Շոուն շարունակվում է

15/06/2008

Երեկ Ազգային ժողովը 86 կողմ, 6 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Երթեր, ցույցեր եւ հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքի փոփոխությունները: Օրինագծին դեմ են քվեարկել «Ժառանգություն» խմբակցության անդամները եւ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Հիշեցնենք, որ այս փոփոխություններն ընդունվել են ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի առաջարկների հիման վրա եւ իշխանությունների կողմից ներկայացվում են՝ որպես արտակարգ դրության ժամանակ` մարտի 17-ին, օրենքում կատարված սահմանափակումների մեղմացում: Մինչդեռ, ընդդիմությունը բազմիցս հայտարարել է, որ սրանք ընդամենը կոսմետիկ փոփոխություններ են եւ կատարվում են բացառապես ԵԽ ԽՎ 1609 բանաձեւի պահանջների կատարման իմիտացիա ստեղծելու համար: Ի դեպ, հայտնի չէ` արդյոք օրենքի փոփոխություններն ուժի մեջ կմտնե՞ն մինչեւ ընդդիմության` հունիսի 20-ին կայանալիք հանրահավաքը, քանի որ երեկ ընդունված օրինագիծը նախագահի կողմից պետք է հաստատվի 21 օրվա ընթացքում: Ոմանք կանխատեսում են, թե այն կվավերացվի առաջիկա օրերին` ԵԽ ԽՎ նստաշրջանից առաջ բանաձեւի կատարման տպավորությունն ավելի համոզիչ դարձնելու համար: Ոմանք էլ նման հնարավորությունը համարում են քիչ հավանական. սահմանափակումների թեկուզ կոսմետիկ փոփոխությունները, դիտորդների կարծիքով, կարող են նպաստել ընդդիմության հանրահավաքի էլ ավելի մարդաշատ լինելուն, ինչից, բնականաբար, իշխանությունները խուսափում են: