Իսկ ո՞վ է խոչընդոտում

15/06/2008

«168 Ժամը» մայիսի 13-ին «Հեռուստաշոու մաքուր Երեւան» հրապարակման մեջ անդրադարձել էր Երեւանի Սովետաշենի աղբավայրի խնդրին: Հիշեցնենք, որ թեեւ այդ աղբավայրում աղբի վերամշակման ժամանակակից գործարան կառուցելու բազմաթիվ առաջարկներ կան (այդ թվում` ճապոնական «Շիմիձու» կոնցեռնի կողմից), սակայն մինչեւ հիմա Երեւանի քաղաքապետարանն այդ հարցին ընթացք չի տալիս: «Թերեւս այն պատճառով է, որ Սովետաշենի աղբավայրի տարածքը, ըստ հավաստի տեղեկությունների, սեփականաշնորհվել է ՀՔԴՄ նախագահ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանին»,- նշված էր մեր թերթի հրապարակման մեջ: Երեւանի քաղաքապետարանից մեզ փոխանցեցին, որ Խ.Հարությունյանը չի սեփականաշնորհել Սովետաշենի աղբավայրը, ուստի, չէր կարող խոչընդոտել վերամշակման ծրագրերին: Սովետաշենի աղբավայրն այժմ շահագործում է Էրեբունու թաղապետարանի «Սանմաքրում» ընկերությունը: Սակայն, մեր տեղեկություններով, տարիներ առաջ Խ.Հարությունյանի բարեկամներից մեկը` Մարատ Պողոսյան անունով, եղել է աղբավայրի տնօրենը: Պարոն Հարությունյանը դա չհերքեց: «Իմ բարեկամները շատ բաներ կարող են անել, ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ: Իմ քաղաքական ու հասարակական գործունեությունը երբեք չի խոչընդոտել աղբավայրի վերամշակման աշխատանքներին»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Խ. Հարությունյանը: Իսկ Երեւանի քաղաքապետարանի Կոմունալ վարչության պետ Գագիկ Խաչատրյանն էլ ասաց, թե իրենք ճապոնական «Շիմիձու» կոնցեռնի հետ դեռեւս չհստակեցված հարցեր ունեն, դրա համար էլ աղբավայրը վերամշակման չեն հանձնում: Տեղեկացնենք, որ ճապոնական ընկերությունը ցանկանում է մոտ 8 մլն դոլարի ներդրում կատարել եւ Սովետաշենի աղբավայրում կառուցել բիոգազերից էլեկտրաէներգիա ստանալու կայան: Արդեն 6-7 տարի է՝ «Շիմիձու» ընկերության (այդ թվում` այլ երկրների նույն ոլորտում գործող խոշոր ընկերություններ) ներկայացուցիչները գալիս են Հայաստան, բանակցություններ են վարում, սակայն Երեւանի քաղաքապետարանն այդպես էլ վերջնական համաձայնություն չի տալիս: Բայց ցանկացած պատեհ-անպատեհ առիթով Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն այդ հիմնախնդրի լուծման շուրջ իր մտահոգությունն է արտահայտում, թե որքան սրտացավորեն է վերաբերվում Երեւանի համար այդ կարեւորագույն խնդրի լուծմանը: Դրանք, առայժմ, սոսկ խոսքեր են: