ԱԺ պատգամավորների եւ կառավարության անդամների երեկվա հերթական հարցուպատասխանին ներկա վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց ընդամենը մեկ պատգամավորի հարցի: Նա երեկ եւս խուսափեց լրագրողների հետ հանդիպումից:
Հիշեցնենք, որ Տ.Սարգսյանը վարչապետ դառնալուց հետո ընդամենը մեկ անգամ է հանդիպել լրագրողների հետ, այն էլ` գազի թանկացման մասին հայտարարելիս: Դրանից հետո նա ԱԺ գալիս ինչ-որ միջոցներ, թաքուն ուղղություններ է գտնում Նիստերի դահլիճից դուրս գալու համար: Երեկ նույնպես լրագրողները` հույս ունենալով, որ վարչապետը բարձր տրամադրություն ունի եւ կպատասխանի հարցերին, նրան սպասում էին ԱԺ Նիստերի դահլիճի այն դռան մոտ, որտեղից սովորաբար դուրս են գալիս կառավարության անդամները: Իսկ Տ. Սարգսյանի բարձր տրամադրության պատճառն այն էր, որ երեկ նա որդի էր ունեցել եւ դարձել երեք երեխաների հայր: «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը շնորհավորեց Տ.Սարգսյանին եւ ասաց, թե «վարչապետը գոնե այս հարցով իրենց հույսերն արդարացրել է»: «Հուսով եմ, որ օրինակ կծառայեմ բոլորի համար»,- պատասխանեց Տ.Սարգսյանը եւ այս անգամ էլ դահլիճից դուրս եկավ մեկ այլ դռնից ու հեռացավ: Իսկ ընդհանրապես Տիգրան Սարգսյանը որոշել է շատ քիչ շփվել իրեն անհարմար հարցեր տվող լրագրողների հետ: Եվ ելքեր փնտրելու համար նա հիմա եվրոպական փորձն է ուսումնասիրում: Այն դեպքերում, երբ ներկայացնում է իր կառավարության «հավակնոտ» ծրագրերը, տնտեսության «բարձր աճի» ցուցանիշները, հարկային ու մաքսային ծառայություններում հայտարարում է, թե մաքսավորն ու հարկային ծառայողը չպետք է հովանավորչությամբ կամ բիզնեսով զբաղվեն, իր հետ անպայման պատասխանատու լրագրողների խումբ է տանում: Մինչդեռ Տ.Սարգսյանը վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո մի քանի անգամ հայտարարել է լրատվամիջոցների հետ բաց ու թափանցիկ աշխատելու «պատրաստակամության» մասին: Հայտարարել է, բայց անձամբ այս հարցում դեռ օրինակ չի ծառայել:
Իսկ պատգամավորները նախարարներին ուղղված շատ հարցեր ունեին, որոնցից մի քանիսը եւ դրանց տրված պատասխանները ներկայացնում ենք ստորեւ:
«Ինչո՞վ է հիմնավորվում Թեղուտի հանքի շահագործման բացառիկ գերակա շահ լինելը, եթե լիարժեք կերպով հաշվի չեն առնվել այդ գործունեության էկոլոգիական, սոցիալական եւ տնտեսական օգուտներն ու վնասները: Ո՞ւմ է պատկանում «Վալեքս» ընկերության 81 տոկոսը: Որքանո՞վ է հիմնավորված «Արմենիա քափըր պրոգրամ» ընկերության հետ պայմանագրի կնքումը, եթե ընկերությունը 10 տարի առաջ կառավարության հետ կնքած պայմանագիրը չի կատարել՝ Ալավերդու Պղնձամոլիբդենային գործարանի պղնձաձուլարանը ժամանակակից չափանիշներով գործարկելու պայմանը, ինչու է ընկերությունը 1 ք/մ հողը գյուղացիներից գնում ընդամենը 36 դրամով»,- հարցրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: «Կառավարության կողմից գերակա շահ ճանաչվելու արդյունքում օրենքով սահմանված կարգով գնահատվել է եւ տեղի է ունեցել շուկայական արժեքի հատուցում, որի արդյունքում հնարավոր կդառնա իրականացնել ծրագիրը: Ո՞ւմ է պատկանում ընկերության բաժնետոմսերի 81 տոկոսը: Անկեղծ ասած՝ չէի ուզի այս հարցը կապել ո՛չ շահագործման, ո՛չ էլ բնապահպանական խնդիրների հետ, բայց եթե ձեզ շատ է հետաքրքրում` կճշտեմ եւ ձեզ կհաղորդեմ»,- հարցերին պատասխան տվեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
ՀՅԴ խմբակցության անդամ Արտյուշա Շահբազյանին էլ հետաքրքրում էին Հայաստանում տեղի ունեցող գնաճի պատճառները, եւ թե ինչու միջազգային շուկայում տեղի ունեցող գների նվազումը համարժեք դրսեւորում չի գտնում մեր երկրում: «Հասկանալի է, որ եթե մենք ուզում ենք արդյունավետ եւ արագ լուծել աղքատության խնդիրը ՀՀ-ում, սպառողական ապրանքների գների աճը լուրջ վտանգի տակ է դնում կառավարության այդ ծրագիրը: Դա նշանակում է, որ այդ խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է: Ես խորհրդարանին զեկուցել էի, որ համապատասխան հանձնարարականներ է տրված մեր նախարարներին, որպեսզի նրանք պատրաստեն առաջարկություններ, թե ինչպես մենք կարող ենք դիմակայել այս մարտահրավերներին: Ընդհանրապես համաշխարհային շուկաներում մենք տեսնում ենք, որ ապրանքների գների կտրուկ տատանումներ կան, եւ մենք դեռեւս չենք կարողացել համաշխարհային շուկաներից եկող գնաճային ճնշումները նվազեցնել»,- հարցին պատասխանեց Տիգրան Սարգսյանը: