Հայաստանը կարող է դառնալ փոքրիկ Փարիզ կամ Միլան

22/05/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» մասնաշենքում կայացած հարսանյաց
զգեստների ցուցադրության ժամանակ ներկայացված հավաքածուների մեջ
առանձնահատուկ կոլորիտով եւ նրբաճաշակությամբ տարբերվեց մոդելավորող Նինա
Հովնանյանի հավաքածուն: Ն. Հովնանյանը ներկայացնում է «Հայաստանի գանձեր»
դիզայներների միությունը:

– Ներկայացված հավաքածուն ձեռքի՞ աշխատանք է։
– Այո՛, միանշանակ ձեռքի աշխատանք է: Առհասարակ թանկարժեք կտորներով ենք
աշխատում, որոնց վրա ձեռքով նկարում կամ տպագրում ենք, ձեռագործ են,
հուլունքներով ձեւավորած: Կտորները դրսից բերում ենք, եւ ձեռագործները
այստեղ մշակում են: Ընդհանրապես մեր ցանկությունն է՝ հայ տաղանդավոր
մարդկանց ոսկե ձեռքերն օգտագործել: Արդեն տասը տարի է, ես աշխատում եմ իմ
վարպետների հետ: Կահույքի եւ վարագույրների համար ձեռքի աշխատանքներով
կտորներ ենք պատրաստում, որոնք վաճառվում են Նյու Յորքում:
– Հայաստանից երկարատեւ բացակայելու դեպքում վերադառնալով փոփոխություն
նկատո՞ւմ եք հասարակության գեղագիտական ճաշակի, հագուկապի մեջ:

– Անշուշտ, նկատում եմ: Վերջին տարիներին հասարակությունը նորաձեւության
տեսանկյունից շատ արթուն է, գիտեն, թե ինչն է նորաձեւ, ինչը՝ ոչ, պարզապես
մարդկանց մեջ ինքնավստահության պակաս կա: Ավելի շատ շեշտը դնում են
նորաձեւության ասպարեզի հայտնի անունների վրա, քան թե սեփական ոճի:
Ամսագրերն ուսումնասիրելով՝ մարդիկ կրկնօրինակում են առանց հաշվի առնելու
մի կարեւոր հանգամանք՝ իրենց սազո՞ւմ է, թե՞ ոչ: Թեեւ դա անցողիկ պրոցես
է, որովհետեւ ինքնավստահություն ունենալու համար իր դերակատարությունն
ունի նաեւ շուկան: Մի քանի տարի առաջ շուկայում ընտրության
հնարավորությունը փոքր էր, իսկ հիմա այդպես չէ, ընտրելու հնարավորությունը
նույնիսկ բազմաբնույթ է, եւ դա մարդկանց մեջ վստահություն կառաջացնի:
Մարդիկ պետք է անհատապես նորաձեւ լինեն:
– Ինդիվիդուալիզմ չկա՞:
– Ինդիվիդուալիզմ կա, բայց մարդիկ պետք է անձնական նորաձեւություն
կիրառեն, պետք է անձնական հարմարավետ ոճով հագնվեն: Այսօր հայաստանյան
փոփոխություններն արագ են զարգանում, սկսած քաղաքի արտաքին տեսքից,
վերջացրած մարդկանց հագուկապից:
– Երիտասարդների կրած հագուստի մեջ համարձակություն նկատո՞ւմ եք, թե՞ այնուամենայնիվ կաշկանդվածություն կա:
– Համարձակ հագուստներ կրում են, բայց դրանք տեսնում են ամսագրերի մեջ եւ
ընդօրինակում են: Դա այնքան էլ սեփական ոճ չէ, դա իրենց անձնական ստեղծածը
չէ: Բայց կաշկանդվածություն չեմ նկատում:
– Հեռուստաընկերություններում հաղորդավարների վրա բնականաբար աշխատում
են վիզաժիստներ, մոդելավորողներ, ինչպե՞ս եք գնահատում նրանց աշխատանքը:
Այսօր մեր հաղորդավարները պատրա՞ստ են դուրս գալիս եթեր, նրանց հետ տարվող
աշխատանք տեսնո՞ւմ եք:

– Ինչ տեսնում եմ, լավ է, բայց անկեղծ ասած՝ հեռուստացույց շատ քիչ եմ
նայում, որովհետեւ երկու փոքրիկ երեխա ունեմ եւ 24 ժամ աշխատում եմ,
հոգնում եմ, հեռուստացույց նայելիս քնում եմ:
– Մեր երգիչ-երգչուհիների հետ չե՞ք աշխատում եւ, առհասարակ, նրանց բեմական հագուստների, կեցվածքի մեջ բարձր ճաշակ կա՞:
– Չեմ աշխատում, բայց շատ կցանկանայի նրանց հետ համագործակցել: Բոլորի հետ
էլ կաշխատեի, եթե, իհարկե, վճարեին, անվճար չեմ աշխատում: Շատերի
հոլովակներն եմ նայել, շատերը մեր բարեկամներն են, ամուսնուս մտերիմներն
են, նրանց բեմի վրա չեմ տեսնում, բայց մեր տանը տեսնում եմ խնջույքների
ժամանակ: Տարիներ առաջ Նունե Եսայանին առաջարկել էի, որ կոստյումների
համար աշխատեմ իր հետ, եւ հույս ունեմ, որ այս տարի կստացվի: Ժամանակի հետ
է կապված, շատ զբաղված էի:
– Նորաձեւության համաշխարհային շուկայում 2005 թվականին ո՞ր հագուստն է նորաձեւ:
– Պետք է ասեմ, որ ոչ մի նոր բան չկա, հիմա ամեն ինչ անցյալի, եղածի
հավաքույթ է: Այս տարվա ցուցադրությունների մեջ որեւէ նոր բան չկա,
վերցնում են տարբեր ժամանակաշրջաններից, խառնում են եւ փորձում են նոր բան
ստանալ: Ինձ թվում է, հիմա ամեն ինչ ընդունված է նորաձեւության մեջ, ամեն
ինչ նորաձեւ է:
– Կուտյուրեների ասելիքը սպառվե՞լ է, նոր ասելիք չկա՞:
– Մինչեւ վերջերս այդ faishon tv-ները, ինֆորմացիայի աղբյուրները շատ քիչ
էին: Սպեցիֆիկ ինֆորմացիա կար, որը պետք է ուսումնասիրեիր, որպեսզի
հասկանայիր, թե համաշխարհային նորաձեւության ասպարեզում ինչ է կատարվում:
Հիմա շատ ինֆորմացիա կա, յուրաքանչյուր մարդ մտքերն արտահայտելու,
փոխանցելու ու քննարկելու հնարավորություն ունի: Այնքան ինֆորմացիա կա, որ
ամեն ինչ ընդունվում է, ու շարժում կա:
– Կարծում եք՝ այսօր բեմերում ներկայացվող նորաձեւ հագուստներն առօրյայում կարելի՞ է կրել:
– Իմ հագուստներն՝ այո՛, որովհետեւ դրանք նախատեսված են նաեւ առօրյայում
հագնելու համար: Ամենասկզբում ես սկսեցի դիզայն անել իմ եւ բարեկամներիս
համար, դրանք առօրյայում թե՛ ես, թե՛ նրանք հագնում ենք: Ինչո՞ւ չէ,
ժողովրդի ճաշակը, կենսամակարդակն այնքան է զարգանում, որ նմանատիպ
հագուստներն առօրյայում կրելն օրինաչափ է դառնում: Հայ աղջիկները եւ՛
բարձրահասակ են դարձել, եւ՛ չափազանց գեղեցկացել են: Զարգացումը ոչ միայն
արտաքին տվյալներով է նկատվում, այլ նաեւ՝ ինտելեկտուալ առումով, շատ
խելացի են երիտասարդները: Չնայած ինտելեկտը մեր գեների մեջ կա, հատկապես
կարեւոր է, որ աղջիկները հիմար տիկնիկներ չեն:
– Նորաձեւության ոլորտը մեզանում ե՞րբ կկայանա:
– Վստահ եմ, որ մի քանի տարի հետո շատ դիզայներներ կտեսնեք, մարդիկ
աշխարհում Հայաստանը կճանաչեն իբրեւ դիզայնի կենտրոն, որովհետեւ հայերը
շատ տաղանդավոր են: Մեր միության՝ «Հայաստանի գանձեր» անվանումը
պայմանավորված է հայերի տաղանդավոր լինելով: Այդ անվանումը նաեւ
զբոսաշրջության ոլորտում է քարոզչություն անում եւ օտարերկրյա
քաղաքացիների մոտ Հայաստանը հետաքրքրություն է առաջացնում: Զբոսաշրջիկների
հետ զրույցների ժամանակ նրանք հաճախ հարցնում են՝ ինչո՞ւ Հայաստանում
հայկական ապրանք չկա, որ գնենք: Այսինքն՝ Իտալիա գնալիս գնում ես իտալական
ապրանք, Ֆրանսիայում՝ ֆրանսիական ապրանք, մենք այդ հնարավորությունը
զբոսաշրջիկին չենք տալիս: Մենք շատ տաղանդավոր մարդիկ ունենք, եթե
կարողանանք օգտագործել այդ տաղանդը, ես վստահ եմ, որ օտարները կգան
Հայաստան՝ հայկական ապրանք գնելու, լինի դա հագուստ, պայուսակ, կոշիկ,
կաշվե գործեր, կահույք եւ այլն: Հայաստանն աշխարհում կարող է դիզայնի
լիդեր լինել, եւ վստահ եմ, որ կլինի: Մեզ մոտ նորաձեւության ոլորտը
կայանում է: Հայ ժողովուրդը չի գնահատում տեղական ապրանքը, գնահատում են
նույնիսկ Թուրքիայի կողմից կեղծած իտալական ապրանքը, ինչը շատ սխալ է,
որովհետեւ մեր ապրանքն իսկապես որակյալ է: Պետք է կարողանանք գնահատել մեր
ապրանքը, ոչ թե միայն քննադատենք:
– Դա հայրենասիրության պակա՞ս է, թե՞ տեղական արտադրությունների հանդեպ անվստահություն:
– Ես օրինակով պատասխանեմ. Ժաքլին Քենեդին եւ Դիանա արքայադուստրը
իդեալներ եւ մոդելներ էին: Ժաքլին Քենեդին Ամերիկայի առաջին տիկինն էր եւ
միմիայն ամերիկյան դիզայներների հետ էր համագործակցում: Լեդի Դիանան
նույնպես կառավարությունը կամ երկիրը ներկայացնելիս միայն տեղական
դիզայներների հագուստներն էր կրում, որովհետեւ իր երկիրն էր ներկայացնում
ու պրոպագանդում: Մեր ժողովուրդը պետք է հագնի մեր հագուստը, մեր ապրանքն
օգտագործի, մեր երկիրը պետք է ժողովուրդը զարգացնի: Ինչո՞ւ պետք է մեր
ժողովրդի փողերով ուրիշները հարստանան, թող մեր հայրենակիցները հարստանան:
– Դուք նաեւ զբոսաշրջության ոլորտում եք աշխատում: Դուք նո՞ւյնպես այն
համոզմունքն ունեք, որ Հայաստան գալը համաշխարհային շուկայի գների համեմատ
թանկ է, եւ մեզ մոտ հյուրանոցների պակաս կա:

– Այո՛, թանկ է, բայց մյուս կողմից էլ՝ մենք չենք ցանկանում, որ
միլիոնավոր զբոսաշրջիկներ գան Հայաստան: Հայաստանը փոքր եւ իդեալական
բնություն ունեցող երկիր է, եթե կես միլիոնից ավելի զբոսաշրջիկ գա՝ երկիրը
կփչանա, մենք պատրաստ չենք այդքան մարդ ընդունել: Ավելի լավ է՝ գան թվով
քիչ, բայց ծախսող զբոսաշրջիկներ, քան թե ժլատ, բայց մեծ թվով
զբոսաշրջիկներ: Եթե ամեն ինչ վերացնենք, քանդենք՝ նոր բաներ ստեղծելու
համար, ոչ մի հետաքրքրություն չի առաջանա օտարների մեջ: Մենք մեր
մշակույթը, հուշարձանները, պատմությունն ու բնությունը պիտի պաշտպանենք ու
պաշտենք, որպեսզի մյուս ազգերը նույնպես հարգեն: Հյուրանոցների պակասը
խնդիր է, բայց հիմա տնային պայմաններում օթեւանելու նախագծեր կան:
Այսինքն՝ զբոսաշրջիկները ոչ միայն Երեւանում կմնան, այլեւ մարզերում կմնան
եւ կշրջեն: Նրանք կամ կմնան այդ մարզերի բնակիչների տանը կամ նրանց համար
նախատեսված խրճիթներում: Տուրիզմ է կազմակերպվում ավելի համեստ ձեւերով,
բայց ժողովրդի համար ավելի հարմար, որովհետեւ այն գումարները, որը
զբոսաշրջիկը ծախսում է՝ կմնա հասարակ գյուղացուն: Այս նախագիծն արդեն
գործում է եւ դեռ մեծ զարգացում կունենա մեզ մոտ:
– Զբոսաշրջության ոլորտում գործունեություն կազմակերպելով կարողանո՞ւմ եք աշխարհում պրոպագանդել ձեր հավաքածուները:
– Այո՛, մյուս տարի Փարիզում հայկական օրեր կանցկացվեն, եւ Մշակույթի
նախարարության ներկայացուցիչների հետ խոսեցի, որ պարտադիր կերպով հայկական
նորաձեւության ցուցադրություն լինի: Դա շատ կարեւոր է, հաջողություններ
անպայման կլինեն: Գիտեք, որ «Վալենտինոյի» թիվ մեկ, 35 տարվա դերձակուհին
ազգությամբ հայ էր, ստեղծարարությունը մեր արյան մեջ կա: Մենք պետք է
մշակենք եւ աշխատենք նորաձեւության ասպարեզում: Հայաստանը կարող է լինել
փոքրիկ Փարիզ կամ Միլան: Մեզ մոտ շատ կարի արհեստանոցներ կան եւ, եթե
կարողանան միավորվել, միասին աշխատել, մեծ բում կանեն միջազգային
շուկայում:
– Ձեր հագուստները վաճառո՞ւմ եք, թե՞ արխիվի եք վերածում:
– Եթե գին տան՝ կվաճառեմ:
– Ի՞նչ չափի գումար եք պահանջում:
– Թանկ գին: Իմ ստեղծագործությունները թանկ արժեն, ինչը պայմանավորված է
նաեւ տվյալ հագուստի կամ տնային պարագաների՝ վարագույրների, բարձերի մեջ
օգտագործված թանկարժեք կտորեղենով, հայ վարպետների ձեռքի աշխատանքով եւ,
իհարկե, անհատական դիզայնով: