«Բիզնեսի եւ տեխնոլոգիաների երկխոսություն»

15/06/2008

Հունիսի 26-ին եւ 27-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, Հայաստանի գործատուների հանրապետական միությունը եւ Հայաստանի բանկերի միությունն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում նախաձեռնել են DIgiTec Business ֆորումը, որը կանցկացվի «Բիզնեսի եւ տեխնոլոգիաների երկխոսություն» նշանաբանի ներքո։

Ֆորումը նպատակ ունի աջակցելու տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը տնտեսության տարբեր ասպարեզներում, ներկայացնելու բիզնեսի ավտոմատացման նորարար ծրագրային եւ տեխնիկական հնարավորությունները։ Միեւնույն ժամանակ, DIgiTec բիզնես-ֆորումը կոչված է նպաստելու գործարար միջավայրի զարգացմանը եւ նոր բիզնես կապերի ձեւավորմանը։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության այս նախաձեռնությունն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը, եւ այն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ Բիզնես-ֆորումին համագործակցություն է ցուցաբերում նաեւ «Մայքրոսոֆթ Ար Էյ» ընկերությունը։

Միջոցառմանը կմասնակցեն տարբեր ոլորտների գործարարներ, արտադրական եւ ֆինանսական ծառայությունների ղեկավարներ, ՏՀՏ կազմակերպությունների ղեկավարներ եւ մասնագետներ, ինչպես նաեւ՝ պետական գերատեսչությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Մասնակիցների թվում են աշխարհահռչակ Intel, Hewlett Packard, IBM ընկերությունները։ Կմասնակցեն նաեւ տեղական շուկայում քաջ հայտնի «Բի լայն», Unicomp, ArmSoft եւ այլ ընկերություններ։ Ակնկալվում է բիզնեսի ոլորտի շուրջ 1500 ներկայացուցիչների մասնակցություն։ DIgiTec Business ֆորումի ընթացքում նախատեսված է նաեւ ցուցահանդես, որտեղ բիզնեսի ավտոմատացման իրենց լուծումները կներկայացնեն ՏՀՏ մի շարք ընկերություններ, որոնք ծառայություն են մատուցում մասնավորապես բանկային, հանքարդյունաբերության, զբոսաշրջության, առողջապահական, կրթական, առեւտրային, շինարարական, տրանսպորտային եւ պահեստավորման ոլորտներում։

Ցուցահանդեսում կգործի խորհրդատուների սրահ, որտեղ մասնակիցները կարող են ստանալ անհատական խորհրդատվություն բիզնեսում ՏՀՏ ներդրման տարբեր թեմաներով։ Երկու օրերի ընթացքում շուրջ 40 զեկուցողներ սեմինարների միջոցով կներկայացնեն առօրյա բիզնեսի համար նախատեսված ՏՀՏ նորագույն լուծումները։ Համաժողովի ողջ ընթացքում կազմակերպիչները կհոգան մասնակիցների անհրաժեշտ նյութերի մատչելիության ապահովման եւ կոնկրետ ընկերությունների հետ հաղորդակցման մասին։

Ի դեպ, մի նորամուծություն, որ կատարել են կազմակերպիչները՝ ցանկանալով նոր մշակույթ ձեւավորել նման ցուցահանդես-համաժողովների համար։ DIgiTec բիզնես- ֆորումին մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել տոմսեր, որոնք մատչելի են ցանկացած գործարարի եւ ընկերության։ Մասնակցության մեկ օրվա տոմսի արժեքը 5000 դրամ է, երկու օրվանը՝ 8000 դրամ։ Այս գումարի մեջ մտնում է ֆորումի սեմինարների եւ թրեյնինգների մասնակցություն, մասնագիտական խորհրդատվություն բիզնեսում ՏՀՏ ներդրման տարբեր ուղղությունների վերաբերյալ, մեթոդական նյութերի տրամադրում։ Այս նորամուծության նպատակն է՝ գործարարի մոտ ձեւավորել այն մտայնությունը, որ սեփական ուժերով ու միջոցներով պետք է նախաձեռնել մասնագիտական առաջընթաց եւ ոչ թե սպասել, որ այդ հնարավորությունն ընձեռի այս կամ այն միջազգային կառույցը։