Ինչպե՞ս երեք օրում խաբել եւրոպացիներին

15/06/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ առավոտյան ՀՀ ԱԺ-ն` ընդունելով «ժողովներ, երթեր, ցույցեր եւ հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքի մասնակի փոփոխությունները` անցավ ԵԽ ԽՎ 1609 բանաձեւի մեկ այլ պահանջի «կատարմանը»:

Հայրենի պատգամավորները երեկ գրեթե ամբողջ օրը քննարկեցին մարտի 1-ի իրադարձությունների պատճառներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը հեղինակել էին Վիկտոր Դալլաքյանն ու կոալիցիոն 4 խմբակցությունների ներկայացուցիչները: Որոշման նախագծի համաձայն՝ հանձնաժողովը պետք է ունենա 11 անդամ`ԱԺ յուրաքանչյուր խմբակցությունից 2 պատգամավոր եւ մեկ անկախ պատգամավոր: Արդեն կուլիսային խոսակցություններ կան, որ կոալիցիոն խմբակցությունները որոշել են, թե ովքեր են դառնալու այդ հանձնաժողովի անդամները: Այդ խոսակցությունների համաձայն, ՀՀԿ-ն առաջարկելու է Սամվել Նիկոյանի եւ Հերմինե Նաղդալյանի թեկնածությունը: Ընդ որում, ըստ այդ լուրերի, Ս.Նիկոյանը պետք է լինի հանձնաժողովի նախագահ: «Բարգավաճ Հայաստանից» հանձնաժողովին անդամակցելու են Նաիրա Զոհրաբյանն ու Արամ Սաֆարյանը, ՀՅԴ-ից՝ Լիլիթ Գալստյանն ու Արտյուշա Շահբազյանը, ՕԵԿ-ից` Հովհաննես Մարգարյանն ու Արտաշես Ավոյանը, «Ժառանգությունից» էլ՝ Արմեն Մարտիրոսյանն ու Զարուհի Փոստանջյանը: «Ժառանգությունը», սակայն, համաձայն չէ անդամների բաշխման այս կարգի հետ եւ հանձնաժողովում հավասարակշռությունը պահպանելու ու ժողովրդի վստահությունը վայելելու համար առաջարկում է 50-50 տարբերակ. ըստ այդմ, առաջարկվում է, որ հանձնաժողովը ունենա 5 անդամ իշխանական կոալիցիայից, 5 անդամ ընդդիմությունից, հանձնաժողովի 1 տեղ էլ տրվի որեւէ անկախ պատգամավորի: Ընդ որում, շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ հանձնաժողովի անդամ անկախ պատգամավորն էլ պետք է լինի Վիկտոր Դալլաքյանը: Վերջինս էլ երեկ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի հետ միասին ներկայացրեց իր հեղինակած նախագիծը եւ հայտարարեց, թե հավակնություններ չունի դառնալ այդ հանձնաժողովի անդամ: Եվ Վ. Դալլաքյանը, եւ Դ. Հարությունյանը դեմ արտահայտվեցին առաջարկված 50-50 տարբերակին: «Ժառանգության» պատգամավորներն ունեին բազմաթիվ այլ առարկություններ եւս` նոր ստեղծվելիք հանձնաժողովի ոչ միայն կազմի, այլեւ գործունեության վերաբերյալ: Զ.Փոստանջյանը հարց ուղղեց, թե չե՞ն կարող արդյոք մարտի 1-ից հետո ձերբակալված պատգամավորները` Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը եւ Սասուն Միքայելյանը, նույնպես լինել այդ հանձնաժողովի անդամ: Ի պատասխան, Վ.Դալլաքյանն ասաց, թե հասկանում է հարցի ենթատեքստը, որովհետեւ «դպրոցում վատ չի սովորել»: Դ.Հարությունյանն էլ հայտարարեց, թե հանձնաժողովի անդամ լինելը անձեռնմխելիությունից զրկված պատգամավորներին որեւէ օգուտ չի տա, որովհետեւ նրանց խափանման միջոցն ու մեղադրանքները, միեւնույն է, մնալու են նույնը: Զ. Փոստանջյանը հարցրեց նաեւ, թե ի՞նչ կարծիք ունեն նախագծի հեղինակները հանձնաժողովի աշխատանքները եթերով լուսաբանվելու վերաբերյալ: Այդպիսով, ըստ պատգամավորի, հասարակությունը հնարավորություն ունենա «ձեռքը պահել զարկերակի վրա»: Զ. Փոստանջյանին հետաքրքրում էր նաեւ օրինագծի հեղինակների վերաբերմունքը հանձնաժողովի աշխատանքներին նախկին պատասխանատու պաշտոնյաներին հրավիրելու գաղափարի վերաբերյալ: «Օրինակ, ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին բարեկամորեն խնդրենք մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին»,- առաջարկեց Զ.Փոստանջյանը: Վ.Դալլաքյանն ասաց, թե ոչ միայն Հ.Հարությունյանը, այլ նաեւ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն եւ նրա թիկնազորի պետ Գրիգորի Սարկիսյանը պետք է հրավիրվեն: Դ.Հարությունյանը դժվարացավ պատասխանել հանձնաժողովի աշխատանքների լուսաբանման մասին հարցին, բայց ասաց, թե դեմ է հանձնաժողովի աշխատանքները շոուի վերածելուն: «Ժառանգության» մեկ այլ պատգամավոր՝ Վարդան Խաչատրյանն էլ գտնում է, որ հանձնաժողովում պետք է ներկայացված լինի նաեւ արտախորհրդարանական ընդդիմությունը: «Խոսքը վերաբերում է համաժողովրդական շարժման մասնակիցներին»,- ընդգծեց նա: Վ.Խաչատրյանը կարծում է, որ հանձնաժողովի կազմավորման ու աշխատանքների հարցում կարելի է գտնել փոխզիջման տարբերակներ: Բնականաբար, կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ՝ անկախ պատգամավոր Վ. Դալլաքյանը դեմ էին «Ժառանգության» գրեթե բոլոր առաջարկներին ու հարցապնդումներին: Նրանք նաեւ ընդդիմությանը մեղադրեցին մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված խնդիրները «սեփականաշնորհելու» մեջ: Վ.Դալլաքյանը նույնիսկ «Ժառանգությանը» հակադարձեց` ասելով, թե խոսելու փոխարեն՝ կարող էին իրենք ներկայացնել այդ որոշման նախագիծը: «Սա վազքի մրցում չէ, որ ով առաջինը ներկայացնի նախագիծը` նա էլ հաղթողն է: Մենք լավ հասկանում ենք, որ դա կախված է ԱԺ մեծամասնության կամքից»,- ի պատասխան՝ հայտարարեց «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանը` մտահոգություն հայտնելով, որ եթե այդ նախագիծն իրենք ներկայացնեին, գուցեեւ ԱԺ մեծամասնության կողմից աջակցություն չստանային: Վ.Խաչատրյանն էլ հայտարարեց, որ «Ժառանգությունը» ձեռնպահ է քվեարկելու մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ նախագծին: Եվ եթե հանձնաժողովի աշխատանքները միտված լինեն մարտիմեկյան հանցագործությունների պարտակմանը, ապա պատգամավորի վստահեցմամբ՝ իրենք դուրս կգան, քանի որ չեն կարող «անարդարացիության բեռի տակ շարունակել հայկական պետականության զարգացումը»:

Իսկ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծն ԱԺ-ում քվեարկության է դրվելու այսօր: Բնականաբար, ԱԺ մեծամասնության կողմից այն կընդունվի նույնպիսի խանդավառությամբ, ինչպես ԵԽ ԽՎ բանաձեւի պահանջների հետ կապված մյուս օրինագծերը: Ի դեպ, օրինագծի հեղինակները նախատեսում են, որ հանձնաժողովն իր աշխատանքների հաշվետվությունը պետք է ներկայացնի հոկտեմբերին: Այսպիսով, ԱԺ-ն գարնանային նստաշրջանի վերջին քառօրյայում ընդունեց միանգամից երեք օրինագծեր, որոնցով իբրեւ թե կատարվեցին ԵԽ ԽՎ 1609 բանաձեւի պահանջները: Երկուշաբթի օրը խորհրդարանն ընդունեց «ընդդիմության լիազորություններն ավելացնող» ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխությունները, երեկ` հանրահավաքներ անցկացնելու մասին օրենքի մասնակի փոփոխությունները, այսօր էլ կընդունի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման նախագիծն ու կգնա հանգստի: Իհարկե, եթե մոտ մեկ շաբաթ հետո կայանալիք ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանը չխաթարի այդ «վաստակած» հանգիստը: