Լավագույններն ու վատագույնները

15/06/2008

Ապրելակերպի, աշխատանքի եւ կյանքի պայմանների հարցերն ուսումնասիրող «Մերքեր» խորհրդատվական ընկերությունը երեկ հրապարակել է աշխարհի քաղաքների հարմարավետության 2008 թվականի զեկույցը, որի համաձայն` Եվրոպա աշխարհամասում կյանքի ամենավատ պայմանները Բելառուսի մայրաքաղաք Մինսկում են: 182 քաղաքների թվում Անդրկովկասի քաղաքներն ընդգրկված չեն: Անցյալ տարվա զեկույցում Բաքուն համարվել է աշխարհի վատթարագույն քաղաքներից մեկը` առողջապահության եւ սանիտարիայի տեսակետից: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, «Մերքերի» փորձագետները քաղաքներին գնահատական են տալիս շուրջ չորս տասնյակ ցուցիչներով. սպառման ապրանքների եւ պարենի մատչելիությունը, ենթակառուցվածքների, տրանսպորտի, առողջապահական հիմնարկների աշխատանքը, հանգստավայրերի, օդանավակայանների մատուցած ծառայությունների որակը, էկոլոգիան, քաղաքական-տնտեսական վիճակը եւ այլն: «Մերքերի» 2008 թվականի հետազոտության տվյալներով` հարմարավետության տեսակետից աշխարհում առաջատարը եվրոպական քաղաքներն են: Առաջին հինգ տեղում են Ցյուրիխը (Շվեյցարիա), Վիեննան (Ավստրիա), Ժնեւը (Շվեյցարիա), Վանքուվերը (Կանադա) եւ Օքլենդը (Նոր Զելանդիա): Աշխարհի վատագույն քաղաքներ են համարվել Չադի մայրաքաղաք Նջամենան, Սուդանի մայրաքաղաք Խարթումը, Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգին, իսկ կյանքի պայմանների տեսակետից բոլոր քաղաքներից ամենավատը ճանաչվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադը։