ԵԽ ԽՎ նստաշրջանին ընդառաջ

15/06/2008 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները, բացառությամբ «Ժառանգության», վստահ են, որ հունիսի 23-ին մեկնարկող ԵԽ ԽՎ նստաշրջանում Հայաստանը չի զրկվելու ձայնի իրավունքից, որովհետեւ Հայաստանը կատարում է ԵԽ ԽՎ ներկայացրած պահանջները: Այդ մասին ԱԺ-ի իշխանական խմբակցությունների անդամները հայտարարում էին երեկ` ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին ճեպազրույցների ժամանակ:

ՀՅԴ-ն այս հարցում առավել քան վստահ է, որովհետեւ, ինչպես նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, մինչ ԵԽ ԽՎ բանաձեւի ընդունումը, կոալիցիան այդ բոլոր կետերն արդեն ամրագրել էր իր հուշագրում, եւ ԵԽ ԽՎ-ում այդ բանաձեւը գրվել է` արտագրելով կոալիցիայի հուշագիրը: «Երբ այդ բանաձեւը գրվում էր, գրողները ձեռքի տակ ունեին կոալիցիոն համաձայնագիրը, որից օգտվել են ստեղծելով այս բանաձեւը, եւ մարդիկ փորձել են որպես իրենց պահանջ ներկայացնել այն, ինչ մենք արդեն վերցրել ենք մեր վրա` պարտավորվելով կատարել»,- ԵԽ ԽՎ-ին գրագողության մեջ մեղադրեց Վ. Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է ընդդիմության հայտարարություններին, թե իշխանությունները բանաձեւի ոչ մի կետ չեն կատարել, ապա Վ. Հովհաննիսյանը, բնականաբար, համաձայն չէ դրանց հետ: «Պարզապես կան որոշ ուժեր, որոնց համար ցանկացած հաջողություն վտանգավոր է թվում»,- ասում է նա, ավելացնելով, թե իր կարծիքով՝ այդ ուժերը դրանից հետո չեն կարող շարունակել իրենց գործունեությունը: ՀՅԴ խմբակցության ղեկավարի ասելով, կոալիցիայի հուշագրում ամրագրված դրույթները բովանդակային առումով եւ՛ իրավիճակային են, եւ՛ հեռանկարային, իսկ այդ դեպքում «բնական է՝ սրանք չեն կարող մի գիշերվա մեջ կատարվել»:

Իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը գտնում է, որ մինչեւ հիմա էական, իմաստալից քայլեր չեն կատարվել ո՛չ բովանդակային, ո՛չ էլ ընթացակարգային առումով: «Ես բացասաբար եմ վերաբերվում մեր ընդհանուր առմամբ կատարած քայլերին եւ, կարծում եմ, որ այդ հանրապետական հեղինակազրկումը, որ մենք ապրել ենք վերջին շրջանում, շարունակվելու է, եթե մինչեւ հունիսի 23-ն արմատական, բարեփոխիչ քայլեր չկատարվեն: Իսկ թե ինչ կլինի այնտեղ` կզրկվե՞ք ձայնից, թե՞ ոչ, դա երկրորդական հարց է: Ամենակարեւորը ՀՀ քաղաքացու իրավունքն է, մեր ժողովրդավարական վարկը եւ մեր միջազգային հեղինակությունը, որը հիմա հարվածի տակ է: Ես լավատես չեմ»,- ասաց նա:

Հարցին, թե ընդդիմությունը կատարե՞լ է բանաձեւի` իշխանությունների հետ երկխոսություն ծավալելու վերաբերյալ պահանջը, Ր. Հովհաննիսյանը պատասխանեց, որ կոնկրետ «Ժառանգությունը», բացի առաջարկությունների փաթեթ ներկայացնելուց, այս ընթացքում կոալիցիային եւ երկխոսությանը միտված բազմաթիվ քայլեր է կատարել: «Նույնիսկ մի քանի անգամ խնդրել ենք մեր գործընկերներին՝ դեմ դիմաց հանդիպել մի սեղանի շուրջ եւ մինչեւ հունիսյան նստաշրջանը հանրային երկխոսության մեկնարկը տալ: Մենք, որպես ԱԺ ընդդիմադիր միակ ուժ, ի սկզբանե ոչ միայն կատարել ենք ԵԽ ԽՎ բանաձեւի պահանջները, այլեւ ՀՀ օրենքի եւ Սահմանադրական իրավունքի բոլոր պահանջները»,- հայտարարեց ԱԺ միակ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը: Ինչ վերաբերում է լրագրողներից մեկի հարցին, թե որքանո՞վ են այդ պահանջը կատարել Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա ղեկավարած շարժումը, Ր. Հովհաննիսյանը դժվարացավ հստակ ասել: «Դուք, որ կանխակալ հարցով ուզում եք երկխոսություն կատարել, դա ողջունելի է: Ես ասում եմ, որ ընդդիմությունը, հանձինս «Ժառանգության», կատարել է եւ կատարում է»,- ի պատասխան՝ ասաց Ր. Հովհաննիսյանը: «Իսկ հանձինս Տեր-Պետրոսյանի՞»` պնդող հարցին ի պատասխան, նա ասաց. «Այդ թվում՝ նաեւ, բայց կարծում եմ՝ թերություններ կան ողջ ՀՀ քաղաքական տառապատկերում: Դուք միաթիրախ հարց եք տալիս: Այս վիճակի, այդ թվում նաեւ՝ բանաձեւի կատարման հիմնական պատասխանատուն ՀՀ գործող իշխանություններն են: Իհարկե, կան կոչեր ընդդիմությանը, հասարակությանը, բայց խնդիրն այն է, որ մենք ունենք համապետական խնդիր, եւ եթե ամեն մեկը պետք է շարունակի իր անկյունում նստած իր մենախոսությունը, իր պատմագրության տեսակը պարտադրի իր ընթերցողներին, լսարանին, բարեկամներին, մենք ոչնչի չենք հասնի: Եվ այս հատվածասիրությունը, որը մեր երկրի այսօրվա փոքրիկության պատճառն է, կշարունակվի բոլոր ոլորտներում: Ես ասում եմ, որ ՀՀ-ն իր ամբողջությամբ մինչեւ հիմա չի իրացրել իր սեփական Սահմանադրական իրավունքն իր սեփական տանը, ուստիեւ՝ ստրասբուրգյան խնդիրների լուծումը մնում է բաց, եւ թույլ են տալիս, որ հերթական պատվիրակությունները գան, մեզ հետ հանդիպեն եւ հետո գնան իրենց գնահատականը տան: Իրենց պետք չէ մեղադրել, դա մեր մեղքն է: Եվ փորձել որեւէ մեկին առանձին վերցրած մեղադրել եւ ամբողջ պատասխանատվությունն ինչ-որ մեկի վրա դնել, կարծում եմ` չի բխում ոչ միայն ՀՀ-ի, այլեւ ճշմարտության հրամայականից: Մենք այսպես կարող ենք անընդհատ շարունակել, եւ ամեն մեկն իր սեփական պատմվածքը, հետագիծը ներկայացնի, բայց մենք պետք է կարողանանք փոխել մեր պետական մոդելը, մանրակերտը` հօգուտ երկրի եւ քաղաքացիների»,- հայտարարեց Ր.Հովհաննիսյանը: Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցը քվեարկության է դրվելու ԱԺ առաջիկա արտահերթ նիստում: Այդ հանձնաժողովում ԱԺ յուրաքանչյուր խմբակցությունից ընդգրկվելու է երկուական պատգամավոր եւ մեկ անկախ պատգամավոր, իսկ արտախորհրդարանական ուժերն այնտեղ կներգրավվեն զուտ խորհրդակցականի կարգավիճակով: Վահան Հովհաննիսյանը հավատացնում էր, որ իրենք մինչեւ վերջ պնդելու են, որ այդ հանձնաժողովի աշխատանքներին անհրաժեշտության դեպքում մասնակցեն նաեւ այլեւս նախկին Ոստիկանապետ Հայկ Հարությունյանն ու այլ պաշտոնյաներ` պարզաբանումներ տալու համար, թե ինչն ինչպես է տեղի ունեցել այդ օրը: Լրագրողի հարցին, թե` ՀՀ նախկին նախագա՞հն էլ է հրավիրվելու, Վ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Եթե խոսքը Լ. Տեր-Պետրոսյանի մասին է, ապա՝ անշուշտ»: Սակայն Ռոբերտ Քոչարյանի մասին նա ոչինչ չասաց:

Ի դեպ, Ր. Հովհաննիսյանի դիտարկմամբ` հանձնաժողովում ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների մասնակցության 50/50 տոկոսի մասին արվող առաջարկությունը, որն, ի դեպ, հնչեցրել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «կեղծ մոտեցում է»: «Ժառանգության» գնահատմամբ, որպեսզի այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքը լինի վստահելի, համապարփակ եւ բազմակողմանի, անհրաժեշտ է երեք բան: Առաջին` ճշտել, փարատել արդար, ավելի հավասար կազմավորման սկզբունքը: Երկրորդ` նախօրոք ճշգրտել որոշումների կայացման մեխանիզմը, թե ինչպես են որոշումներ կայացվում, որպեսզի հետո իրենք հերթական փակուղու առջեւ չկանգնեն, եւ երրորդ` ճշտել, թե որոնք են լինելու հանձնաժողովի իրավունքներն ու իրավասությունները, որոնք բերելու են իրական արդյունքի եւ այս իրավիճակի, ողբերգության ներճգնաժամի հաղթահարմանը: Այս երեք սկզբունքները կիրառվելու դեպքում, ըստ Ր. Հովհաննիսյանի` հանձնաժողովն արդյունավետ կգործի:

Իսկ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի համոզմամբ` 1609 բանաձեւը կատարվում է «բավականին մեծ առաջընթացով»: Ինչ վերաբերում է կալանավայրերում գտնվող ընդդիմության ներկայացուցիչներին, ապա, Բիշարյանի ասելով, եթե ոմանց թվում է, թե ընդդիմադիր քաղաքական ուժերը միայն խոսելու համար են պատժվում` սխալվում են, որովհետեւ դա «այդպես չէ»: «Եղել են դեպքեր, բոլորիս է հայտնի մարտիմեկյան դեպքերը, կան մարդիկ, ովքեր ինչ-որ չափով մեղադրվում են այդ երեւույթների համար, ես ուղղակի դատական պրոցեսներից տեղյակ չեմ, դատարանը պետք է գնահատականներ տա, ես գնահատական տվող չեմ»,- գնահատեց «գնահատական չտվող» Հ. Բիշարյանը:

Ի դեպ, ՕԵԿ խմբակցության ղեկավարը շատ է վրդովվում, երբ «ինչ-որ մեկը» փորձում է «սեփականաշնորհել մարտի 1-ը»: Ճիշտ է` նա դեռ չի կողմնորոշվել` իր սիրտը ցավո՞ւմ է, թե՞ ոչ, բայց ասում է, որ «միգուցե» իր սիրտն ավելի շատ է ցավում այդ դեպքերի համար, քան որեւէ մեկինը: «Ես չեմ ուզում, որ մարտիմեկյան դեպքերն ինչ-որ մեկը սեփականաշնորհի, դա տեղի է ունեցել մեր երկրում, մեր ժողովրդի հետ, եւ այստեղ տարանջատել` ընդդիմություն, իշխանություն, կոալիցիա, չգիտեմ… Ես չեմ ուզում տարանջատել, որովհետեւ որքան որեւէ մեկի սիրտն է ցավում, միգուցե մի քանի անգամ իմ սիրտն է ցավում: Այնպես չէ, որ որոշակի մարդկանց համար դա ցավ է, որոշակի մարդկանց համար` չգիտեմ ինչ է»: