Պրագմատիկ դարձած «ռազմավարական գործընկերը»

15/06/2008 Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ

ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Դմիտրի Մեդվեդեւը, իր առաջին ելույթներից մեկում անդրադառնալով ՌԴ արտաքին քաղաքական նախապատվություններին, նկատեց, որ «ամեն դեպքում այն պետք է խիստ պրագմատիկ լինի»: «Ինձ թվում է, որ մենք այնքան խոշոր եւ կարեւոր տերություն ենք` «դերժավա», որ ընդունակ ենք այսօրվա աշխարհում պրագմատիկ դիրքորոշում ունենալ»,- հայտարարեց ՌԴ նորընտիր նախագահը: Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների որակը, որը հատկապես Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին «ֆորպոստային» մակարդակի հասցվեց, կարծես թե որեւէ հիմք չէր տալիս կասկածի տակ դնելու երկու երկրների նաեւ նոր վարչախմբերի միջեւ հաստատվելիք հարաբերությունների հեռանկարները: Այդ մասին ուղղակի հայտարարում էին նախընտրական շրջանում Երեւան ժամանող ՌԴ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում նաեւ՝ Բորիս Գրիզլովը եւ Վիկտոր Զուբկովը: «Ով էլ լինի նախագահ Հայաստանում», կամ «ինչ արդյունք էլ լինի ՀՀ նախագահական ընտրություններում, միեւնույն է, շարունակելու ենք համագործակցել» ձեւակերպումներն, ինչ խոսք, ամենեւին էլ այն չէին, ինչ իրականում ակնկալում էին իրենց «ռազմավարական գործընկերոջից» նախընտրական եւ առանձնապես հետընտրական անորոշ վիճակի մեջ հայտնված հայաստանցի գործընկերները: Ավելին, սպասվածին հակառակ՝ ՌԴ-ի թե՛ հին եւ թե՛ նոր ղեկավարությունն ակնհայտորեն ձգտում էր հնարավորին չափ «նեյտրալ» դիրքորոշում ցուցաբերել հայաստանյան նախագահական ընտրական գործընթացների նկատմամբ: Եվ չնայած քչերն էին հավատում այդ «նեյտրալիտետին», բայց, ընդհանուր առմամբ, այդ միտումը պահպանվեց նաեւ հայաստանյան իշխանությունների համար հետընտրական ամենաբարդ ժամանակահատվածում: ՌԴ-ում նոր մարտավարական ուղեգծից չշեղվեցին անգամ այն օրերին, երբ ընդդիմության կողմից պաշտոնապես հայտարարվեց (ընդդիմության եթերաժամի շրջանակում), որ նախագահական ընտրությունների շեմին Մոսկվա կատարած մեկօրյա այցի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը «ոչ ֆորմալ» հանդիպում է ունեցել այն ժամանակ դեռեւս «թագաժառանգի» կարգավիճակում գտնվող Դմիտրի Մեդվեդեւի հետ: Հատկանշական է, որ ընդդիմության այդ պնդումները Մոսկվայում թեպետ չհաստատեցին, բայցեւ, փաստորեն (ինչն ամենասարսափելին էր ՀՀ իշխանական վերնախավի համար), չհերքեցին: Հենց այդ օրերին քաղաքական շրջանակներում սկսեցին «նկատել», որ, իրոք, «ռուսներն ինչ-որ նոր խաղեր են տալիս հայաստանյան ընդդիմության հետ»։ Ու թերեւս արդեն այդ ժամանակ սկսեցին դրսեւորվել ռուսաստանյան նորացվող ղեկավարության կողմից ազդարարված «պրագմատիզմի» առաջին նշանները: Վրացական եւ առանձնապես ուկրաինական քաղաքական գործընթացներում անընդհատ «գնացքից ուշացող» եւ «սխալ» խաղադրույք կատարած ՌԴ ղեկավարությունն ակնհայտորեն արդեն որոշել է գոնե աստիճանաբար վերանայել ԱՊՀ երկրներում ընթացող քաղաքական զարգացումների հանդեպ որդեգրած ոչ արդյունավետ մարտավարությունը: Արդեն հայաստանյան նախագահական ընտրական գործընթացների ժամանակ ռուսաստանյան տնտեսաքաղաքական «բոլոր ձվերը միեւնույն զամբյուղում» չդրվեցին: ՌԴ-ի այս անհամեմատ ճկուն գործելաոճը Հայաստանում շատերին անակնկալի բերեց, քանի որ այն միշտ ավելի բնորոշ է եղել արեւմտյան տերություններին: Առաջին հերթին, իհարկե, ԱՄՆ-ին, որի տարբեր կառույցները եւ ինստիտուտները համընդհանուր մեկ պետական քաղաքականության շրջանակում աշխատում են եւ՛ իշխանական, եւ՛ ընդդիմադիր ուժերի հետ: Հայաստանում սովորաբար ընդդիմության հետ աշխատանքն իրականացնում են ֆորմալ առումով ոչ կառավարական համարվող կազմակերպությունները, ինչպես, օրինակ, ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի ղեկավարած ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտն է (NDI): Իսկ իշխանության նկատմամբ «կուրացիան» սովորաբար իրականացվում է ԱՄՆ պաշտոնական կառույցների միջոցով, ասենք՝ ԱՄՆ Սիջազգային զարգացման գործակալության, «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի եւ նման այլ բազմաոլորտային կառույցների օժանդակությամբ: Սակայն սա ամենեւին էլ չի նշանակում, որ ամերիկյան պաշտոնական շրջանակներն իրենց սահմանափակում են միայն իշխանական կառույցների հետ աշխատանքով: Հայաստանցի ամենաարմատական ընդդիմադիրներին պաշտոնապես ընդունում եւ նրանց հետ համապատասխան քննարկումներ են անցկացնում եւ՛ ԱՄՆ-ի երեւանյան դեսպանատան շենքում, եւ՛ անգամ Սպիտակ տանը: Հիշենք թեկուզ մի քանի տարի առաջ Արամ Զ. Սարգսյանի այցն ԱՄՆ, որտեղ նա առաջին անգամ հանդիպեց պաշտոնական քարոզչամեքենայի «թեթեւ ձեռքով» «Բուշի վարսավիր» անվանված, հետագայում հայ հանրությանը որպես Մեթյու Բրայզա քաջ հայտնի դարձած ամերիկյան վարչակազմի ազդեցիկ պաշտոնյային: Նույնը վերաբերում է նաեւ NDI-ին, որի խորհրդատուները տարբեր ընտրական եւ այլ «թրեյնինգներ» են կազմակերպում նաեւ իշխանամետ կուսակցությունների համար: Այս առումով իրենց «կոմպլեմենտարիզմում» ավելի առաջ է անցել Մեծ Բրիտանիան, որտեղ աշխատանքը եւ՛ իշխանության, եւ՛ ընդդիմության հետ (այդ թվում` մարզային կառույցների) կարող է իրականացվել նաեւ միեւնույն ոչ կառավարական կազմակերպության կողմից: Դրա վառ օրինակը, ասենք, «Բրիտանական խորհուրդ» կոչվող կազմակերպությունն է, որի «գթասրտության» շնորհիվ Արեւմուտքի կրթական հաստատություններում ուսում եւ այլ դասեր ստացած հայ երիտասարդներն այժմ արդեն ազդեցիկ դերակատարություն ունեն, օրինակ, եւ՛ իշխանական ՄԻԱԿ-ում կամ ՕԵԿ-ում, եւ՛ ընդդիմադիր «Հիմա»-ում կամ «Սկսել ա»-ում: Բայց այդ թեման առանձնակի ուշադրության առարկա է:

Ինչ վերաբերում է այս ասպարեզում ռուսաստանյան «ավանդույթներին», ապա մինչեւ վերջին տարիների ուկրաինական եւ վրացական ծրագրերի «ֆիասկոն», ռուսաստանյան վերնախավն ԱՊՀ փաստացի բոլոր երկրներում իր «խաղադրույքը», ըստ էության, անվերապահորեն դնում էր միմիայն գործող «ռազմավարական գործընկեր» իշխանությունների վրա: Այսպիսի գործելաոճը, նաեւ գործընկեր երկրների հասարակական կարծիքի լիակատար արհամարհումն ինչ-որ պահի հանգեցրին ոչ միայն մարտավարական պարտությունների (առանձնապես ցավագին էր Ուկրաինայում Ռուսաստանի «պրոտեժե» Վիկտոր Յանուկովիչի պարտությունը նախագահական ընտրություններում), այլեւ լուրջ ռազմավարական կորուստների: Իրենց երկրներում, մեղմ ասած, ժողովրդականություն չվայելող, բնակչության համար անընդունելի կլանաօլիգարխիկ եւ նույնիսկ քրեական կլանների ռուսամետ համարվող ներկայացուցիչներին ամենապարզունակ մեթոդներով ուղղակի աջակցության ցուցաբերումը սկսեց ոչ միայն զգալիորեն ազդել ՌԴ-ի իմիջի վրա, այլեւ ուղղակի բողոքի ակցիաներ առաջացնել: Նույնիսկ «անհույս» ռուսամետ համարվող հայաստանյան «ֆորպոստում» 2003թ. հետընտրական շրջանում ՌԴ-ի դեսպանատան շենքի առաջ հզոր բողոքի ցույց տեղի ունեցավ: Որ ՌԴ-ում աստիճանաբար սկսում են «խելքի գալ» եւ ճակատագրական սխալներից դասեր քաղել, սկսեց զգացվել արդեն ղրղըզական «կակաչների» հեղափոխության ընթացքում: Այդ ժամանակ ռուսաստանյան ղեկավարությունը ոչ միայն հանգիստ «հանձնեց» իրեն հավատարիմ նախագահ Ա. Ակաեւին, այլեւ ակտիվ մասնակից դառնալով՝ հեղափոխական ալիքի վրա նրան փոխարինեց ընդդիմադիր ոչ պակաս լոյալ գործչով: Նախկին «ուղղամտությունն» այլեւս չդրսեւորվեց նաեւ ուկրաինական «նարնջագույն» հեղափոխությանը հաջորդած գործընթացներում եւ ընտրական զարգացումներում: Թեպետ պաշտոնական Մոսկվան, այնուհանդերձ, ցուցադրում էր իր համակրանքը «Ռեգիոնների կուսակցության» եւ նրա առաջնորդների նկատմամբ, սակայն միաժամանակ այլեւս չէր այրում կամուրջները նաեւ «Նարնջագույն կոալիցիան» ներկայացնող ուժերի հետ: Այս նոր իրողությունները պետք է որ որպես նախազգուշական «զանգ» հնչեին նախագահական ընտրությունների «իրավահաջորդ» օպերացիան իրականացնելուն պատրաստվող, մեղմ ասած, ժողովրդականություն չվայելող հայաստանյան իշխանությունների համար: Առավել եւս, որ, ինչպես հետագայում պարզվեց, իրենց հիմնական մրցակից, արմատական ընդդիմադիր Լ. Տեր-Պետրոսյանի հետ պայքարի մարտավարության մեջ պատրաստ էին առանցքային դեր հատկացնել, այսպես կոչված, Հայաստանում «նարնջագույն վտանգի» թեմային:

Ռուսաստանյան վերնախավի պրագմատիզմն իր արտահայտությունները գտավ նաեւ հայաստանյան վերջին նախագահական ընտրություններում: Ռազմավարական գործընկերոջ հետ մեծ հույսեր կապող հայաստանյան իշխանական էլիտան, կարծում ենք, իր համար բավականին անսպասելի ռուսաստանյան վերնախավի որոշակի պասիվությանը կամ, ավելի ճիշտ, «անհասկանալի» իներտությանը հանդիպեց: Իհարկե, ՌԴ պաշտոնական եւ հասարակական կարգավիճակ ունեցած որոշ լրատվական աղբյուրները ֆորմալ առումով կատարում էին իրենց «գործընկերային» պարտականությունները, որոնք սովորաբար սահմանափակվում էին Հայաստանում որեւէ վստահություն չներշնչող սոցիոլոգիական հարցումների վերծանմամբ կամ, լավագույն դեպքում, կոմերցիոն հիմքով որոշ «հերթապահ» հաղորդումներ ցուցադրելով: Բայց դրանց անմիջապես հետեւում են բավական կոշտ վերլուծականների եւ արմատական ընդդիմության առաջնորդների ծավալուն հարցազրույցների հրապարակումները ֆորմալ առումով ոչ պետական, սակայն իրականում ՌԴ իշխանական վերնախավի կարծիքն արտահայտող եւ միլիոնավոր տպաքանակ ունեցող ազդեցիկ մոսկովյան տպագիր ու ինտերնետային լրատվական միջոցներում: Բավական հավաստի էին նաեւ մոսկովյան որոշ ազդեցիկ շրջանակների եւ հայաստանյան արմատական ընդդիմության ներկայացուցիչների միջեւ պարբերաբար անցկացվող «կոնսուլտացիաների» մասին լուրերը: Անհերքելի փաստ է, որ ի տարբերություն նախորդ անգամների՝ այս անգամ ի պաշտպանություն իշխանական թեկնածուի Մոսկվայից որեւէ ուղղակի խոսք այդպես էլ չհնչեց: Ամեն ինչ լավագույն դեպքում սահմանափակվում էր իշխանական «փիարշչիկներից» լրացուցիչ քարոզչական պարզաբանումներ պահանջող ակնարկներով (Երեւան հատուկ ժամանած Բ. Գրիզլովի եւ Վ. Զուբկովի մեկնաբանությունները սրա վառ վկայությունն են)։ Զարմանալի չէ, որ ռուսաստանյան այս «նեյտրալիտն» առանձնակի գոհունակություն էր առաջացնում (մինչ օրս էլ) Լ. Տեր-Պետրոսյանի մոտ, ինչը պարբերաբար արտահայտվում էր նրա միտինգային եւ այլ հրապարակային ելույթներում: Այս առումով, որքան էլ տարօրինակ թվա, բայց ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի վարչախմբերի դրսեւորած վարքագիծն ընդդիմությունը գրեթե նույն հարթության մեջ է տեսնում: Մի խոսքով, գուցե նաեւ կանխատեսելով հայաստանյան զարգացումների անցանկալի, նույնիսկ արյունալի սցենարները՝ Կրեմլն ամեն ինչ անում էր, որ գոնե արտաքնապես չինդենտիֆիկացվի հայաստանյան իշխանական թեւի հետ ու, առավել եւս, պատասխանատվություն չկիսի նրա ընտրական եւ հետընտրական գործողությունների համար: Այս առումով մարտի մեկով ավարտված իրադարձություններից հետո Մոսկվայում Վ. Պուտինի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի խոստովանությունները, որ ՀՀ իշխանություններն անցած ընտրարշավում միշտ զգացել են պաշտոնական Մոսկվայի աջակցությունը, եւ, որ այդ աջակցությունը երբեք չի եղել այսքան բացահայտ, պարզապես չեզոքացրեց «նեյտրալ» երեւալու Ռուսաստանի ղեկավարության բոլոր ճիգերը:

Այս բացահայտումից հետո արդյոք զարմանալի՞ է, որ Gallup Oraganization-ի անցկացրած հարցումով «ռուսամետ» հայաստանցիների արդեն 62 տոկոսն է բացասաբար վերաբերվում ՌԴ ղեկավարության վարած քաղաքականությանը: Իհարկե, պատահական չեն նաեւ ռուսաստանյան ղեկավարության հետ հարաբերություններում պարբերաբար առաջացող ինչ-որ «անհասկանալի» «պրոտոկոլային թյուրիմացությունները»` սկսած Դ. Մեդվեդեւի ինագուրացիայի արարողության հրավերի շուրջ պատմությունից եւ վերջացրած Սերժ Սարգսյանի` Մոսկվա կատարելիք պաշտոնական այցի ժամկետների շուրջ առաջացած խառնաշփոթով… Մինչդեռ այդ այցերը «դասավորելու» համար վերջին երկու ամսում մեծ ջանքեր են ներդրել ինչպես քաղաքական, անձնական, այնպես էլ ռուսաստանյան հայ համայնքի (ու ոչ միայն հայ) լոբբինգային կառույցները: Հատկանշական է, որ Դմիտրի Մեդվեդեւի եւ Սերժ Սարգսյանի սանկտպետերբուրգյան ջերմ հանդիպումից անմիջապես հետո նույն ՌԴ նախագահի վարչակազմի տեսակետները սովորաբար արտահայտող «Արգումենտի ի ֆակտի» ազդեցիկ թերթը հրապարակեց «Հայաստան` արյունոտ շաբաթվա հարյուր օրը» խոսուն անվանումը կրող վերլուծականը: Ըստ հոդվածագրի, «հայաստանյան իշխանության կուլիսներում հաճախակի են սկսել կասկածներ հնչել` ներքաղաքական ճգնաժամի շուրջ լուծումներ գտնելու եւ իրավիճակը վերահսկողության տակ պահելու նոր նախագահի ընդունակությունների շուրջ»: Այնուհետեւ վերլուծաբանը նկատում է, որ հայաստանյան այսօրվա իրավիճակն ավելի շատ անիշխանություն է հիշեցնում, եւ հավելում, որ «գործող ռեժիմի լեգիտիմության ծայրահեղ ցածր մակարդակը, ներիշխանական անհամաձայնությունները, հասարակության լայն շերտերի մոտ ընդդիմության բարձր վարկանիշը, ինչպես նաեւ՝ երկրում ժողովրդավարության վերականգնմանը նպատակաուղղված ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կողմից ՀՀ իշխանություններին ներկայացրած պահանջները կասկածի տակ են դնում ներկայիս ռեժիմի ամրության պաշարները»: Ընդ որում, վերլուծաբանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում «ՀՀ նորընտիր նախագահի միակ «հույսը եւ հենարանը» մնում է Ռուսաստանը»: Այսքանից հետո արվում է հետեւյալ եզրակացությունը. «Դեռեւս ընտրություններից առաջ որոշ քաղաքագետներ նախազգուշացնում էին պաշտոնական Մոսկվային, որ հայաստանյան ոչ պոպուլյար կառավարող ռեժիմին անվերապահ աջակցություն ցուցաբերելն ընտրությունների ցանկացած ելքի դեպքում վնաս է հասցնելու Կրեմլի իմիջին, եւ, որ չի կարելի անընդհատ նույն սխալները կրկնել: Ի վերջո, «ռազմավարական գործընկեր» հասկացությունը ոչ միշտ պետք է ուղղակի նույնացվի գործող վարչախմբի հետ, եւ Հայաստանում առկա ռուսամետ տրամադրությունները չեն սահմանափակվում միայն երեւանյան վարչական շենքերով»: Եվ վերջապես հռչակվում է փաստացի նոր, ըստ էության՝ արդեն աստիճանաբար կյանքի կոչվող ռուսաստանյան պրագմատիկ նոր մոտեցումը հայ-ռուսական հարաբերությունների ասպարեզում: Ըստ այդմ, «բացարձակապես ակնհայտ է, որ հայ-ռուսական երկարաժամկետ հարաբերությունները պետք է ավելի վեր դասվեն, քան հայաստանյան որեւէ քաղաքական խմբավորման շահերը, իսկ ՀՀ այսօրվա գործող վարչախմբին առաջիկայում էլ աջակցելու դեպքում Ռուսաստանի դիրքերը Հայաստանում էլ ավելի կթուլանան»: Հետաքրքրական է, որ, ըստ ՌԴ իշխանական վերնախավին մոտ կանգնած այս լրատվամիջոցի՝ «դրանից Ռուսաստանը ոչինչ չի կորցնում, քանի որ Սերժ Սարգսյանի հիմնական մրցակից հանդիսացող Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնպես, եթե ոչ ավելի շատ, հավատարիմ է հայ-ռուսական դաշինքային հարաբերությունների սկզբունքներին»:

Դե ինչ, մնում է միայն ենթադրություններ անել, թե որքանով են նման մոտեցումները համահունչ կրեմլյան նոր եւ հին էլիտաների տրամադրություններին: Բայց, համաձայնեք, դեռ երբեք երկու երկրների` Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ ծրագրավորված հանդիպումն այս աստիճան մանրակրկիտ չէր նախապատրաստվում: