Նախընտրական հույս եւ հետընտրական ստերջություն

15/06/2008 Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ

Եթե Աստված ինձ Պարոնյանի, Իլյա Իլֆի կամ գոնե Պետրովի չափ գրելու շնորհ տար, ապա առանց վարանելու կգրեի. «N երկրում այնքան շատ են դատավարությունները, որ կարելի է կարծել, թե այստեղ մարդիկ ծնվում են լոկ նրա համար, որպեսզի առանձնակի դաժանությամբ հանցանք կատարեն եւ դատվեն: Առանց չափազանցելու, կարելի է կարծել, որ մեկ շնչին ընկնող դատավարությունների քանակով N երկիրն աշխարհում գրավում է առաջին տեղը»: Այսպիսի անմիտ առաջաբանից հետո, արդեն դժվար չէր լինի շարունակել, որ ավստրիացի գրողի նշանավոր «Դատավարությունը», եթե այս երկրում չի գրվել, ապա գրվել է այս երկրի համար՝ հատկապես հաշվի առնելով չանմեղության կանխավարկածը: Ապա առանց խղճի խայթի կավելացնեի. եթե հնարավոր լիներ հավաքել բոլոր եռագույնները, երկրի ողջ լայնքով եւ երկարությամբ մի մեծ պաստառի վրա կարելի էր գրել՝ «Դատավարություն», ու դրանով ամեն ինչ ասել երկրի, նրա բնակիչների եւ իշխանությունների մասին:

Սակայն Աստված ինձ այդքան շնորհ չի տվել, եւ ես ընդամենն արձանագրում եմ. հանրապետության ներքաղաքական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, արտաքին քաղաքականությունը՝ ծանր կայուն, իսկ մեր վիճակը՝ հա՛մ անկայուն, հա՛մ ծանր: Դժվար չէ ենթադրել, որ իշխանությունների կայունացնելու փորձերը ստեղծված իրավիճակի համարժեք հակազդեցություն չեն: Տպավորություն կա, որ դրանք ուղղված են ավելի շուտ իշխանությունը երկարաձգելուն, քան պետության կայունությունը երաշխավորելուն: Ե՛վ ընդդիմության, եւ՛ իշխանությունների քաղաքական այսպիսի եսասիրությունը պետության հիմքերը քանդելու լավագույն եղանակն է: Առհասարակ մեր իշխանությունների հակազդեցությունը միշտ էլ եղել է իրավիճակային, որ նշանակում է, թե անվտանգության երաշխիքները չափազանց ցածր են եւ այն երաշխավորող հաստատությունների օգտակար գործողության գործակիցը մոտ է զրոյի: Մյուս կողմից, մեր ընդդիմության պահանջները՝ սկսած անկախության առաջին տարիներից, մշտապես եղել են արմատական, որով ելքի հնարավորությունները նույնպես զրոյական են: Նման հարաբերություններում պատմության բոլոր օրինակները միմիայն ալեքսանդրյան լուծում են պահանջում, ինչը մեր դեպքում հավասարազոր է կործանման: Իշխանությունների ենթադրությունը, թե ուժային մեթոդներով կարելի է հասնել ներքաղաքական կայունության, իրականում ավելի են սրում իրավիճակը: Ստեղծված պայմաններում, որքան էլ իշխանությունները հայտարարում են ընդդիմության հետ երկխոսելու իրենց պատրաստակամության մասին, միեւնույն է, կարծես թե լիովին չեն գիտակցում խնդրի լրջությունը, եւ, կարծում եմ, հունիսի քսանին սպասվող հանրահավաքը նրանց կստիպի ուշացած քայլեր անել, սակայն այդ դեպքում ընդդիմությունը կհայտնվի չափազանց շահեկան՝ պայմաններ թելադրողի վիճակում: Իհարկե, չի բացառվում նաեւ այլ զարգացում, սակայն հայաստանյան իշխանությունների վերջին տասը տարիների փորձը հուշում է նրանց գործողությունների կանխատեսելիությունը, ուստի սպասվող լուծումները մեզ կնետեն վաղ Միջնադար:

Նման պարագաներում Հանրային խորհրդի՝ Կենտկոմի պես մի բան ստեղծելու միտքն անգամ հուշում է, որ իշխանությունների առաջարկների բանկը սպառվել է՝ հույս կապելով դեռեւս խորհրդային տարիներից կատարելապես ամուլ, ցածրահարգ մի քանի «մտավորականների» հանճարի հետ: Օգտագործված բանը նորից չեն օգտագործում: Մտավորական լինելը ենթադրում է ինտելեկտուալ հայացք միջավայրին եւ իրականությանը՝ ստեղծված եւ ստեղծվելիք մշակույթի միջոցով: Մեր մտավորականների զգալի մասը զուրկ է իրականության զգացումից, համեմատաբար լավ է զգում միջավայրը, սակայն դա ավելի շուտ ինքնապաշտպանական բնազդ է, քան ինտելեկտուալ վերաբերմունք: Ինչ վերաբերում է մշակույթին, հեշտ է նկատել, որ նրանց համար սեփական, ազգային մշակույթը հեղինակություն չէ, հակառակ դեպքում այդքան թույլ չէր լինի օտար մշակույթի ներխուժման դեմ առկա հակազդեցությունը: Եվ նրանց՝ «մեր ժողովուրդը մշակութային ժողովուրդ է» արտահայտությունն ավելի շուտ շուտասելուկ է, քան գիտակցված փաստարկ: Էլ չենք խոսում այն մասին, որ այն առավելապես դեմագոգիայի դասական օրինակ է, քանի որ հազիվ թե աշխարհում գտնվի թեկուզ մի ցեղախումբ, որ մշակութային չլինի: Մտավորականը, ի վերջո, ազգի եւ ժողովրդի գաղափարների գեներատոր է, իսկ ինչ սպասես կատարելապես իմաստակ, պատգամավորական պատկառելի ստաժ ունեցող սադոյաններից եւ լարիկներից: Ինչպես դեռ խորհրդային տարիներին էին ասացվածքի պես ասում՝ «Չկա չարիք՝ առանց Լարիկ»:

Արժեր անդրադառնալ Հանրային խորհրդի եւս մեկ՝ Հանրային պալատ, անվանմանը, որ Չեխովից ի վեր նոր իմաստ ունի՝ հիվանդասենյակ: Դատելով այդ պալատում տեղ գտնելու ջանասերների վարքից, մենք կունենանք ոչ թե հանրային առողջապահական խնդիրներով մտահոգ մի խորհուրդ, այլ առողջական խնդիրներ հարուցող եւս մի մտահոգություն: