Այց քրեակատարողական հիմնարկ

15/06/2008

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ այցելել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ ընդունել է «Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում սպանություններով, հրկիզումներով, բռնությամբ, ջարդերով զուգորդված զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված ՀՀ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին, ինչպես նաեւ՝ Գագիկ Ջհանգիրյանին եւ Արարատ Զուրաբյանին: Գլխավոր դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ` ընդունելության ընթացքում, ՀՀ գլխավոր դատախազի հարցումներին ի պատասխան, կալանավորները հայտնել են, որ որեւէ բողոք չունեն քրեակատարողական հիմնարկի պայմանների, վարչակազմի վերաբերմունքի, նախաքննություն իրականացնող մարմնի վերաբերյալ, դժգոհություններ չեն ներկայացրել նաեւ իրենց առողջական վիճակի հետ կապված: «Նրանցից ոմանք առանձին հարցեր են շոշափել՝ կապված իրենց առաջադրված մեղադրանքների ծավալի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: