Արձագանքներ

15/06/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Կրկին արձագանքում է Քրեակատարողական վարչության պետը

ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ Աշոտ Մարտիրոսյանը կրկին արձագանքել է մեր հրապարակումներից մեկին: Բազմազավակ մայր, հաշմանդամ Սիրանույշ Հակոբյանը, ով ապրում է սոցիալապես ծանր վիճակում, «168 Ժամին» խնդրել էր օգնել որդու հարցում: Սիրանույշի որդին` Հովհաննես Ղազարյանը, գտնվում է Կանանց եւ անչափահասների «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Մեր օրերում տարածված երեւույթ դարձած անապահով ընտանիքների երեխաների գողության դեպքերից մեկն էլ Հովհաննեսի հետ կատարվածն է: Պատանիներից շատերը չդիմանալով ծայրահեղ վատ կենսապայմաններին՝ դիմում են գողության, մասնավորապես՝ ալյումինի: Հովհաննես Ղազարյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման: Հունիսի 28-ին լրանում է կալանքի վաղակետ ազատման ժամկետը, հետեւաբար նրան ազատություն շնորհելն ինչ-որ տեղ կախված է քրեակատարողական հիմնարկի ղեկավարության հայեցողությունից: Աշոտ Մարտիրոսյանը` ծանոթանալով մեր հրապարակմանը, ընդունել է Հովհաննեսի մորը` տիկին Սիրանույշին, եւ լսել նրա խնդիրը: Նրա հետ հանդիպումից հետո տիկին Սիրանույշը մեզ զանգահարեց եւ տեղեկացրեց. «Ես չգիտեմ շնորհակալությունս ոնց արտահայտեմ: Նա էնքան բարեհամբույր ու սրտացավորեն ինձ ընդունեց ու լսեց, որ կյանքում չէի պատկերացնի, որ էդքան բարի մարդ ա: Պրն Մարտիրոսյանը խոստացավ, որ որդիս վաղակետ ազատման օրն ազատություն կստանա, հունիսի 28-ին: Ես չգիտեմ, թե ոնց աշխարհով մեկ գոռամ ու ասեմ, որ ամեն ինչ կորած չի, բարի մարդիկ դեռ կան»։ Տիկին Սիրանույշը խնդրեց մեր թերթի միջոցով իր խորին շնորհակալությունը հայտնել Ա. Մարտիրոսյանին: Նա այնքան շփոթված էր, որ անընդհատ կրկնում էր. «Ախր գիտե՞ք, թե ինչ բան ա, որ ջահել երեխաս պիտի չորս տարի նստեր, բայց մի ակնթարթում ասում են, որ մեկ տարի չորս ամիս անցնելուց հետո, մի քանի օրից ազատվում է: Ես ուրախությունից կխելագարվեմ: Թող Աստված էդ մարդու սրտով իրան տա, իմ համար սա շոկ էր: Ես հույս չունեի, որ ինչ-որ մեկը մեր օրերում նեղության մեջ գտնվող մարդկանց ձեռք մեկնելու ցանկություն կունենա»:

Արձագանքել է Առողջապահության նախարարությունը

ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը կրկին արձագանքել է մեր հրապարակմանը: Ֆանարջյան 76 հասցեում ապրող անապահով ընտանիքներից մեկում ապրող Անահիտ Պապոյանն ուղեղի թաղանթի բորբոքման պատճառով ցմահ հաշմանդամություն ունի, հետեւաբար սայլակավոր է: Նրա մայրը` տիկին Հայկուշը, մեզ տեղեկացրել էր, որ Անահիտի առողջական վիճակը կտրուկ վատացել է, եւ նա ներկայումս բուժօգնության խիստ կարիք ունի: «Մենք դիմեցինք Կարմիր խաչին, որ բուժման կուրս անցկացնեն, բայց հերթը շատ մեծ ա, ասեցին՝ պիտի հերթագրվեք»,- մեզ տեղեկացրեց տիկին Հայկուշը: ՀՀ Առողջապահության նախարարության Աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանն, ինչպես միշտ, արագ արձագանքեց մեր խնդրանքին: Վերջինս անմիջապես գրանցեց այս ընտանիքի տվյալները եւ խոստացավ անմիջապես շտապօգնության բրիգադ ուղարկել Անահիտին հիվանդանոց տեղափոխելու համար: Տիկին Հայկուշը մեզ զանգահարելով՝ ասաց. «Անչափ շնորհակալ եմ: Մեզ Առողջապահության նախարարությունից զանգահարեցին ու ինչպես հարկն է Անահիտի հարցին հետամուտ եղան: Խնդրում եմ, շնորհակալությունս հայտնեք, որովհետեւ աղջիկս շատ ծանր վիճակում էր, հույս չունեինք, որ կփրկենք նրա կյանքը»: Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը բավականին հետեւողական է մեր սոցիալական հրապարակումների հանդեպ եւ մշտապես արձագանքում է առողջական խնդիրներ ունեցող մարդկանց բուժումն ապահովելու հարցում: Օրեր առաջ Գագիկ Սայադյանի հանձնարարությամբ՝ նախորդ համարներից մեկում տպագրված նյութի հերոսին՝ Սեւակին, երկու վիրահատություն էին կատարել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Սեւակի տատիկն այնքան հուզված էր հիվանդանոցի անձնակազմի վերաբերմունքից, որ մեզ փոխանցեց. «Նման հոգատար վերաբերմունքի մենք էս երկրում չէինք արժանացել: Երեխային երկու վիրահատություն են կատարել ու էնքան հոգատար են եղել, կարծես իրենց երեխան լինի: Երանի թե միշտ նման վերաբերմունքի արժանանայինք»:

Եվս երկու արձագանք

Աէրացիայի թիվ 7 հանրակացարանի երկու ընտանիքների պրոբլեմներին էլ արձագանքել է «Օրրան» բարեգործական կենտրոնը: Երեկ «Օրրանի» ներկայացուցիչներն այցելել են տիկին Էմմայենց եւ տիկին Կարինեենց բազմանդամ ընտանիքներին` նրանց հատկացնելով հագուստ եւ սնունդ: Վերջիններիս «Օրրանի» ներկայացուցիչներն առաջարկել են երեխաներին դարձնել «Օրրանի» շահառուները, հետեւաբար՝ մշտապես աջակցել նրանց: Իսկ «Գոնե հագուստով կամ սնունդով մի քիչ օգնեին» վերնագրով հոդվածին արձագանքել է Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի թատրոնը: Մեզ զանգահարեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը եւ տիկին Էմմայենց տվյալներն ու հասցեն խնդրեց: Նա տեղեկացրեց, որ թատրոնի անձնակազմը ցանկություն է հայտնել այս ընտանիքին օգնության ձեռք մեկնել: