Դու ոչ վերջինը՝ թյուրիմացաբար, 43-րդը՝ ճակատագրով

15/06/2008 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո զարգացումների, մարտի մեկի առավոտյան եւ ուշ երեկոյան տեղի ունեցած իրադարձությունների պատասխանատվության զգալի մասը հասարակությունը եւ անգամ գործող իշխանությունները կապում են նախեւառաջ Ռոբերտ Քոչարյանի հետ` նրա վրա բարդելով դեպքերի կործանարար ընթացքը: Այն, որ վերոնշյալ դեպքերի պատասխանատուն նախեւառաջ Ռոբերտ Քոչարյանն է, ապա նոր՝ Սերժ Սարգսյանը, Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսում շեշտեց նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը` նշելով, որ մարտի մեկի իրադարձությունները որպես ընդդիմության կողմից հրահրված բախում ցուցարարնների եւ ոստիկանների միջեւ ներկայացնելու «վարկածի հեղինակը, եթե կուզեք` դիրիժորը կամ ռեժիսորը, բնականաբար, ոչ այլ ոք է, եթե ոչ վարչախմբի տխրահռչակ պարագլուխ Ռոբերտ Քոչարյանը»: Թե՛ օմբուդսմենի արտահերթ զեկույցում, թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանի հիշատակված ելույթում Սերժ Սարգսյանի արդարացման համար բավական մեծ տեղ է թողնված` սրբագրելու մարտի մեկին կատարված սխալները: Հետեւաբար, հունիսի 20-ին ընդդիմության հայտարարած հանրահավաքն արտոնել-չարտոնելու, այդ հանրահավաքն առանց բախումների եւ, Աստված մի արասցե, առանց զոհերի ընթանալու պատասխանատվությունն անուղղակիորեն (կամ գուցե ուղղակիորեն, չգիտեմ) Սերժ Սարգսյանի վրա է: Ի սկզբանե հանրահավաքն արտոնելուն հավատում էին բացառապես անուղղելի լավատեսները: Եվ տեղի ունեցավ այն, որ հունիսի 12-ին քաղաքապետարանը, այսինքն` իշխանությունը, մերժեց արտոնել Ազատության հրապարակում հունիսի 20-ին ընդդիմության` հանրահավաք եւ երթ անցկացնելու դիմումը: Առավել հետեւողական լրագրողներն անգամ նշում են ընդդիմության կողմից քաղաքապետարանին նմանատիպ բովանդակության դիմումների կոնկրետ թիվը` 43: Մերժման հիմնավորումն այն է, որ քաղաքապետի հրամանագրով` այդ օրը, Ազատության հրապարակում, նույն ժամին անցկացնելու է այլ միջոցառում: Նախորդ փորձերից կարելի է կռահել, որ այդ օրն Ազատության հրապարակ կբերեն մանուկներին, ովքեր կերգեն կամ կպարեն պատահական եւ արագաքայլ անցորդների համար: Հունիսի 20-ին անցկացվելիք հանրահավաքի դիմումի մերժման հիմնավորումը, անկախ դրա իրավական տկար հիմքից, անհեթեթ է: Բանն այն է, որ Երեւանում, հանրահավաքներից բացի, այլ կարգի բացօթյա զանգվածային միջոցառումներ պարզապես չեն կարող հետաքրքրել մեր քաղաքացիներին: Շաբլոն, կաղապարված միջոցառումները գրավիչ չեն նույնիսկ օրը 24 ազատ ժամ ունեցող հետաքրքրասերների համար եւ չեն կարող անգամ նրա՛նց կտրել իրենց ավանդական անգործությունից: Վկան` Սերժ Սարգսյանի` Հանրապետության հրապարակում կազմակերպած նախընտրական հայտնի հանրահավաքը, երբ նրա ելույթից հետո հայկական էստրադայի աստղերի խիստ համեստ հմայքը չհետաքրքրեց մարդկանց, եւ նրանք ցրվեցին նույնքան արագ, որքան հավաքվել էին: Հետեւաբար, այս ներքին անհամաձայնության, քաղաքական ճգնաժամի մթնոլորտում, մարտի մեկի առավոտյան իրադարձություններից հետո Ազատության հրապարակում մանուկների կամ ժողգործիքների անսամբլի համերգը չի հասկացվում: Սակայն խնդիրն ամենեւին քաղաքապետարանի Մշակույթի վարչության, գուցե անդուլ, սակայն ոչ գրագետ աշխատանքի վերլուծությունը չէ: Բանն այն է, որ իշխանությունները չարտոնեցին այն հանրահավաքը, որի մասին ընդդիմությունը նախապես արդեն հայտարարել էր այս երանգով` «հանրահավաքը կկայանա ցանկացա՛ծ եղանակի»: Այսինքն` անկախ իշխանությունների` այն արտոնել-չարտոնելուց: Նույն սեղանի շուրջ նստելու, բանակցելու անհրաժեշտության մասին երկարատեւ զրույցները որեւէ պտուղ չեն տվել: Իմանալով ընդդիմության հաստատակամությունը` իշխանություններն, այնուամենայնիվ, ընդառաջ քայլ չարեցին: Հաշվի չառան, որ ընդդիմությունը դժվարություն ունի հասկանալու եւ ընդառաջ գնալու իշխանություններին, քանի որ բազմաթիվ ընդդիմադիրներ ազատազրկված են անլուրջ մեղադրանքներով: Ընդդիմության խոնարհությունն ակնկալող ղեկավարները պիտի որ իրենք անեին այն անհրաժեշտ քայլը` ազատ արձակեին ձերբակալվածներին:

Ստրասբուրգում, հունիսի 23-ին, ԵԽ ԽՎ 1609 որոշման կատարման արդյունքները քննարկելուց, Հայաստանի հարցը լսելուց առաջ հանրահավաքի մերժման տրամաբանությունն այնքան էլ հասկանալի չէր: Ամենայն հավանականությամբ, ինչպես օրերս մեր թերթին տված հարցազրույցում նկատեց քաղաքական մեկնաբան Դավիթ Պետրոսյանը, իշխանությունները չեն վախենում ո՛չ Հաագայի դատարանից (խաղաղ հանրահավաքների ժամանակ զենքի կիրառումը, այն էլ տասը զոհով, «թույլ է տալիս» հայտնվել Հաագայի դատարանում` որպես մեղադրյալ), ո՛չ իրենց ու իրենց սպասարկող օլիգարխների բանկային հաշիվները, բիզնեսը սառեցնելուց եւ նման կարգի տնտեսական ու իրավական սանկցիաներից:

Իսկ ընդդիմությունը խիստ մարտական է տրամադրված, եւ այսօր արդեն ակնհայտ է, որ անգամ հեռավոր մարզերից մարդիկ պատրաստվում են հունիսի 20-ին իրենց ներկայությամբ գեղեցկացնել հանրահավաքը: Ընդդիմության եւ իշխանությունների այս սառը փոխհարաբերությունները վկայում են, որ մեծ հավանականությամբ կրկնվելու է նույն պատմությունը. ճանապարհները կփակվեն, մարդկանց բռնի կարգելեն մայրաքաղաք գալ, քաղաքային տրանսպորտի աշխատանքները կհասցվեն մինիմումի: Արդյունքը կլինի այն, որ հանրահավաքի կազմակերպիչները կջանան անպայման կայացնել միջոցառումը, կմիջամտեն ոստիկանները, հետո բախում կլինի, մարդիկ կծեծվեն, կծեծեն, կձերբակալվեն, կլինեն նոր դատավարություններ: Վաղուց հայտնի եւ ձանձրացրած սցենար, որի շրջանակներից դուրս գալու, ստեղծագործական մոտեցում ցուցաբերելու պոտենցիալ իշխանությունները, կարծես, չունեն: Մյուս կողմից, հանրահավաքն արգելելու, չարտոնելու տրամաբանությունը կարող է լինել նաեւ մեխանիկական: Այսինքն` ընդդիմությունն արդեն 43 անգամ քաղաքապետարանին է դիմել` հանրահավաք կազմակերպելու արտոնություն ստանալու դիմումով, 43 անգամ մերժվել է եւ, այնուամենայնիվ, 43 անգամ քաղաքապետարանի վճիռը, անկախ դրա քաղաքական ենթատեքստից, կատարել է: Այդ դեպքում, ո՞ր հիմնավորմամբ է ընդդիմությունը զանց առնում մերժման 44-րդ վճիռը եւ ինչո՞ւ հենց այս մեկը: Համաժողովրդական շարժման գրասենյակի տարածած հաղորդագրությունը վկայում է, որ «Անկախ ռեժիմի կողմից ընդունած որոշումներից` հունիսի 20-ի հանրահավաքը կայանալու է: Մենք վերահաստատում ենք այդ օրը ազատ հանրահավաքների հիմնարար իրավունքի վերականգնման մեր վճռականությունը»:

Թե քաղաքապետարանի մշակույթի ոչ այնքան շնորհալի ղեկավարությունը ինչ որակի միջոցառում է նախատեսել Ազատության հրապարակում, արդեն նշեցինք: Սակայն իրականությունն այն է, որ այս օրերին անշլագ կարող են ապահովել երկու միջոցառում` Ռոդիոն Շչեդրինի եւ Մայա Պլիսեցկայայի ներկայությունը համերգային դահլիճներում եւ ընդդիմության հանրահավաքը, որն, արդեն վստահորեն կարելի է ասել, տեղի կունենա ցանկացած եղանակի եւ սկիզբ կդառնա նոր դեդեկտիվի: