկ. նրա առաջին պատվիրատուներից է եղել ԱՄՆ
նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, որը 20 կրծքազարդ է պատվիրել: 1994
թվականից մասնակցելով Մոսկվայի ամենամյա միջազգային
ցուցահանդես-փառատոնին, նա երբեք առանց մրցանակի չի վերադարձել: Արման
Դավթյանն այս տարվա «Լավագույն դիզայներ» է համարվել: Իսկ այս ամսվա
վերջում Միլանում անցկացվող ոսկերիչների ու արտադրողների սիմպոզիումում,
որպես «Լավագույն դիզայներ», վարելու է դիզայնի սեմինար:

«Այն մարդը, ով չի ուզում հարուստ լինել, թող առաջինը ինձ վրա քար գցի: Ցանկալի է, որ այդ քարը ադամանդ լինի, եւ մեծ ադամանդ»:

Նուռ

– Ինչպե՞ս սկսվեց միջազգային ճանաչումը եւ հե՞շտ է արդյոք սկսել եւ հաջողության հասնել:
– Եթե աշխատանքներն արժանի լինեն, ապա երբեք աննկատ չեն մնա: Հետաքրքիր եւ
նորովի գործերն անպայման կգնահատվեն: Յուրաքանչյուր մասնագիտության մեջ է
այդպես: Ես մենակ եմ ամեն ինչ զրոյից սկսել: Եվ եթե որոշակի հաջողության
եմ հասել, դա երկարատեւ եւ շատ դաժան աշխատանքի շնորհիվ է: Ես աշխատում եմ
առավոտյան իննից մինչեւ գիշերվա մեկը, համարյա իմ ստուդիայից դուրս չեմ
գալիս: Իմ չորսամյա երկվորյակ դուստրերը տանն ինձ համարյա չեն տեսնում:
Երբ Մայամիից վերադարձա, ոչ մի հարազատ կողքիս չկար: Իսկ առաջին անգամ
Մոսկվա էի գնացել հանպատրաստից, ուղղակի նայելու ու ծանոթանալու համար: Դա
ահռելի մեծ ցուցադրություն է, մի քանի օր է պետք, որպեսզի ամբողջ
ցուցադրությունը տեսնես: Մոտս կար մի քանի իր, որոնք ինձ առաջարկեցին
մրցույթին ցուցադրել, եւ ես երկրորդ տեղը գրավեցի: Դրանից հետո ինձ
սկսեցին ամեն տարի հրավիրել: Բայց իմ անհատական ցուցահանդեսներին ես միայն
քանդակներ եմ ցուցադրում: Զարդ պատրաստելն իմ հոբբին է: Զարդերն էլ են
արձաններ, պարզապես դրանք մարդիկ են կրում: Արձաններն էլ կարող են
կիրառական արժեք դառնալ: Ամեն զարդ իր թեման ու անվանումն ունի:
– Պատվիրատուն ասո՞ւմ է, թե ինչ է ուզում:
– Մարդը, ով ինձ մոտ է գալիս, նախօրոք չգիտի, թե ինչ եմ պատրաստելու իր
համար: Զրուցելով ոչ իրերի ու ոսկու մասին, ծնվում են էմոցիաներ, որոնք
հետո ես իրի եմ վերածում: Մարդը կարող է իր ցանկություններն ասել, բայց
վերջնական ձեւը ես եմ որոշում: Տեսնելով իրի վերջնական տարբերակը,
պատվիրատուն կարող է իրը գնել կամ չգնել, նա ազատ է իր ընտրության մեջ:
Սակայն առայժմ զարդից հրաժարվելու դեպքեր չեն եղել: Ես կարող եմ նաեւ
հրաժարվել պատվեր անելուց, եթե մարդը ինձ չի վստահում: Լինում է, գալիս
ասում են, ա՛յ, սրա նման զարդ եմ ուզում: Ես այդպես չեմ աշխատում:
– Հայաստանում լավ ոսկերիչներ միշտ եղել են, բայց դուք կարողացել եք
յուրահատուկ տեղ գրավել՝ պատրաստելով ուրույն էքսկլյուզիվ զարդեր:

– Հայաստանում այսօր արտադրվող եւ վաճառվող իրերի 98%-ն իմ հորինած իրերն
են, իմ նմուշները: Ես ունեմ ստուդիա, որտեղ մոտ 40 աշակերտ կա, որոնցից
շատերին արդեն բաց եմ թողել մեծ աշխարհ: Ես իրենց չեմ պահում որպես
աշխատող: Նրանցից շատերն իմ էսքիզներով մոդելներ են պատրաստում, եւ այդ
մոդելները հետո մտնում են արտադրություն: Շաբաթական 30-40 նմուշ մտնում է
շուկա: Ես համագործակցում եմ մեծ արտադրողների հետ՝ օրինակ, Երեւանի
ոսկերչական գործարանի հետ եւ ոչ միայն հայկական գործարանների: Էսքիզը
սկիզբն է, իսկ արդյունաբերությունը՝ մտքի զարգացումը: Վերջին հինգ
տարիների ընթացքում ոսկու շուկան անհամեմատելի զարգացում է ապրել, դարձել
է շատ ավելի հետաքրքիր ու բազմազան:
– Այդպես հեշտությամբ ինչպե՞ս եք հրաժարվում գաղափարներից:
– Մտքերն ու գաղափարներն այնքան շատ-շատ-շատ են, որ եթե այդքանը պահես,
ուղղակի կխեղդվես: Ես շատ կուզեի, որ ուժեղ մրցակցություն լինի, այդ
դեպքում ինքնազարգացման առիթ կլինի:
– Ձեր բոլոր զարդերը կարծես թաքնված նշանակություն ունեն:
– Զարդերը նաեւ գործողություն են կատարում՝ պարում են ձեռքի կամ վզի վրա,
կամ ջրի՝ շատրվանի կամ ծովի ձայն են հանում: Աշխատանքում օգտագործում եմ
մետաղի լարվածությունը, որը շարժման ժամանակ վերածվում է ձայնի: Քեզ
սկսում է թվալ, որ կողքիդ գետ է հոսում: Ինչպես ամեն մարդ, յուրաքանչյուր
իր միակն է ու անկրկնելի: Իրը միշտ նվիրված է լինում կոնկրետ մարդու:
– Իսկ խարույկի կամ քամու ձայնով զարդեր կա՞ն:
– Պետք է լինեն շուտով: Ուզում եմ ստեղծել չորս տարերքների շարք: Օդը,
ջուրը եւ կրակը զարդ կլինեն, իսկ հողը կլինի ոչ կրելի իր: Դա լինելու է
երաժշտական գործիք, որը պատրաստվելու է ոսկուց: Ի դեպ, ինձ արդեն դա
պատվիրել են: Ձայնը տարօրինակ կլինի, բայց զնգոցի ժամանակ կզգացվի, որ դա
հողի ձայնն է:
– Ի՞նչ նյութերով եք աշխատում:
– Տարբեր՝ ադամանդ, զմրուխտ, կաշի, փայտ, կրիայի կաղապար, փետուր, ժանյակ: Վերջերս արեցի ադամանդով եւ մետաքսյա ժանյակով մի իր:
– Ինտերնետով պատվերներ անո՞ւմ են:
– Այո, բայց ես խուսափում եմ այդ ձեւից, որովհետեւ ես չեմ կարող շփվել
մարդու հետ եւ չեմ կարող ճշգրիտ իր համար պորտրետային իր անել: Իսկ ամեն
իրը պորտրետ է: Ինտերնետային կայքում սովորաբար գրվում են նաեւ տերերի
անունները:
– Դա նաեւ բավականին լավ գովազդային ձեւ է:
– Ես չեմ ձգտում նման ձեւով գովազդ անել: Պարզապես ապացուցում եմ, որ իրը
մեկ օրինակով է արված եւ տեր ունի: Դա ինքնագովազդի համար չի արված: Ընդ
որում, կան մարդիկ, ովքեր չեն ուզում իրենց անունը նշել: Տիրոջ անունը
նշվում է, եթե նա դեմ չէ: Մտածում եմ անել մի յուրահատուկ ակցիա. դատարկ
պատվանդաններով դահլիճ կմտնեն մարդիկ, կհանեն իրենց զարդերն ու կդնեն
պատվանդաններին: Իրը ժամանակավոր կբաժանվի իր տիրոջից ու կցուցադրվի:
– Այսօրվա Երեւանում ձեզ հարմարավետ զգո՞ւմ եք:
– Երեւանը իմ քաղաքն է, այստեղ են իմ արմատները: Մնացած բոլոր քաղաքներն
ավելի անհարմար են ապրելու համար: Շատ եմ շրջագայում եւ համոզված եմ, որ
ամենահարմարը այստեղ է: Բոլորն անհատականություններ են, ընդ որում, կապ
չունի ապրելու վայրը: Ես, օրինակ, ծնվել եւ մեծացել եմ Երրորդ մասում, դա
հին քաղաքի թաղամասերից մեկն է, որտեղ շատ հետաքրքիր անձինք կան: Ամեն
ժամանակ իր հերոսներն ունի, եւ այսօրվա հերոսները երիտասարդներն են: Եվ
եթե գոնե տասը լավ երիտասարդ լինի, քաղաքը կշարունակի ապրել եւ պահել
քաղաքի մակարդակը: